Լրագրողների զանգվածային արտագաղթ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի հուղարկավորությունը / Լուսանկարը՝ Զուրաբ Քուրցիկիձեի

Նյարդայնություն, վախ, սով, փողոցում քնել... սարսափի միջով եմ անցել, ասում է Գուգա Դվալիշվիլին։ Նա հավատում էր, որ կհասնի Ամերիկա և դրա համար մեկնեց Կոլումբիա։ Սպասելով սահմանի ուղեկցորդին նա գիշերներ է անցկացրել հյուրանոցում, որտեղից գրեթե դուրս չի եկել։ Ստիպված է եղել մնալ նարկոկարտելների բնակավայրում։ Նրան զգուշացրել են, որ թրաֆիքինգով զբաղվողները կարող են իրեն առևանգել և վաճառել։ Գուգան լրագրող է, ով իր տասնյակ գործընկերների նման ստիպված արտագաղթել է։

«Այստեղ հասնելու համար ես 12 երկիր եմ անցել»

Լևան Կալանդիան տարիներ շարունակ եղել է «Ռուսթավի 2»-ի, ապա «Մթավարի արխի»-ի հեռուստաօպերատորներից։ Նա աշխատել է ամենաթեժ կետերում՝ հակամարտություններ, պատերազմ, հանրահավաքներ։ Այժմ նա նույնպես էմիգրացիայի մեջ է, աշխատում է իռլանդական Լետերկեն քաղաքի ավտոպահեստամասերի գործարանում՝ մամլիչ մեքենայի վրա։

«Սկզբում ես ուզում էի մեկնել Կանադա։ Ծանոթների միջոցով գնացի մի կնոջ մոտ։ Նա խոստացավ օգնել ինձ վիզա ստանալու հարցում։ Սկզբում եկա Լեհաստան, հետո Գերմանիա։ Ես ճամփորդել եմ 12 երկիր՝ սպասելով Կանադայի վիզային: Ոչինչ դուրս չեկավ։ Կորցրեցի մեծ գումարներ և վերջում հայտնվեցի Իռլանդիայում:

Վերջին 5 տարում առնվազն 60 լրատվամիջոցների ներկայացուցիչներ են լքել երկիրը։ Ցուցակը թերի է և աճող։ Նրանցից շատերը արտերկրում հանձնվել են որպես փախստական ​​կամ քաղաքական վտարանդի։ Այս նպատակին հասնելու համար ոմանք ստիպված են եղել խախտել օրենքը:

«Վրաստանի լուրերը» կապ է հաստատել արտագաղթած լրագրողների մեծ մասի հետ և հետաքրքրվել, թե ինչն է նրանց ստիպել հրաժարվել մասնագիտությունից, ինչով են այժմ զբաղվում, ինչ ճանապարհով են նոր կյանք սկսել օտար երկրներում և որ դեպքում կմտածեն վերադառնալու մասին։

Գուգա Դվալիշվիլին որպես լրագրող աշխատել է «Ֆորմուլա»-ում։ Ամերիկա հասնելու համար նա փորձել է Կոլումբիայի սահմանով մտնել Մեքսիկա։ Բայց ամեն ինչ այնպես չի ընթացել, ինչպես նախատեսված էր։ Այժմ նա Մադրիդի ռեստորաններից մեկում մատուցող է աշխատում և իսպաներեն է սովորում։

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ միայն անցած տարի երկրից արտագաղթել է Վրաստանի 100 802 քաղաքացի։ Այս թիվը 2021 թվականի տվյալների համեմատ (80 351) աճել է 20%-ով։ Լրագրողները նախկինում նույնպես արտագաղթել են, սակայն 2021 թվականի հուլիսի 5-ի բռնության դեպքերից հետո երկրից հեռացած լրատվամիջոցների աշխատակիցների թիվը զգալիորեն աճել է։

«Ես տխուր էի, երբ առաջին անգամ հագա սպիտակ համազգեստ ու գնացի ռեստորան աշխատելու։ Կարոտում էի իմ խոսափողին։ Բայց նման պահին քեզ հավաքում ես, գիտակցում այն ​​իրականությունը, որում գտնվում ես։ Հասկանում ես, որ ունես նոր սկզբնակետ:

Ես աշխատում եմ տարբեր տեղերում։ Երբեմն մատուցող, բարմեն, նաև սննդի առաքման ծառայությունում։ Ես ռեզիդենտ եմ և ստացել եմ աշխատելու իրավունք։ Հատկապես դժվար էր առաջին օրն ու ամեն ինչ զրոյից սկսելը։ Նորից ես գնում բաժակ, ափսե, ամեն ինչ։

Մտածելու տեղիք տվող պատմություններից մեկը, որը ստիպեց ինձ որոշել գալ այստեղ, հուլիսի 5-ն էր, երբ լրագրողներին դաժանաբար ծեծեցին։ Այդ թվում, երբ մահվան հասցրին իմ օպերատոր Լեքսո Լաշքարավային»,- Ալեքսի Մեգրելիշվիլին «TV Պիրվելի»-ի նախկին լրագրողներից է։

