Քննադատական լրատվամիջոցների դեմ հանցագործություններն աճել են 4 անգամ․ «Երազանքի» խրախուսած բռնությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Զուրաբ Վարդիաշվիլի / լուսանկարը՝ Վրաստանի լուրերի

Ընդամենը վեց ամսվա ընթացքում հաշվել ենք լրագրողական գործունեությանն ապօրինի միջամտելու շուրջ 40 դեպք։ «Վրացական երազանքի» ակտիվիստներն ու պաշտոնյաներն արդեն տեսախցիկների առաջ են հարձակվում քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։ Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն սա անվանում է քաղաքացիական ակտիվիզմ և էլ ավելի մեծ խթան է տալիս արդեն իսկ խրախուսվող անպատիժ բռնությանը։ Հատուկ քննչական ծառայությունը, որին հանձնարարված է հետաքննել լրատվամիջոցների դեմ կատարված հանցագործությունները, մի շարք գործեր է մոռացության մատնել։ Այս տարի արձանագրված հանցագործություններից քննվել է միայն երկուսը, այն էլ՝ մասնակի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարձակում լրագրողների վրա Սագարեջոյում

«Հենց իջա մեքենայից ու տեսան «Մթավարի արխիի» խոսափողը, անմիջապես սկսեցին ագրեսիվորեն բղավել։ Օպերատորներին և բոլորին հայհոյում էին անպարկեշտ խոսքերով։ Նրանցից մեկը մոտեցավ ինձ։ Հետո իմացա, որ նա մաքրության ծառայության աշխատակից Մամուկա Շաքարաշվիլին է և նույն ծառայության ղեկավար Թեմուր Իլաուրիի փեսան։ Նա փորձեց խլել խոսափողը, բայց ամուր բռնել էի և չկարողացավ խլել։ Նրանք հատուկ բերել էին շինարարական քարերի բեկորներ։ Ջրով լի ապակե շշեր նետեցին մեզ վրա։ Երբ մտանք տան բակ, մտածեցինք, որ համեմատաբար ապահով կլինենք, բայց մի քար դիպավ ուսիս։ Ես սարսափելի ցավ զգացի»,- հուլիսի 6-ին Սագարեջոյում տեղի ունեցած հարձակումը հիշում է «Մթավարի արխիի» տարածաշրջանային թղթակից Իա Գուլիաշվիլին։

 

«Վրացական երազանքից» սակրեբուլոյի անդամները, ակտիվիստներն ու քաղաքապետարանի աշխատակիցները հավաքվել էին Սագարեջոյում՝ խանգարելու «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի հանդիպումը թոշակառուների հետ։ Նույն կերպ մի քանի օր առաջ «Երազանքի» կուսակցական ակտիվիստները Խաբեիշվիլիին դիմավորել են Կասպիում։ Այնտեղ էլ փորձել են խափանել հանդիպումը, սակայն Սագարեջոյում քարեր են նետել ընդդիմադիր կուսակցության նախագահի և հանդիպումը լուսաբանելու եկած լրագրողների վրա։ Խնայել են միայն մեկ լրագրողի։

«Իմեդի»-ից եմ

«Իմեդի» հեռուստաընկերության տարածաշրջանային լրագրող Կախա Կուպատաձեն այսպես է արձագանքել իր մոտ եկած բռնություն գործադրողներից մեկին, ով պահանջել է դադարեցնել նկարահանումները.

«Ձեզ ասացի՝ չնկարեք, ինչո՞ւ եք նկարում»,- Հանրայինի հեռարձակողի Առաջին ալիքի տարածած տեսանյութից երևում է, որ հարձակվողը փորձել է խանգարել լրագրողին։ «Իմեդին» լսելուց և խոսափողը տեսնելուց հետո նա ետ է կանգնում իր մտադրությունից և հեռանում։

 

«Սպասվող բռնության մասին ոստիկանությանը հայտնի է եղել նախապես»

«Մթավարի արխիի» լրագրող Իա Գուլիաշվիլին ասում է, որ «Վրացական երազանքի» մոբիլիզացված մարդիկ միտումնավոր խոչընդոտել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին աշխատելու և ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։ Որպեսզի չկարողանայինք ֆիքսել բռնության կադրերը, վնասեցին նաև օպերատորների տեսախցիկները։

«Առճակատումը տևեց մոտ 10-15 րոպե։ Ագրեսիվ խմբերը կանգ առան այն բանից հետո, երբ քարեր նետեցին ու ծեծի ենթարկեցին մարդկանց։ Դրանից հետո միայն դեպքի վայր եկավ Կախեթիի ոստիկանության բաժնի պետ Թեմուր Կալանդաձեն»։

