Խորհրդարանի մոտ ձերբակալված լրագրողները մեղադրվում են անհնազանդության մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Պուբլիկա» առցանց հրատարակության խմբագիր Զուրա Վարդիաշվիլին և «Տաբուլայի» լրագրող Բեքա Ջիքուրաշվիլին, ովքեր ձերբակալվել էին մարտի 2-ի գիշերը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, մեղադրվում են ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։ Հանցագործությունները պատժվում են տուգանքով՝ 2000-ից 3000 լարիի չափով, կամ վարչական ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 օր ժամկետով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մարտի 2-ին խորհրդարանի շենք մտած լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվում էին «օտարերկրյա գործակալների գրանցման» և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը։

Խորհրդարանի շենքում լրագրողները բողոքի ակցիա էին անում և պահանջում, որ հանձնաժողովները չքննարկեն նշված օրենքների նախագծերը, որոնց նպատակը կառավարությունից ֆինանսապես անկախ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին հետապնդելն ու վերացնելն է, և այդ նպատակով նախատեսում է նրանց անվանել «օտար ազդեցության գործակալներ», հարկադիր գրանցում, անձնական տվյալների մշակում, տասնյակ հազարավոր լարի տուգանքներ, 5 տարվա ազատազրկում և այլն։

Նիստի ավարտից հետո՝ ուշ երեկոյան, խորհրդարանի շենքից դուրս եկած լրագրողները փորձել են պարզել, թե ինչու ոստիկանները զանգվածաբար բերման ենթարկեցին ցույցի մասնակից ուսանողներին, որոնք ոչ մի խախտում չեն արել։ Միաժամանակ լրագրողները վանկարկում էին` ոչ ռուսական օրենքին, դավաճան: Այդ ժամանակ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեի հրամանով ձերբակալել են լրագրող Զուրա Վարդիաշվիլիին։

«Ո՞ւմ ես ասում», «Դուրս քաշիր», «Դավայ, տարեք», - Սիրաձեն մի քանի անգամ հրամայեց ոստիկաններին ձերբակալել Վարդիաշվիլիին։ Զուրայի կողքին գտնվող լրագրողները Սիրաձեին անմիջապես ասացին, որ լրագրողը ոչ մի խախտում չի արել, ոչ էլ ոստիկաններն են ինչ-որ բան պահանջնել, նրան միանգամից ձերբակալել են, իսկ մեքենան նստեցնելիս ֆիզիկական բռնություն գործադրել։

Պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենը սկզբում աշխատակիցներին հրահանգել է բերման ենթարկել նաև լրագրող Գելա Մթիվլիշվիլիին, որից հետո նրա և Մթիվլիշվիլիի միջև բանավեճ է տեղի ունեցել։

Վաժա Սիրաձե - Եթե լրագրող ես, պետք է վիրավորե՞ս մարդկանց։ Գնա՛ այստեղից:

Գելա Մթիվլիշվիլի - Դու դավաճան ես, դավաճան:

Վաժա Սիրաձե – Այ անդաստիարակ:

Գելա Մթիվլիշվիլի - Ո՞վ է անդաստիարակ:

Պահանջելով ազատ արձակել ձերբակալված լրագրողներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախ հավաքվել են Օրթաճալայում գտնվող ՆԳՆ-ի շենքի մոտ, այնուհետև տեղափոխվել՝ Կախեթիի մայրուղու վրա գտնվող ՆԳՆ-ի նոր շենքի դիմաց։

Վարդիաշվիլին ու Ջիքուրաշվիլին ազատ են արձակվել մոտ երկու ժամից։ Երկուսի նկատմամբ էլ կազմվել են կալանքի արձանագրություններ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է մանր խուլիգանություն և իրավապահի օրինական պահանջին չենթարկվել։ ՆԳՆ-ից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ հանրահավաքի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք մեղադրվում են մանր խուլիգանության և անհնազանդության մեջ։

«Մենք խորհրդարանի մոտ էինք, որտեղ միասին և՛ աշխատեցինք և՛ բողոքեցինք հանձնաժողովներ ներկայացված «ռուսական օրինագծերի» դեմ։ Երբ մենք դուրս եկանք խորհրդարանից, ես կանգնած էի իմ գործընկերների հետ։ Ես նայում էի, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներին ձերբակալում, մենք գոռում էինք՝ «ոչ ռուսական օրենքին», «սա պետական դավաճանություն է», «ի՞նչ եք անում, դավաճաններ»։ Այդ պահին ինչ-որ մեկը բռնեց ձեռքս ու քարշ տվեց դեպի մեքենան։ Կարծում եմ՝ նրանք հրահանգ ունեին կալանավորել նրաց, ովքեր ակտիվ էին»,- ազատ արձակվելուց հետո ասել է Զուրա Վարդիաշվիլին։

«Ես կանգնած էի խորհրդարանի հետնամասում։ Ոստիկանները եկան մարդկանց բերման ենթարկելու։ Սկսեցին զանգվածաբար բռնել։ Ասացի ինչո՞ւ եք ինձ կալանավորում, համ էլ տեսանյութ էի նկարում: Ոստիկաններից մեկը մատնացույց արեց ինձ, թե բռնեք սրան էլ, հետո հարձակվեցին վրաս, բռնեցին ձեռքերիցս, ոտքերիցս և խցկեցին մեքենան։ Չեն բացատրել, թե ինչու են ինձ ձերբակալում։ Ասում էին ստորագրության հիման վրա կազատեն, քանի որ մամուլի ներկայացուցիչ ենք»,- հիշում է Բեքա Ջիքուրաշվիլին։

Մարտի 2-ին խորհրդարանի շենքի մոտ ձերբակալվել է 36 մարդ՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու մեղադրանքով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։