Ռուսաստանի ճանապարհը - հատուկ ռեպորտաժ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ճանապարհը, որը Ռուսաստանի համար այնքան դյուրին է դարձնում Թբիլիսիի գրավումը, որ Վրաստանի կառավարությունը կարող է անգամ չհասցնել ռազմական մոբիլիզացիա հայտարարել, շուրջ 1 միլիարդ դոլարի վարկով, հենց մենք ենք կառուցում: Այս ճանապարհը դարձել է Ռուսաստանին ապրանքներ մատակարարելու հիմնական խողովակներից մեկը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և պատժամիջոցներից հետո։ Վրաստանի կառավարությունը շտապում է դեպի օկուպանտ երկիր տանող մայրուղի կառուցել՝ դա բացատրելով տնտեսական շահերով։ Սակայն կառավարությունը գաղտնի է պահում այն ​​փաստաթուղթը, որտեղ պետք է գրվի, թե ինչ օգուտներ է բերում երկրին այս նախագիծը։ Իրականում, տարանցման հարկը փակում է բեռնատարների պատճառած վնասի միայն 65 տոկոսը։ Ճանապարհի կառուցմանը արդեն զոհ է գնացել Խադայի եզակի հովիտը, հարցականի տակ է նաև Փասանաուրի ավանի գոյությունը։

88-ամյա Սոփիո Ափցիաուրին ապրում է Խադայի հովտի Ռոստյաանթկարի գյուղում։ Իրենց անհանգստացնող խնդրի մասին այսպես է արտահայտվում.

«Ես չգիտեմ, թե որտեղ են Գուդամաղարին, Խանդո Ճարթալին,

Գիտեմ, որ Խադայում կա վաթսուն հզոր ամրոց․ այստեղ վաթսուն ամրոց կա, աշտարակ, իսկ ի՞նչ... Հիմա քանդում են»։

Այսօր եզակի Խադայի հովիտը զոհ է գնում դեպի Ռուսաստան տանող նոր ճանապարհի կառուցմանը։ Սակայն զոհաբերվում է ոչ միայն Խադան։

«Այս սելավը, եթե այստեղից սկսվի, կգնա ու կծածկի Արագվին։ Կջնջի Փասանաուրիի հետքերը։ Այն ամբողջությամբ կջնջվի»,- անհանգստանում է Փասանաուրիից ինժեներ-մեխանիկ Գելա Կոբաիձեն։ Ընթացիկ նախագծի համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս նոր ավտոճանապարհի հատվածներից մեկը կանցնի Փասանաուրի ավանի վերևով։ Պետությունը նախատեսում է երկայնքով հորատել հանգստավայրի վերևում գտնվող լեռնային համակարգը, որտեղ կկառուցվեն թունելներ և դրանք իրար միացնող կամուրջներ։

«Վտանգը շատ մեծ է։ Սա հողի, ժայռի, խճի շատ մեծ զանգված է, որն անդառնալի աղետի պատճառ է դառնալու և, ցավոք, շատ մարդկանց կյանքեր է խլելու։

Հետո ներողություն խնդրելն այլևս ընդունելի չի լինի, և իսկապես այլևս ուղղաթիռների կամ փրկարարական խմբերի կարիք չի լինի»,- ասում է Փասանաուրիի մեկ այլ բնակիչ Անի Քավթարաձեն։

Լեռները, որոնց ստորոտին կառուցված է հանգստավայր, միշտ քանդվում են և հաճախ բնութագրվում են սելավներով։ Տեղացիները կարծում են, որ լեռան լրացուցիչ հորատման և ինժեներական գործընթացները Փասանաուրիում կհանգեցնեն անխուսափելի աղետի։

Նինո Գուջարաիձե, «Կանաչ այլընտրանքի» գործադիր տնօրեն. «Ընտրվել է երթուղի, որը հատկապես վտանգավոր է մեզ համար և առաջին հերթին Փասանաուրիի բնակչության համար»։

Վրաստանը շտապում է Ռուսաստանի հետ կապող ճանապարհ կառուցել։ Սակայն, անհասկանալի է, թե դա ինչ օգուտներ կբերի երկրին:

Էթեր Վեշագուրի՝ Խադայի հովտի բնակիչ. «Դժբախտացրեց Խադայի հովիտը։ Դա ոչնչով չօգնեց: Երբ ​​կեսգիշերին անձրև է գալիս, դուրս եմ վազում: Մեծ վերարկու ունեմ դրանով եմ փաթաթվում։ Լսում եմ, եթե գետինը շարժվի, ես այնտեղ եմ վազելու։ Շատ եմ վախենում..․ Դե, եթե հայտարարում են, որ անձրև է գալու և կգա, մեկ-մեկ գնում եմ վերևի հարևանի մոտ, երբեմն վազում եմ Քվեշեթի: Մի օր մի տեղ մի օր ուրիշ տեղ։ Երբեմն նաև աղջիկների մոտ եմ գնում»:

Բնապահպան Նինո Գուջարաիձեն այս նոր ճանապարհային նախագծի գլխավոր քննադատներից մեկն է։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է խնդիրը և ունի կոնկրետ դիտողություններ․ «Ցանկացած նման լայնածավալ նախագծին նախորդում է տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Իրականացնողը պետք է փաստի, թե ինչու է մեզ անհրաժեշտ այս ճանապարհը: Մենք իհարկե հարցրել ենք այդ մասին և ճանապարհային վարչությունից ասացին, որ մեր խնդրանքով քննարկել են փաստաթղթի արժեքը և որոշել են, որ դա իրենց կոմերցիոն գաղտնիքն է»։

Գուջարաիձեին վերադառնում ենք հենց իր հարցով.

- Այդ դեպքում ինչո՞ւ է այս ամենն արվում, եթե մենք չենք կարող դրանից օգուտ քաղել։

- Դե, սա սկզբունքորեն շատ տրամաբանական հարց է և հավանաբար բոլորս ունենք մեր պատասխանները։

Տեղացիներն ասում են, որ այն, ինչ տեղի է ունենում Լարսի հետ կապող հին՝ այսպես կոչված ռազմական ճանապարհին, երբևէ նման բան չի եղել։ Իրավիճակը փոխվել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Այսօր Վրաստանը Ռուսաստան գնացող ապրանքների հիմնական խողովակներից մեկն է։ Եվ չնայած լավ եղանակին, Ջվարիի լեռնանցքում խցանումներ են ստեղծվում:

  • 2021 թվականին Վրաստանի ճանապարհներներով երթևեկել է 332 070 բեռնատար։
  • Արդեն 2022 թվականին՝ պատերազմի սկսվելուց հետո, այս թիվը հասել է 450 հազարի։
  • Միայն այս տարվա առաջին 7 ամիսներին Վրաստանի միջանցքից օգտվել է մոտ 300 հազար բեռնատար։

Մանանա Քոչլաձե, «Կանաչ այլընտրանքի» տնօրեն. «Հատկապես վերջին տարիներին նկատվում է Ռուսաստան մեկնող բեռների զգալի աճ։ Մոտ 16 տոկոսով աճել է 2022 թվականին»։

Եթե ​​կարդանք Հյուսիս-Հարավ միջանցք ծրագրի նպատակները, ապա կտեսնենք, որ առաջնահերթություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումների խթանումն է։

Մանանա Քոչլաձե. «Մենք հաճախ ենք լսում, որ այդ տարանցման ավելացումը լավ է այն բանի համար, որ գումարներ կմտնեն բյուջե։ Բայց իրականում դա պետք է հշվել որպես ծախս և օգուտ։ Այսինքն՝ իրականում որքան է տարանցումը բերում, և որքան ենք մենք ծախսում ճանապարհների վերականգնման վրա»։

Ասիական զարգացման բանկի պատվերով կատարված ուսումնասիրության մեջ կարդում ենք, որ Վրաստանում 400 կիլոմետր ճանապարհ անցնող մեկ բեռնատարը 200 դոլարի վնաս է հասցնում ճանապարհային ենթակառուցվածքին։ Ճանապարհի օգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Եթե ​​այն հաշվարկեք դոլարի ներկայիս փոխարժեքով, ապա այն կազմում է մոտ 130 դոլար։ Այսինքն՝ տարանցիկ հարկը ծածկում է վնասի միայն 65 տոկոսը։

Մանանա Քոչլաձե.«Վրաստանում ճանապարհները բավականին թանկ են։ Մլեթայի այս հատվածի պահպանումը, ինչպես նաև Կոբի-Քվեշեթի հատվածի սպասարկումը մեզ վրա տարեկան կիլոմետրը ինչ-որ տեղ մինչև 15 000 դոլար կարժենա»։

Փաստաթղթերում, որպես այս ճանապարհի կառուցման մեկ այլ պատճառ, նշվում է տարածաշրջանում զբոսաշրջային ներուժի խթանումը։ Մի կողմից նրանք ուսումնասիրության մեջ գրում են, որ հովտի տեղական բնակչությունը, մշակութային ժառանգությունն ու լանդշաֆտը տուրիստական գրավչություն են հաղորդում այս վայրին։ Մյուս կողմից, մենք ստացանք պատկեր, երբ Խադայում ոչ մարդիկ կբնակվեն, ոչ էլ բնությունը կլինի բնական։

