Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կմիանա Ազատության հրապարակում կառավարության նախատեսած միջոցառմանը, որտեղ կպարգևատրի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաստանի նախագահն այսօր կմիանա ժողովրդական տոնակատարությանը և կպարգևատրի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին և ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին։

Նախագահը պատվո շքանշաններ և մեդալներ կհանձնի բոլոր այն անձանց, ովքեր պետական ​​մրցանակի են առաջադրվել պատմական մարզական նվաճումների՝ 2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու, վրացական ֆուտբոլը զարգացման բոլորովին նոր մակարդակի հասցնելու և դրա հանրայնացման գործում հատուկ անձնական ներդրում ունենալու համար»,- ասել են նախագահի աշխատակազմից։

Ֆուտբոլի ազգային հավաքականին նվիրված միջոցառումը, որն անցկացվում է կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, կմեկնարկի ժամը 22:00-ին՝ Ազատության հրապարակում։ Մինչ այդ, ժամը 21:30-ից ֆուտբոլիստները Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտից բաց ավտոբուսով կսկսեն շարժվել և Ճավճավաձեի պողոտայով կգնան Ազատության հրապարակ։

«Բոլոր ֆուտբոլիստները կլինեն բեմում, նրանք հնարավորություն կունենան դիմելու երկրպագուներին, կհնչի Վրաստանի օրհներգը։ Միջոցառումը կավարտվի շքեղ հրավառությամբ, այսպիսով ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը կհայտնենք մեր պատվավոր ֆուտբոլիստներին»,- ասացին կառավարության ղեկավարությունից։

Վրաստանի հավաքականը Գերմանիայից վերադարձել է այսօր՝ հուլիսի 2-ի առավոտյան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել են երկրպագուները, սակայն վերջիններս չեն կարողացել տեսնել ֆուտբոլիստներին։

 

Մարտի 27-ին՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուց մեկ օր անց, վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նախագահի աշխատակազմ են ուղարկել Պատվո շքանշանով պարգևատրվողների 53 անձանց ցուցակը։ Նախագահի աշխատակազմը մայիսի 23-ին հրամանագրեր է հրապարակել, որտեղ ընդամենը 40 մարդ է ընդգրկվել Պատվո շքանշանակիրների ցուցակում։ Այդ պատճառով Սալոմե Զուրաբիշվիլին քննադատության է ենթարկվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» մյուս անդամների կողմից։

«Ակտերի կամ հրամանագրերի վերաբերյալ բոլոր շահարկումները նախագահին վարկաբեկելու միտումնավոր փորձ են... Ինչ վերաբերում է պարգևատրմանը, ապա նախագահն անձամբ կպարգևատրի մրցանակի առաջադրված բոլոր անձանց սեպտեմբերին Օրբելիանիի պալատում, դա կլինի հանրային տոն»,- ասել են նախագահի աշխատակազմից։

Հայտարարություն է տարածել նաև Ֆուտբոլի ֆեդերացիան, որտեղ նշվում է, որ ֆեդերացիայի թիմը կմասնակցի մրցանակաբաշխությանը «միայն այն կազմով, որի կազմով յուրաքանչյուր անդամ, ներկայացված ցուցակում, ընդգրկվել է այս հաջողության մեջ իր ներդրման համար»։

Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, F խմբում երեք հանդիպում անցկացրեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հունիսի 18-ին Վրաստանը 3:1 հաշվով պարտվեց Թուրքիային, հունիսի 22-ին 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ, իսկ հունիսի 26-ին 2:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ։ Հունիսի 30-ին 1/8 եզրափակչում ազգային հավաքականը հանդիպեց Իսպանիային։ Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով։ Այսպիսով՝ Վրաստանը դուրս մնաց Եվրո-2024-ից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):