Իա Գուլիաշվիլին նրան հարցրել է, թե մինչ այդ որտեղ է եղել ոստիկանությունը։ «Մենք տեղ ենք հասել հաղորդագրությունը ստանալուց 3 րոպե անց»,- պատասխանել է շրջանային ոստիկանության պետը։

Թեյմուրազ Կալանդաձեին ուղեկցել են Գուրջաանիի, Լագոդեխիի և Ախմետայի ոստիկանության բաժինների պետերը։ Ախմետայից Սագարեջո մոտ 100 կիլոմետր է, Լագոդեխից՝ ավելի շատ։ Սագարեջոյի և Գուրջաանիի ոստիկանությունից տարբեր անձինք «Վրաստանի լուրերին» հաստատել են, որ ղեկավարները նախապես հավաքվել են Սագարեջոյում, քանի որ տեղեկություններ են ունեցել սպասվող բռնության մասին։ Նման պարագայում օրենքը ոստիկանությանը պարտավորեցնում է կանխել հանցագործությունը, սակայն ամեն ինչ հակառակն է եղել։

Սագարեջոյում խանգարել են և ֆիզիակական բռնության են ենթարկել նաև «Ֆորմուլայի» լրագրողներ՝ Գիորգի Կվիժինաձեին և Սուլխան Չկադուային։

Լրագրողների նկատմամբ բռնության փաստերով հետաքննություն է սկսվել։ Իա Գուլիաշվիլիի խոսքով՝ ինքն ու օպերատորը հարցաքննվել են։ Տեսանյութ կա, որտեղ երևում է բռնությունը, հանցագործության կատարման օրվանից անցել է 5 օր, քննչական ծառայությունը ոչ ոքի չի ձերբակալել։ «Մթավարի արխիի» մարզային թղթակիցը նույնիսկ չի էլ ակնկալում, որ որևէ մեկը կպատժվի։

Հուլիսի 6-ին Սագարեջոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում աշխատակիցները թույլ չեն տվել «Մթավարի արխիի» թղթակից Գուգա Մաիսուրաձեին կատարել իր լրագրողական պարտականությունները։

Կասպի․ այստեղ նույնպես թիրախը քննադատական ​​լրատվամիջոցներն են

Սագարեջոյի սցենարը նման էր հունիսի 30-ին Կասպիում տեղի ունեցած կազմակերպված բռնությանը։ Հատուկ հավաքված քաղծառայողները Կասպիում առանձնակի ագրեսիվությամբ են դիմավորել «Մթավարի արխիի» տեղի թղթակից Գիորգի Ախալկացիին։ «Վրացական երազանքի» ակտիվիստները ուղիղ եթերի ժամանակ բանավոր վիրավորել են լրագրողին։

Քննչական ծառայությունը կապ է հաստատել անձամբ Ախալկացիի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք լրագրողը գերատեսչությանը դիմելու ցանկություն ունի։ Ախալկացին կարծում է, որ հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպում հանցագործության հետքերն ակնհայտ են, թեև քննչական մարմին չի դիմել.

«Մեկ տարի առաջ շրջանային ոստիկանապետի գլխավորությամբ մեզ հեռացրին Կասպիի սակրեբուլոյի հանրային նիստից՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Այն ժամանակ այս գերատեսչությունը մեզ ձևական հարցաքննեց, և մեզ ասացին, որ քննչական աշխատանքները դեռ շարունակվում են։ Դե, ինչպե՞ս կարող եմ վստահել այս ծառայությանը»:

Գիորգի Ախալկացին վստահ է, որ ընտրությունների մոտենալու հետ միասին մարզերում միջավայրը կբարդանա, իսկ լրագրողներին դժվար օրեր են սպասվում։

2023 թվականին լրատվամիջոցների դեմ ուղղված հանցագործությունները - ոչ լրիվ ցանկը

Հարձակում Միշա Մշվիլդաձեի վրա - Հունիսի 27-ին Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը։ Միշա Մշվիլդաձեն քայլել է փողոցով։ Նրան ծեծել են և վիրավորել։ Հարձակումը ֆիքսել են տեսահսկողության տեսախցիկները։ «Ես եմ ծեծել նրան, քանի որ նա եկեղեցուն անվանում է հանցագործ և ասում, որ խաչը բռնության խորհրդանիշ է։ Նա հայհոյում է պատրիարքին, վրաց ազգին ու պաշտպանում համասեռամոլներին։ Նաև ֆեյսբուքում հայհոյում է ինձ և իմ ընկերներին։ Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել»,- հանցագործության հաջորդ օրը սոցցանցում գրել է քաղաքացի Նիկոլոզ Գուգեշաշվիլին։ Նշենք, որ նույն տեքստով և ձևով հանցագործությունը խոստովանել է նաև քաղաքացի Սոսո Մաիսուրաձեն, ով հունիսի 17-ին հարձակվել էր ընդդիմադիր «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի վրա և վիրավորել նրան։ Մշվիլդաձեի վրա հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալված Գուգեշաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հանցագործության տեսագրությունների հիման վրա պնդում է, որ հարձակումը կազմակերպել է Պետական ​​անվտանգության ծառայությունը և գործող անձանցից մեկը ՊԱԾ-ի քննիչ Գիորգի Մումլաձեն է։ Ըստ «Ֆորմուլայի»՝ Մումլաձեն անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Ախոբաձեի սանիկն է։ Հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութի այն հատվածը, որտեղից երևում է, որ Մումլաձեն հետևել է Մշվիլդաձեին։