Սոփիո Ափցիաուրի. «Խադան հայտարարված էր որպես հանգստավայր, իսկ երբ սկսեցին այս ճանապարհը, հիմա ոչինչ չի մնացել»։

Սոփիո Ափցիաուրիի ամուսինը՝ Նիկալա Ռոստիաշվիլին իրեն վատ է զգում, որ 88 տարեկանում ստիպված է լքել այն վայրը, որտեղ անցկացրել է իր ողջ կյանքը։

- Ուր գնանք, ասում են հեռացեք, գումար ենք տվել՝ որտեղ ուզում եք կառուցեք։

- Հիմա այս փողով, այս գնով շրջակա գյուղերում տուն չե՞ք կարող գնել։

- Հնարավոր չէ։ Այն, ինչ այստեղ գին ունի, բավական չէ նույնիսկ բլոկների և ցեմենտի համար։

«Իրականում, այս հովիտը ամենալավն էր, անձեռնմխելի, և լավ պլանավորման պայմաններում հնարավոր էր այնպես անել, որ շահ ստանար և՛ բնակչությունը՝ էկոտուրիզմով, և՛ պետությունը, քան այս ճանապարհի կառուցմամբ։

Ամենամեծ կամուրջներից մեկը, որը պետք է լինի 500 մետր, կարծում են, որ դա պետք է գեղեցկացնի Խադայի հովիտը։ Ոչ միայն այդ կամուրջը, այլ եթե նույնիսկ ուրիշ ավելի լավ կամուրջներ նկարվեն, ինչպե՞ս կարող են դրանք արժեքավոր բան ավելացնել այս հովտին», ասում է Քոչլաձեն։

Նինո Գուջարաիձե. Դա բնության սիրահարների համար գրավիչ վայր էր, այն մարդկանց համար, ովքեր սիրում են զբոսնել բնության գրկում: Զբոսաշրջիկները չեն քայլում մայրուղով։ Միգուցե մայրուղով քայլում է ռուս զբոսաշրջիկ, ով ցանկանում է մտնել ձեր երկիր։

Մանանա Քոչլաձե. Մենք գիտենք, որ այստեղ մարդիկ ապրել են նեոլիթյան ժամանակաշրջանից: Այն Վրաստանի պատմության համար շատ կարևոր հովիտ է։ Մի քիչ այն կողմ հնագիտական պեղումներ են եղել, որտեղ հայտնաբերվել է պատմական համալիրի մի մասը, սակայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ այս պատմական համալիրը հատում է ճանապարհը, հնագիտական հետազոտությունները դադարեցվել են։

Փասանաուրին՝ ոչնչացման եզրին

Իրենց բողոքն արտահայտելու համար Փասանաուրցիները հավաքվել են, և հանդիպմանը բոլորն ասել է ընդհանուր ասելիքը․

- Թունելների մասին չպետք է խոսք լինի և վերջ։

- Մեզ վրա նույնիսկ ծիծաղեցին, թե բանվորները ձեր բնակարանները կվարձեն, եկամուտ կունենաք։ Ի՞նչ բնակարաններ են վարձակալելու։ Մենք ո՞ւր գնանք բա։

- Պատկերացրեք, եթե այս մարդկանց տեղահանեն, որի բնակիչներից մեկն էլ ես եմ։ Հետո ի՞նչ անենք այն մարդկանց հետ, ովքեր ապրում են ներքևի մասում։ Ահա մի պարզ օրինակ՝ նախորդ տարի՝ 2022 թվականի ապրիլ ամսին, ջրհեղեղների հետևանքով այս գետը վարարեց և հեղեղեց ամբողջ Փասանաուրին։

Մինչ այդ նույն մարդիկ դուրս են եկել պետության ներկայացուցիչների դեմ, երբ ճանապարհային վարչությունը ներկայացրել է Խանդո-Փասանաուրի շրջանցիկ ճանապարհաշինության նախագիծը Փասանաուրիի կենտրոնում։ Փասանաուրցիները դժգոհում էին, որ.

