«Բաթումելեբի» լրատվամիջոցի խմբագիր Էթեր Թուրաձեն հանդիպում է պահանջում գլխավոր դատախազի հետ։ Նա ասել է, որ ցանկանում է Գիորգի Գաբիտաշվիլիին տեղեկություններ տրամադրել Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«Ես խնդրում եմ գլխավոր դատախազին հանդիպել ինձ հետ։ Կցանկանայի նրա հետ կիսվել Մզիայի առողջական վիճակի վերաբերյալ իմ ունեցած տեղեկությամբ, ինչպես նաև այլ տեղեկություններով, որոնց այս պահին նա կարող է չտիրապետել: Ես նրան կոչ եմ անում մի քանի րոպե գտնել ինձ հետ հանդիպելու համար»,- ասել է Էթեր Թուրաձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում։
«Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին արդեն 15 օր է՝ բանտում հացադուլ է անում և մտադիր չէ դադարեցնել բողոքի այս ծայրահեղ ձևը։ Էթեր Թուրաձեի խոսքով՝ դա լուրջ վտանգներ է պարունակում նրա առողջության համար։
«Ես տեղեկություն ունեմ երեկվանից, վերջին տեղեկությունը, որ կա, և այս դեպքում հիմնվում եմ հանրային պաշտպանի վրա՝ Մզիան կայուն տեսք ունի, նա շարունակում է՝ պահպանելով բողոքի այս ձևը։ Սա շատ վնասակար իրավիճակ է Մզիայի առողջության համար, քանի որ նա ունի մի քանի խրոնիկ հիվանդություններ, և չնայած նրան, որ ասում են, որ նա կայուն տեսք ունի, նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելու վտանգը շատ բարձր է», - դիմել է Էթեր Թուրաձեն թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ կոչ անելով ուշադրությամբ հետևել բանտարկյալի առողջական վիճակին։
Լրագրողները երկու շաբաթից ավելի ամենօրյա բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով փոխել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, ազատ արձակել ապօրինի կալանավորված իրենց գործընկերոջը։ Մի քանի օր առաջ, բանտում Ամաղլոբելիին այցելելուց հետո, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտին ասել էր, որ անհիմն է համարում նախնական կալանքի շարունակությունը։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ շենքի պատին պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ Փաստաբանների խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։
Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և Մզիա Ամաղլոբելիին դատապարտել երկամսյա նախնական կալանքի։ Հանրային պաշտպանի և փաստաբանների գնահատմամբ՝ վերոհիշյալ որոշումն անհիմն է։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» որոշումը բողոքարկել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում, սակայն դատարանը մերժել է բողոքը քննարկել։
Իրավապաշտպանները կարծում են, որ Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ նրա արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։
Հատուկ քննչական ծառայությունը Իրակլի Դգեբուաձեի նկատմամբ հետաքննություն է սկսել լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Մզիա Ամաղլոբելիի փաստաբաններն ու գործընկերները պահանջում են գործը պատշաճ կերպով որակել և հետաքննել անմարդկային վերաբերմունքի փաստը և կասեցնել ոստիկանապետի լիազորությունները քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։