Սպանության սպառնալիքներ - Մայիսի 24-ին «Մթիս Ամբեբի» առցանց հրատարակության խմբագիր Գելա Մթիվլիշվիլին սպառնալիք պարունակող հաղորդագրություններ է ստացել․ «Ջնջեք այս տեսանյութը, հակառակ դեպքում ես ձեզ գետնի տակից էլ կգտնեմ։ Գլուխդ կջարդեմ... կգտնեմ ու գլուխդ կկտրեմ։ Երդվում եմ եղբորս անունով, թե գլուխդ չկտրեմ։ Ինձ չի հետաքրքրում ինչ կլինի, բանտում կհայտնվեմ, թե ոչ»։ Սպառնալիքը կապված է դեպքից առաջ հրապարակված հետաքննչական ֆիլմի հետ։ Լրագրողը դիմել է Հատուկ քննչական ծառայություն, հետաքննությունը սկսվել է քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նշանակում է բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը ապօրինի խոչընդոտել։ Քննիչը մոտ երեք շաբաթ անց հարցաքննել է սպառնալիքի հեղինակին և մինչ օրս նա ձերբակալված չէ։

 

Լրագրողական գործունեության խոչընդոտում Կվարելիում - Մայիսի 20-ին Կախեթիում «Ֆորմուլա» հեռուստաընկերության տարածաշրջանային թղթակից Դավիթ Չաբաշվիլիին «Կվարելիի լիճ» հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցները, Ախմետայի ոստիկանապետ Գիորգի Չոքուրին և մի քանի այլ անձինք խոչընդոտել են լրագրողական գործունեությանը։ «Կվարելիի լիճ» հյուրանոցում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամները և պատրաստվում էին հարսանիք նշել։ Հյուրանոցի տնօրինությունը չի հաստատել Լավրովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ պատժամիջոցների ենթարկված անձանց այցը։ Հասարակության հատկապես բարձր հետաքրքրության պատճառով լրագրողը փորձել է ճշտել փաստը և շրջանցիկ ճանապարհով մտել է Կվարելիի անտառ։ Նրա նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ստիպված դադարեցնում նկարահանումները, երբ անվտանգության աշխատակիցները հետապնդում են իրեն, իսկ հետո Ախմետայի ոստիկանապետի ցուցումով նրան ֆիզիկական ուժով դուրս են հանում անտառից, որպեսզի չկարողանա կարևոր տեղեկություններ ստանալ։ Այս փաստով հետաքննություն չի սկսվել։

Հարձակում «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա Դեդոփլիսծղարոյում - Ապրիլի 29-ին տեսագրությունից երևում է, որ վարչապետի ընտանիքի բիզնես գործընկերներ Նուգզար Ալուղիշվիլին և Զաքարիա Բոստողանաշվիլին հարձակվում են հետաքննող լրագրողների վրա և վիրավորում նրանց։ Լրագրողները հետաքննել են Իրակլի Ղարիբաշվիլիի հոր՝ Տարիել Ղարիբաշվիլիի գինու գործարանի և հնարավոր կոռուպցիայի հետ կապված գործը։ Մինչ այդ՝ մի քանի ամիս առաջ Ալուղիշվիլին դատարանում դատի է տվել «Պիրվելի» հեռուստաընկերությանը և զրպարտության պատրվակով փոխհատուցում է պահանջել։ Լրագրող Մակա Անդրոնիկաշվիլին «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ հատուկ քննչական ծառայությունը վերցրել է նաև հարձակման և միջամտության տեսագրությունները, սակայն չեն արձագանքել։

 