- Այդ հողերը չեն ուսումնասիրվել։ [Երկրաբանները] լեռներ չեն բարձրացել։

- Դուք պատասխանատու ե՞ք, եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի։

- Եթե մի բան լինի, պետության սուգն ինձ կօգնի՞։

Ժողովը վարող ավտոճանապարհային վարչության փոխնախագահ Սալոմե Ծուրծումիան հեռացավ՝ չպատասխանելով մեր հարցին, թե այս նոր մայրուղին ինչ օգուտ կբերի պետությանը։

Գելա Կոբաիձեի և ևս երկու տեղացիների հետ մենք բարձրացանք սարը, որպեսզի տեսնենք լանջերին տիրող իրավիճակը։

Գելա Կոբաիձե. «Ահա, այս ծառերն այնտեղից է եկել։ Ահա այն լանջը, որը պոկվել է: Խոտը դեռ չի աճել դրա վրա։ Լավ երևում է, որ նոր է փլվել։ Ժայռը անկայուն է, այն արդեն շարժվել է։ Ինչպես կարող պատը կանգնեցնել սա։ Սրանք գիգատոննաներ են, ոչ թե մեգատոննաներ: Ո՞ր պատը կպահի դա: Ո՞ր ամրացումը։

-Ձեզ ասում են՝ պատո՞վ կպաշտպանեք։

- Հա, ասում են պատեր կկառուցվեն... Եկեք այստեղ հետագա արհեստական ​​սողանքային պրոցեսներ չառաջացնենք, էրոզիա... Էս սարը շատ չանհանգստացնեն։ Մենք շատ լավ գիտենք այս լեռների բնավորությունը։ Այս սարերը ոչ մեկին չեն ների նման ոտնձգություն։

- Երբ դուք այստեղ էիք բնակվում, պատկերացնո՞ւմ էիք, որ այստեղ այդքան մեծ թունել է կառուցվելու։

- Ոչ, չէինք պատկերացնում, ու չեն կառուցելու։ Որովհետև մենք դուրս ենք գալու ու բողոքելու ենք, իսկ եթե տանկերը հանեն, կկանգնենք դրանց առաջ։ Մենք թույլ չենք տալու այս թունելի կառուցումը։ Հիմա այստեղ շատ չենք, երեքով ենք, քանի որ շատերը չէին կարող գալ, բայց եթե պետք լինի՝ շատ մարդ դուրս կգա։

Ռուսաստանին կապող ճանապարհի միայն Կոբի-Քվեշեթի հատվածի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար։ Ընտրված ճանապարհային երթուղիները հաճախ պահանջում են գոյություն ունեցող ենթակառուցվածքների տեղափոխում: Այդպիսին է Ժինվալիի հատվածը։

Մանանա Քոչլաձե. «Այս գոտում շատ ենթակառուցվածքներ են անցնում։ Բացի GWP-ից, կա նավթագազային ընկերության խողովակաշար, որը գալիս է Ռուսաստանից և գնում Հայաստան։ Կան նաև էլեկտրահաղորդման գծեր, որոնք արդեն պատկանում են «Էներգոպրոյին», ինչպես նաև «Սոկարի» գազատարը։ Այս ամենը տեղափվելու է»:

Նինո Գուջարաիձե. «Նախ պետք է պարզաբանել,

թե ինչու ենք այդքան մեծ ծախսեր անում և ինչո՞ւ ենք հանդուրժում։ Ի՞նչ արժե այն մեզ համար: Երբ ընտրվում են նման բարդ երթուղիներ, միակ տրամաբանական կասկածը, որ առաջանում է, շինարարության ծախսերից որոշակի օգուտ տեսնելու հնարավորությունն է։

Ամերիկյան ճարտարագիտության ազգային ակադեմիայի հետազոտությունը հաստատել է, որ համաշխարհային ճարտարագիտության/շինարարության ոլորտում ամեն տարի ավելի քան 500 միլիարդ դոլար է կորչում կոռուպցիոն ճանապարհով։ Միջազգայնորեն ընդունված է, որ պետական ​​ֆինանսավորմամբ ճանապարհաշինական ծրագրերը հատկապես կոռումպացված են բոլոր մյուս ոլորտների համեմատ:

Մանանա Քոչլաձե. Մինչև Լարս հատվածը բաժանված է երկու մասի։ Մեկը չորսուկես կիլոմետր է, մյուսը՝ մեկուկես կիլոմետր, իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետև Վրաստանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության օրենսգրքի համաձայն, եթե ճանապարհը հինգ կիլոմետրից պակաս է, այն չի ենթարկվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սակայն միևնույն է այդ չորսուկես հատվածը գնահատվում է շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ, բայց այստեղ, որտեղ ամենադժվար հատվածն է, որը երևում է մուտքից, քանի որ շատ նեղ է, շատ խնդրահարույց է, չափազանց շատ առարկաներ կան, որոնց ձեռքով չի կարելի դիպչել, դրանից խուսափել են։

