Դպրոցական համազգեստների վաճառքը կսկսվի սեպտեմբերի 1-ից․ մանրամասներ

Դպրոցական համազգեստների վաճառքը, որը պարտադիր կդառնա տարրական դասարանների աշակերտների համար 2026-2027 ուսումնական տարվանից, կսկսվի սեպտեմբերի 1-ից: Առաջին փուլում համազգեստը կվաճառվի միայն առաջին դասարանցիներին, և դրանք հասանելի կլինեն հատուկ կազմակերպված տարածքներում մինչև սեպտեմբերի 14-ը։

Ինչպես պարզաբանել է «Վրացական երազանքի» կառավարության կրթության նախարար Գիվի Միքանաձեն, քաղաքացիները պարտավոր չեն լինի համազգեստ գնել նախարարության կողմից նշված կետերում։

«Եթե նրանք որևէ առցանց կայքում հանդիպեն նույն չափանիշի, նույն որակի, նույն գործվածքի համազգեստի, նրանք կարող են այն գնել իրենց երեխաների համար։ Ինչպես նաև նրանք կարող են գնել ցանկացած կտոր գործվածք, բայց նույն դիզայնով և տվյալներով, և կարել այս համազգեստը իրենց երեխաների համար: Այստեղ որևէ սահմանափակում չկա», - ասել է Միքանաձեն։

Վրաստանում II-VI դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստներ կտրամադրվեն երկու փուլով՝ հոկտեմբերի 15-ին և նոյեմբերի 30-ին։

Գներ և չափանիշներ

Գիվի Միքանաձեի հրամանով սահմանվել է դպրոցական համազգեստի վաճառքի ֆիքսված գին, և դրա վաճառքը այլ գնով չի թույլատրվում.

  • Դպրոցական բաճկոն (տղաների համար)՝ 45 լարի
  • Դպրոցական տաբատ (տղաների համար)՝ 25 լարի
  • Դպրոցական բաճկոն (աղջիկների համար)՝ 45 լարի
  • Դպրոցական տաբատ (աղջիկների համար)՝ 25 լարի
  • Դպրոցական կիսաշրջազգեստ (կարճ/երկար)՝ 25 լարի

Ովքեր կստանան անվճար դպրոցական համազգեստ

Պետական ​​դպրոցի տարրական դասարանների աշակերտները (I-VI դասարաններ), որոնք պատկանում են կարիքավորների կամ հատուկ խնամքի տակ գտնվող կատեգորիաներին, համազգեստը կտրամադրվի անվճար։ Շահառուների ցանկում են՝

  • Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված անձինք, որոնց վարկանիշային միավորը 65 001-ից ցածր է,
  • Պետական ​​խնամատարության ծրագրում ընդգրկված երեխաներ,
  • Փոքր ընտանեկան տիպի տներում տեղավորված երեխաներ,
  • Անօթևան երեխաների ապաստարանների ծառայություններից օգտվողներ,
  • Թբիլիսիի մանկատանը տեղավորված երեխաներ,
  • Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան տեղափոխված և պետական ​​դպրոցներ ընդունված աշակերտներ։

Անվճար հավաքածուն ներառում է․ տղայի համար՝ 1 բաճկոն և 2 տաբատ, աղջկա համար՝ 1 բաճկոն, 1 տաբատ և 1 կիսաշրջազգեստ։

Կրթության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն համազգեստ գնելու պայմանագիր է կնքել «Գլորի տեքստիլ ինդուստրի» ՍՊԸ-ի հետ։ Կարի գործարանը գտնվում է Չինաստանում։ Ընդհանուր առմամբ պատվիրվել է 1 801 000 համազգեստ, որի ընդհանուր արժեքը կազմում է 45 658 840 լարի։

Վճարման կանոններ և վերադարձի պայմաններ

Համազգեստները վաճառվում են միայն անկանխիկ վճարումով։ Յուրաքանչյուր կետում կլինի բանկային վճարային տերմինալ։ Տերմինալի բացակայության կամ անսարքության դեպքում վճարումը կարող է կատարվել բանկային փոխանցմամբ («Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի գանձապետական ​​կոդով)՝ կետում վճարման հանձնարարականը ներկայացնելով։

Ծնողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել դպրոցական համազգեստը ստացման օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում, եթե հայտնաբերվի գործարանային թերություն կամ չափի անհամապատասխանություն: Չափի պատճառով փոխանակումը թույլատրվում է միայն մեկ անգամ: Հագուստը պետք է պահպանի իր սկզբնական տեսքը, պիտակը, չպետք է ունենա օգտագործման հետքեր և լինի անվնաս: Հակառակ դեպքում, «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն իրավունք ունի մերժել դրա վերադարձը կամ փոխարինումը:

Նախարարության որոշմամբ՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքում/մունիցիպալիտետում կբացվի առնվազն մեկ վաճառքի կետ, որտեղ բոլորը կկարողանան մոտենալ և ձեռք բերել դպրոցական համազգեստ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։