1 լարիով ձեռք բերված Շալվա Պապուաշվիլիի անտառն ու կալվածքները - Հատուկ ռեպորտաժ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ինչպես է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Կախեթիում՝ Ալազանի գետի ափին, 1 լարիով գնել 100 հազար քառակուսի մետր անտառ, երբ նույն տարածքում 1 քառակուսի մետր հողի գինը 5 դոլար է։ Կպատմենք, թե ինչպես է պատգամավորը խաբել պետությանը և ինչպես է խուսափել բյուջեում հավանաբար մեծ քանակությամբ հարկեր վճարելուց։

Այս թեմայի առնչությամբ խորհրդարանի նախագահը մի քանի օր շարունակ քննադատում է «Բաթումելեբի» լրատվականին, որն առաջինն էր տեղեկություն տարածել Պապուաշվիլիի հնարավոր հանցագործության մասին։

Որպես պատասխանատու լրատվամիջոց, «Բաթումելեբիի» կողմից անճշտություն թույլ տալու մասին հայտարարությունից հետո, Շալվա Պապուաշվիլին հատուկ օգտագործում է այս փաստը «գործակալների մասին» ռուսական օրենքի անհրաժեշտությունը ապացուցելու համար և դրանով փորձում է կոծկել մի կարևոր դեպք, որը դատախազությունը մինչ այս էլ պետք է հետաքններ։

 

Գույքի հայտարարագրում չհաստատված տեղեկություն

Սեփականության հայտարարագրերում Շալվա Պապուաշվիլին նշում է, որ 2011 թվականից 200 հազար քառակուսի մետր անտառի և 100 հազար քառակուսի մետր հողատարածքի փաստացի համասեփականատեր է։

Image

Խորհրդարանի նախագահի հայտարարագիրը

Եթե ​​հիմնվենք Պապուաշվիլիի հայտարարագրում ներառված տեղեկատվության վրա, ապա նա այդ կալվածքները ձեռք է բերել «Ազգային շարժման» իշխանությունից հեռանալուց մեկ տարի առաջ։

Սակայն, Հանրային ռեգիստրի գործակալությունից պահանջված նյութերում որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել, որը կհաստատի, որ Պապուաշվիլին այդ հողերի համասեփականատերն է 2011 թվականից։ Պապուաշվիլին մեզ նման փաստաթուղթ չի տրամադրել անգամ մեր գրավոր դիմումին ի պատասխան։

Քաղաքացիական գործողությունների կենտրոնի իրավաբան Վլադիմիր Քութաթելաձե. «Փաստացի համասեփականություն տերմինը ճիշտ չէ և չի համապատասխանում քաղաքացիական օրենսդրությանը։ Սեփականության իրավունքը ծագում է գրանցամատյանում գրանցման պահից, իսկ եթե մինչ այդ ունեցել են սեփականության որևէ փաստաթուղթ, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ եղել կնքել առքուվաճառքի պայմանագիր, երբ այդ փաստաթղթով հնարավոր կլիներ գրանցվել»։

Ի՞նչ կարիք կար, որ Շալվա Պապուաշվիլին սեփականության հայտարարագրերում սխալ տեղեկություններ հրապարակեր, որ ինքը 2011 թվականից այդ հողերի փաստացի համասեփականատերն է եղել, իսկ 2020 թվականին միայն, դրանք գրանցել է որպես սեփականություն։ Շարժվենք հերթականությամբ.

 

20 հեկտար անտառ՝ 1201 լարիով

Image

Սա այն խիտ անտառն է՝ բազմամյա ծառերով պատված տարածքը, որը Պապուաշվիլին իր սեփականությունում ձևակերպել է որպես արոտավայր։ Անտառը մի կողմից եզերվում է Սիղնաղի-Լագոդեխի մայրուղով, մյուս կողմից՝ Ալազանի գետով։

Հանրային ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի համաձայն՝ Սիղնաղիի Վակիրի գյուղում 2004 թվականին՝ «Ազգային շարժման» իշխանության գալուց անմիջապես հետո, 20 հա անտառ և նույնքան արոտավայր 49 տարվա վարձակալությամբ փոխանցվել է Զուրաբ Պապուաշվիլիին՝ Շալվա Պապուաշվիլիի հորեղբոր որդուն։

2011 թվականին, մինչև իշխանությունից «Ազգային շարժման» հեռանալը, պետությունը ողջ քառասուն հեկտարը վաճառել է Զուրաբ Պապուաշվիլիին, այդ թվում՝ 20 հեկտար անտառի համար Պապուաշվիլին վճարել է 1201 լարի՝ մեկ հեկտարի գինը կազմել է 60 լարի։