Նա սիրել է իր մասնագիտությունը, հավանել է այն, ինչ արել է, բայց ասում է, որ չի կարողացել դիմանալ լրատվամիջոցների վրա իշխանության ճնշումներին, և գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։

«Ես այլևս ուրախ չէի Վրաստանում կատարել այս գործը։ Հասկացա, որ տարիներ են անցնում, աշխատում էի, օր օրի վիճակը բարդանում էր։ Գնում էի նկարահանման ու չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում՝ ծեծված կվերադառնամ, թե ոչ։ Կարող էր ինչ-որ մեկը միացման ժամանակ քար նետել իմ ուղղությամբ: Երկրի քաղաքական իրավիճակը նույնպես կոկորդիս հասավ։ Իսկ գումարները հազիվ էր բավականացնում ամսից ամիս իմ կարիքները հոգալու համար։ Դառնում եմ 30 տարեկան և որոշեցի, որ պետք է ինչ-որ բան փոխեմ։

Լեքսոն [Լաշքարավան] ինձ ասում էր, որ ուզում է գնալ Ամերիկա։ Ասաց՝ ես այստեղ ոչինչ չեմ կարող անել, չեմ գնահատվում, ուղղակի չեմ կարող մորս մենակ թողնել։ Նրան զրկեցին կյանքից։ Նա ինձ ասում էր՝ գոնե դու գնա, այնտեղ ֆիլմեր կնկարես։ Վերջերս հրապարակեցի իմ ֆիլմի թրեյլերը, ու դրանով կարծես թե կատարեցի իմ խոստումը»։

Անպաշտպանության զգացում և ֆինանսներ. սրանք այն երկու հիմնական խնդիրներն են, որոնք միավորում են գրեթե բոլոր էմիգրանտ լրագրողներին։

«Վրաստանում ես միշտ անպաշտպանության զգացում եմ ունեցել, քանի որ երբեք չեմ խուսափել որևէ մեկին քննադատելուց՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանությունը։ Լրագրության պարտքն է հիշեցնել կառավարությանը սեփական գործառույթը։ Նկարահանումների ժամանակ ագրեսիա էր զգացվում։

Երբ բարձրախոսով քայլում էինք փողոցով, որոշ խմբերից վիրավորական խոսքեր էինք լսում։ Ցավոք սրտի, այնպիսի տրամադրություններ են սերմանվել, որ լրագրությունը վատ մասնագիտություն է։ Այս գործընթացի պատասխանատուն իշխանությունն է։

Սա փաստացի ԶԼՄ-ները ոչնչացնելու փորձ է»,- ասում է Նաթիա Կոպալիանին, ով վերջին 15 տարիների ընթացքում աշխատել է գրեթե բոլոր հեռարձակող հարթակներում և վերջապես հայտնվել Ֆլորենցիայում։ Ինը ամիս առաջ նա լքել է երկիրը և այժմ ապրում է Իտալիայում։

«Ես ռեստորանում մատուցող եմ աշխատում։ Ինձ համար շատ դժվար է ապրել առանց երեխայի։ Արտագաղթող լինելը դժվար է»,- արտագաղթողների վիճակագրությունից զատ այստեղ մարդկային բազմաթիվ ողբերգություններ կան, որոնք տեսանելի չեն, մեզ հետ զրույցում ասում է Նաթիան։

2022 թվականին Մամուլի ազատության ինդեքսում Վրաստանի վարկանիշը զգալիորեն վատթարացել է։ ԶԼՄ-ների ազատությունը պաշտպանող «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր միջազգային կազմակերպության վարկանիշում Վրաստանը 180 երկրների շարքում 60-րդ տեղից տեղափոխվել է 89-րդ տեղը։

«Վերջին տարին ապրում եմ Ամերիկայում՝ Նյու Յորքում։ Ես հանգիստ եմ, չեմ վախենում, որ ինչ-որ մեկը թիկունքից կհարձակվի կամ քար կշպրտի վրաս։ Այստեղ ես երբեմն բարմեն եմ աշխատում, երբեմն՝ մատուցող»,- 2022 թվականի հունիսի 13-ին Մախո Միքելաձեն ավարտել է լրագրությունը և լքել երկիրը։ Պատճառը նույնն է։

«Արմատականների համար կանաչ լույս վառեցին մեր դեմ։ Ոստիկանությունը չարձագանքեց դրան։ Վրաստանում կյանքը վտանգավոր է դառնում քննադատական ​​լրատվամիջոցներում աշխատող մարդու համար։ Դա անպատժելիության սինդրոմ է։ Վերջին շրջանում մոդայիկ են դարձել լրագրողների նկատմամբ հարձակումներն ու բռնությունները։ Ովքեր ուզել՝ արել են դա։

Լրատվամիջոցներից և Վրաստանից հեռացած լրագրողներից է Դավիթ Ջալաղոնիան։ Նա աշխատել է BMG-ում։ Նա և՛ հաղորդավար է եղել, և՛ վեբ խմբագիր։ Այժմ նա աշխատում է բարերում։ Ընդհանուր առմամբ 10 տարվա աշխատանքային փորձ է կուտակել տարբեր լրատվական գործակալություններում, սակայն «2020 թվականին լքեցի երկիրը և տեղափոխվեցի Նյու Յորք, ԱՄՆ։ Գրին քարտ ստանալու առաջին փորձը հաջող էր։