Հարձակում «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողի վրա Օզուրգեթիում - Մարտի 15-ին Բախվի գյուղում լրագրող Նատո Գոգելիայի վրա հարձակվել է ռուսամետ և բռնություն գործադրող «Ալտ-Ինֆո» կուսակցության անդամը, լրագրողը ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրա բջջային հեռախոսը կոտրվել է։ Անդղուլաձեն «Ալտ-Ինֆոյի» այն ակտիվիստներից է, ով իջեցրել և այրել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կանգնեցված Եվրամիության դրոշը։ Անդղուլաձեն ձերբակալվել է Գոգելիայի վրա հարձակման համար։ Շրջանային դատարանը նրա նկատմամբ նախնական կալանք է կիրառել, սակայն Քութայիսիի վերաքննիչ դատարանը 3 հազար լարի գրավով դահլիճից ազատել է բռնության մեջ մեղադրվողին։ Մինչ այդ՝ հունվարի 31-ին, փետրվարի 2-ին և 5-ին անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Նատո Գոգելիայի տուն։ Առաջին դեպքում տարել են նրա հիշողության քարտերն ու հեռուստացույցը, իսկ երկրորդ և երրորդ անգամ՝ ավերել տունը։ Դեպքերից ոչ մեկը չի հետաքննվել։ Տուժված լրագրողի և նրա անչափահաս երեխաների հասցեին սպառնալիքները շարունակվել են նաև հաջորդ օրերին, սակայն, Գոգելիայի խոսքով, քննչական ծառայությունն այլևս չի հետաքրքրվել. «Նրանք այնքան անգործունակ են, որ չարժե դիմել։ Ճիշտ է՝ նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել, սակայն չեն հավաքել ապացույցներ, որոնք ավելի լավ կբնութագրեն Անդղուլաձեի անձը։ Օզուրգեթիի ոստիկանությունում այս անձի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս տղամարդուն դատարանն ազատ է արձակել։ Իմ տեղեկություններով՝ նա նախկինում այլ երկրում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել։ Սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ եմ ներկայացրել քննչական ծառայություն, սոցցանցերում դեռ կան իմ և երեխաներիս հասցեին ուղղված սպառնալիքները։ Արձագանքը զրոյական է»:

«Մեդիաօմբուդսմեն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ մարտին խախտվել են 21 լրագրողների և օպերատորների իրավունքներ «Գործակալների մասին» ռուսական օրենքի դեմ իրականացված ակցիաների լուսաբանման ժամանակ։ Հատուկ քննչական ծառայությունը երկու քրեական գործ է հարուցել.

Մարտի 2-ի իրադարձությունների ժամանակ, երբ «Ֆորմուլա» հեռուստաընկերության ֆոտոլրագրող Վախթանգ Քարելիին, «Նեթգազեթիի» լրագրող Միխեիլ Գվաձաբիային և On.ge-ի խմբագիր Թամար Գեգիձեին բռնի ուժով վտարեցին խորհրդարանի ներքին տարածքից։

Մարտի 7-9-ի իրադարձությունների ժամանակ, երբ լրագրողներին և օպերատորներին իրավապահները խոչընդոտեցին իրենց լրագրողական գործունեության մեջ, կիրառեցին դաժան մեթոդներ՝ պղպեղի սփրեյը ուղիղ դեպքին փչելով, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ֆիզիկական հարձակումներ (գոտիներից քաշքշել, իրեր նետել, գլխին հարվածել, ոտքով հարվածելը) և այլն։

Հատուկ քննչական ծառայությունը որևէ դեպք չի քննել։

Մարտի 2-ին խորհրդարանի շենքի մոտ անօրինական կերպով ձերբակալվել են «Պուբլիկա» առցանց հրատարակության խմբագիր Զուրա Վարդիաշվիլին և «Տաբուլայի» լրագրող Բեքա Ջիքուրաշվիլին։ «Վրաստանի լուրերի» նկարահանած տեսանյութը հստակ կերպով ապացուցում է, որ պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն գերազանցում է իր պաշտոնեական լիազորությունները և ապօրինի հրաման է տալիս ձերբակալել Վարդիաշվիլիին, որը ոստիկաններն անմիջապես կատարում են՝ չնայած Վարդիաշվիլին ոչ մի խախտում չի արել։

ՆԳՆ-ն չուներ ոչ մի ապացույց, որը կհաստատեր լրագրողների կողմից օրենքի որևէ հոդվածի խախտումը, թեև դատավոր Նինո Շչերբակովը երկուսին էլ օրինախախտ ճանաչեց և տուգանեց երկու հազար լարիով։

Հատուկ քննչական ծառայությունը հպարտանում է նախորդ տարի լրատվամիջոցների դեմ հանցագործությունների բացման ցուցանիշով. հետաքննություն է սկսվել 12 քրեական գործով, որոնց համար պատասխանատվության է ենթարկվել 7 անձ։ Գերատեսչությունը մեզ դեռ չի տրամադրել 2023 թվականի տվյալները, սակայն, ըստ բաց աղբյուրների հաշվարկների, քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ։

Մինչ օրս չեն հետաքննվում լրագրողների գաղտնի հսկողության փաստերը։ Այսպես կոչված «ՊԱԾ-ից գաղտնազերծված ֆայլերի գործով» 48 լրագրող է տուժող ճանաչվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։