Ձևական գործարք

2020 թվականի դեկտեմբերին Շալվա Պապուաշվիլին, երբ նա արդեն «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրվել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, առքուվաճառքի պայմանագիր է կնքել իր զարմիկի՝ Զուրաբ Պապուաշվիլիի հետ։ Պայմանագրում գրված է, որ Շալվան Զուրաբից 1 լարիով գնել է 10 հեկտար անտառ, ինչպես նաև 10 հա վարելահողի համար վճարել է 1 լարի։ Արդյունքում 20 հեկտարի դիմաց ընդհանուր վճարել է 2 լարի։

Եթե ​​զարմիկները միմյանց իրական նվիրատվություն անեին, այլ ոչ թե 1 լարիով առքուվաճառք կատարեին, ապա, ըստ օրենքի, Շալվա Պապուաշվիլին, որպես նվեր ստացող՝ պետք է եկամտահարկ վճարեր։

Այդ իսկ պատճառով փաստաբանները կարծում են, որ կեղծ գործարք կնքելով՝ նա խաբել է պետությանը և խուսափել հարկեր վճարելուց։

Վլադիմիր Քութաթելաձե, փաստաբան. «Պարզ է, որ այդ վայրում այս չափի գույքի շուկայական արժեքը չի կարող լինել 1 լարի։ Հետևաբար, դա իրականում նվեր է, որը քողարկված է առքուվաճառքով: Նվերը ենթակա է հարկման, իսկ առուվաճառքի պայմանագրով գնված գույքը հարկման ենթակա չէ: Ուստի կարելի է համարձակ ենթադրություն անել, որ դա կարող էր հարկերից խուսափելու փորձ լինել»։

Հարկերից խուսափում

Եկամտահարկը կազմում է հողամասի շուկայական արժեքի 20%-ը։ Մենք ուսումնասիրել ենք Սիղնաղիի շրջանի Վաքիր գյուղի հողատարածքների իրական շուկայական արժեքը, այդ թվում՝ Շալվա Պապուաշվիլիի կալվածքների հարևանությամբ գտնվող հողամասերի իրական շուկայական արժեքը 2020 և 2024 թվականների դրությամբ։ Ներկայում հողի գներն ավելի ցածր են, քան 2020 թվականին։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց հետո վրացական ցորենն էժանացել է, գյուղացիները դժվարությամբ են վաճառում բերքը, ինչի պատճառով Սիղնաղիի և Դեդոփլիսծղարոյի շրջաններում հողերի գները նվազել են։

Ծնորիում աշխատող «մակլերները» մեզ հետ զրույցում ասում են, որ 1 քառակուսի մետր հողի գինը հիմա մոտ 5 դոլար է, իսկ 2020 թվականին տատանվել է 6 դոլարի սահմաններում։

Մենք զրուցել ենք նման երեք անձանց հետ, ովքեր զբաղվում են հողի առքուվաճառքով։ Տեսել ենք նաև հանրային հրապարակված հայտարարություններ, ըստ որոնց՝ Ծնորիում մեկ քառակուսի մետր հողի գինը 5-6 դոլարից շատ ավելի բարձր է։

Image

Եթե ​​մեկ քառակուսի մետր հողի նվազագույն գինը հաշվենք ոչ թե 5 դոլարով, այլ 5 լարիով՝ երեք անգամ ավելի էժան, ապա Շալվա Պապուաշվիլիի կողմից 1-ական լարիով գնված անտառի ու վարելահողերի ընդհանուր արժեքը հասնում է 1 միլիոն լարիի։ Ըստ այդ հաշվարկների՝ Շալվա Պապուաշվիլին բյուջե պետք է վճարեր առնվազն 200 հազար լարի։

Պապուաշվիլին չի պատասխանել գրավոր հարցին՝ արդյո՞ք խուսափել է պետական բյուջե հարկեր վճարելուց։ Խորհրդարանի նախագահը Բաթումիում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նույնպես չի պատասխանել այս հիմնական հարցին։ Նա միայն ասել է, որ սուտ է, իբր ինքը 1 լարիով՝ օրենքը շրջանցելով է սեփականությունում ձևակերպել գույքը։

Եկամուտների ծառայությունից մեզ ասացին, որ գործը հին է, քանի որ գործարքից անցել է ավելի քան 3 տարի։

Սակայն, խոշոր չափի հարկերից կանխամտածված խուսափելը պատժվում է նաև քրեական օրենքով։ Օրենսդրությունը մեծ գումար է համարում, երբ հարկը գերազանցում է հարյուր հազար լարին։ Այստեղ վաղեմության ժամկետը մինչև 2025 թվականի վերջն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։