Հեռանալու որոշման վրա ազդել է իմ և ընտանիքիս ֆինանսական սահմանափակ հնարավորությունները: Համեմատաբար նորմալ աշխատավարձ ունեի, բայց ոչ այնքան, որ կենցաղս լավացնեմ։ Դժվար է աշխատել միայն որպես լրագրող և ապագայի համար որոշակի ֆինանսական երաշխիք ունենալ։

Լրագրողները լքում են Վրաստանը՝ իրենց նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի պատճառով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիի փողոցներում մենք տեսել ենք ծեծված և վիրավորված լրագրողների։ Բացի այդ, վարձատրության խնդիր կա։ Ամեն մեկն իր ընտանիքի առաջ բեռ ունի, ոմանք երեխաներ ունեն, բանկային պարտավորություններ ունեն։ Սակայն, հավատացեք, որ մասնագիտությունից ու երկրից հեռանալը լրագրողի համար ամենադժվար որոշումն է։ Ինձ շատերն են հարցնում գրին քարտի մասին, բոլորին օգնել եմ լրացնել, բայց շատերը չեն շահել»:

Եվրոպական միության ապաստանի հարցերով գործակալության 2022 թվականի տվյալներով՝ անցյալ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել Վրաստանի 28 787 քաղաքացի։ Իսկ երկրի ողջ բնակչության 23%-ը արտագաղթի մեջ է եղել։

«Լրագրողական գործունեությունս սկսել եմ 2000 թվականին։ Զուգդիդիում աշխատել եմ «Աթինաթ» ռադիոյում։ 2011 թվականին տեղափոխվեցի «Լայվպրես» ինտերնետային հրատարակություն։ Կարծում էի, որ շատ հետաքրքիր մասնագիտություն ունեմ։ Իմ օրերից ոչ մեկը նույնը չէր: Վերջին տարիներին այնպիսի ֆինանսական խնդիրների բախվեցի, որոնք չկարողացա լուծել Վրաստանում, դրա համար էլ մեկնեցի ԱՄՆ։ Ես չգիտեմ, թե երբ կվերադառնամ: Դժվար է հեռանալ մի վայրից, որտեղ տարիներ ես անցկացրել՝ վաստակելով վստահություն և հարգանք, որտեղ այդքան աշխատանք ես ներդրել քո սիրելի գործի մեջ»,- Նանա Խուբուտիան, ինչպես շատ գործընկերներ, այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և աշխատում է որպես դայակ։

Հասարակական և քաղաքական միջավայրը ստիպեց տասնյակ լրագրողների հրաժարվել մասնագիտությունից։ Բռնության աճը նրանցից շատերին ստիպեց նոր կյանք սկսել արտերկում։ Նրանց համար դժվար է բարոյապես, հոգեբանորեն, ֆինանսապես, բայց նրանք նման մեդիա միջավայրում, որը Վրաստանում է, աշխատանքը շարունակելու փոխարեն նախընտրում են օտար երկրում ամեն ինչ զրոյից սկսել։

Image

2021 թվականի հուլիսի 5-6-ը ծայրահեղական խմբավորումները Թբիլիսիի փողոցներում հարձակվել են 53 լրագրողի վրա

Միայն այս տարի մենք հաշվել ենք լրագրողական գործունեության ապօրինի խոչընդոտման շուրջ 50 դեպք. «Վրացական երազանքի» ակտիվիստներն ու պաշտոնյաներն արդեն տեսախցիկների առջև են հարձակվում քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, իսկ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դա որակում է քաղաքացիական ակտիվություն և բռնությանը, որն առանց այդ էլ խրախուսվում է անպատժելիությունից, առավել խթան է տալիս։ Հատուկ քննչական ծառայությունը, որին հանձնարարված է հետաքննել լրատվամիջոցների դեմ կատարված հանցագործությունները, մինչ այժմ չի քննել «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողների վրա Դեդոփլիսծղարոյում վարչապետի հոր բիզնես գործընկերների հարձակման գործը։ Այս տարի արձանագրված 50 հանցագործություններից քննվել է ընդամենը չորս դեպք։

Մինչ օրս չի հետաքննվել այսպես կոչված ՊԱԾ-ից արտահոսած լրագրողների գաղտնի հսկողության փաստերը։ ՊԱԾ-ից արտահոսած ֆայլերի գործով տոժող է ճանաչվել 48 լրագրող։

Էմիգրանտ լրագրողները սպասում են 2024 թվականի ընտրությունների արդյունքներին՝ որպես փոփոխությունների վերջին հույս ու միջոց՝ վերադառնալու ու շարունակելու իրենց գործը։ Իսկ մինչ այդ, աճում է այն լրագրողների ցանկը, որոնք լքել են իրենց մասնագիտությունը, ընտանիքն ու երկիրը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։