Կվարելիում Սերգեյ Լավրովի պատժամիջոցների ենթարկված փեսայի եղբայրը հարսանիքն է նշում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կախեթիում՝ «Կվարելիի լիճ» հյուրանոց-համալիրի մուտքի մոտ մոբիլիզացվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Երեկ երեկոյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փեսայի եղբայրը՝ Մոշե Վինոկուրովը, այսօր պետք է հարսանիքը նշի «Կվարելիի լճում»։ Հյուրանոցում են եղել նաև Լավրովի ընտանիքի անդամները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային առավոտյան ժամը 5-ի սահմաններում հաջողվել է հասնել հյուրանոցի շենքի մուտքի մոտ։ Ոստիկանության աշխատակիցները բռնել են նրան և խնդրել հեռանալ համալիրի տարածքից։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Էձգվերաձեն ձերբակալվել է։ Մի քանի անգամ Մելիայի և ոստիկանապետերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանության ավագ սպա Գիորգի Կլիմիաշվիլին Մելիային անվանել է քաղաքական դիակ։

Մոշե Վինոկուրովն ու Դիանա Ախմադիշինան մայիսի 19-ին Թբիլիսիում քաղաքացիական ամուսնություն են կնքել, ինչը հաստատում են նորապսակ զույգի սոցցանցերում հրապարակած լուսանկարները։ Դրանից հետո հյուրերի հետ մեկնել են Կախեթի, որտեղ հանգրվանել են երկու հյուրանոցներում՝ Կվարելիի «Kvareli Lake Resort»-ում և Գուրջաանիի շրջանի Ախաշեն գյուղի Akhasheni Wine Resort & Spa-ում։ Ըստ տեղեկությունների՝ Կախեթիում են գտնվում Մոշե Վինոկուրովի եղբայրը՝ Պուտինի հետ մտերիմ գործարար Ալեքսանդր Վինոկուրովը և նրա կինը՝ Եկատերինա Վինոկուրովան (օրիորդական ազգանունը՝ Լավրովա)։

Ո՞վ է Ալեքսանդր Վինոկուրովը

1982 թվականի հոկտեմբերի 12-ին ծնված Ալեքսանդր Վինոկուրովը ռուս գործարար Սեմյոն Վինոկուրովի որդին է և ինքն էլ ազդեցիկ գործարար է։ 2008 թվականին նա ամուսնացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Լավրովայի հետ։

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո Ալեքսանդր Վինոկուրովը պատժամիջոցների է ենթարկվել Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ուկրաինայի կողմից: Ըստ Եվրոպական խորհրդի՝ Ալեքսանդր Վինոկուրովը ռուս գործարար է, ով բիզնես հետաքրքրություններ ունի սննդի մանրածախ առևտրի, դեղագործության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Maraton Group ներդրումային ընկերությունում և Ռուսաստանի խոշորագույն պարենային ընկերություն Magnit-ում, ինչպես նաև բաժնետոմսեր ունի Demetra Holding-ում, որը ռուսական հացահատիկի երկրորդ ներկրողն է (այն դեպքում Ռուսաստանը ցորենի ամենամեծ ներկրողն է աշխարհում): Նրա հայրը՝ Սեմյոն Վինոկուրովն է, ով եղել է «Կապիտալ դեղագործություն» պետական ​​ունիտար ձեռնարկության ղեկավարը, համարվում է ռուսական դեղագործական արդյունաբերության գլխավոր ձեռնարկատերերից մեկը։ ԵՄ-ն կարծում է, որ Ալեքսանդր Վինոկուրովը սերտ կապեր ունի Ռուսաստանի կառավարության հետ և ներգրավված է տնտեսական ոլորտներում, որոնք եկամուտի զգալի աղբյուր են ապահովում Ռուսաստանի կառավարության համար։ 2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո, Ալեքսանդր Վինոկուրովը 36 այլ գործարարների հետ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության այլ անդամների հետ՝ քննարկելու արևմտյան պատժամիջոցների հետևանքով գործողությունների ծրագիրը:

«Այն փաստը, որ նա հրավիրվել է այս հանդիպմանը, ցույց է տալիս, որ նա Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ է և աջակցում կամ իրականացնում է գործողություններ կամ քաղաքականություն, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, ինչպես նաև Ուկրաինայում կայունությանը և անվտանգությանը։ Սա նաև ցույց է տալիս, որ նա առաջատար գործարարներից է, որը ներգրավված է տնտեսական ոլորտներում, որոնք եկամուտի զգալի աղբյուր են ապահովում Ռուսաստանի կառավարության համար, որը պատասխանատու է Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի ապակայունացման համար: Դա ավելի է հաստատվում Վինոկուրովի սերտ անձնական կապերով Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի և քաղաքականության համար պատասխանատու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշում է Եվրոպական խորհուրդը։

Շվեյցարական հանրային հեռարձակողը Ալեքսանդր Վինոկուրովին նշել է որպես ռուսական օլիգարխիայի ծագող աստղ։

Ռուսական անկախ «Կարևոր պատմություններ» (Важные истории) հրատարակության նյութի համաձայն՝ Լավրովի փեսան Իսրայելի քաղաքացիություն ունի։ Նա ծնողների հետ Իսրայել է հայրենադարձվել դեռևս 1990 թվականին։ Վինոկուրովների ընտանիքը գրանցված է Նեթանյա քաղաքում։

Եկատերինա Վինոկուրովան՝ Ալեքսանդր Վինոկուրովի կինը և Սերգեյ Լավրովի դուստրը, պատժամիջոցների է ենթարկվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի կողմից։

«Կվարելիի լիճ» հյուրանոցային համալիր

«Կվարելիի լիճ» հյուրանոցային համալիրը, որը կառուցվել է 2010 թվականին, պատկանում է «Կվարելի Փալաս» ՍՊԸ-ին։ Իր հերթին, «Կվարելի Փալաս»-ը պատկանում է «Ագրոդիվելոփմենթ» ՍՊԸ-ին, որի 37,85%-ը պատկանում է «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր Արչիլ Գեգենավային (2008-2012 թթ.), 23%-23%-ը՝ Գիորգի Չուբինիշվիլիին և Իվանե Նիկոլաիշվիլիին, իսկ մնացած 16,15%-ը՝ Արչիլ Գեգենավայի եղբորը՝ Անդրո Գեգենավային։

Վրաստանի պաշտոնական գերատեսչություններից ոչ մեկը դեռ չի պարզաբանել՝ արդյոք ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձինք գտնվում են Վրաստանի տարածքում, և թե ինչպես են նրանք մուտք գործել երկիր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։