Սակայն կա մեկ այլ՝ ռազմաքաղաքական ռիսկ։

Օկուպանտի շահած ժամանակը

Գնդապետ Լաշա Բերիձե. «Ոչ ոք չի կարող մեզ օդից գրավել: Զինվորները պետք է մտնեն, պետք է վերահսկողություն սահմանեն: Որպեսզի Ռուսաստանը գրավյալ տարածքից հարձակվի Թբիլիսիի վրա. Թբիլիսին մեծ քաղաք է, ուժեր են պետք այն գրավելու համար։ Ինչ-որ տեղ 100 հազարից ավելի զինվոր է պետք, եթե հաշվի առնենք, որ Վրաստանի զինված ուժերը պաշտպանելու են։

Ռուսաստանից ավելի քան երկու շաբաթ կպահանջվի գրավյալ տարածք այսպիսի ուժ մտցնելու համար, որը ոչ մի դեպքում աննկատ չի մնա։ Վրաստանի կառավարությանը ժամանակ է մնում որպեսզի պատրաստի զինված ուժերը, որպեսզի մոբիլիզացիա հայտարարի, ժամանակ է մնում, որ միջազգային գործընկերներից ինչ-որ օգնություն ստանա, ազդեցություն գործի Ռուսաստանի վրա։ Ժամանակ կլինի դրա համար։ Այս ճանապարհի պայմաններում նման ժամանակ չի մնա։ Վրաստանի կառավարությունը կարող է նույնիսկ չկարողանալ մոբիլիզացիայի մասին հայտարարել։

Իսկ եթե հաշվենք վերջին 200 տարիները, ապա վտանգը միշտ գալիս է հյուսիսից»։

Մանանա Քոչլաձե. «2022 թվականին, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում և մի շարք պատժամիջոցներ սահմանվեցին և դադարեցվեց բեռների տարանցումը Եվրոպայից Ռուսաստան՝ Վրաստանը դարձավ այն տարանցիկ երկրներից մեկը, որտեղով Ռուսաստանը բեռներ է ներմուծում, ինչպես Իրանից և Հայաստանից, այնպես էլ ավելացել է թուրքական բեռնատարների տարանցումը»։

Նինո Գուջարաիձե. «Նախ իմանանք, թե ինչպիսի ուղի ենք ընտրել:

Եթե Ռուսաստանի հետ լավ ու մեծ տարողունակ ճանապարհ է պետք, նշանակում է ինչ-որ ծրագրեր ունենք։ Դա միայն ճանապարհի խնդիր չէ, դա պետական կուրսի խնդիր է:

Եվ հետևաբար դուք արդեն որոշումներ եք կայացնում, թե ինչ զարգացնել, ինչպես զարգացնել, ինչ ծրագրեր ունեք կոնկրետ երկրի հետ հարաբերությունների առումով։ Արդյունքները, որ մենք տեսնում ենք, և ինչպես է իրականացվում այս նախագիծը` հասարակական կարծիքի զգալի անտեսմամբ և որևէ բան փոխելու բացարձակապես առանց ցանկության, հուշում է, որ սա շատ կոնկրետ նպատակ է, որին նրանք ցանկանում են հասնել ամեն գնով»:

Բացի անձրևի և սողանքների հետ կապված վախից, Էթեր Վեշագուրին մեկ այլ մտավախություն ունի. «Մարդիկ վախենում են։ Այս ճանապարհը շատ վտանգավոր է։ Ռուսաստանն արդեն չի վախենա ոչ ձմեռվանից, ոչ էլ ամառվանից, երբ ուզեն մեզ կհարվածեն։

Գնդապետ Լաշա Բերիձե. «Պետք չէ միայն մեր մասին մտածել։ Մենք պետք է մտածենք հաջորդ սերնդի մասին։ Խորհրդային Միության տարիներին ոչ ոք չի մտածել Ռոկիի թունելի մասին։ Այն ժամանակ երևի չէին էլ կարող մտածել, ես այդ մարդկանց չեմ մեղադրում։ 90-ականներին Զվիադ Գամսախուրդիայի իշխանությունը կանգնած էր լուրջ խնդրի առաջ, իշխանությունը ուներ լուրջ խնդիր․ դա մաքսանենգության, պետության հյուծման ուղիներից մեկն էր, իսկ 2008-ին դա մեր ամենալուրջ խնդիրն էր»։

Հնարավոր է նա շատ ուղղություններ ունի, բայց մենք չպետք է թշնամու համար հեշտացնենք մեզ նվաճելը։ Մենք պետք է հնարավորինս դժվարացնենք։ Այս ճանապարհը դա շատ է հեշտացնում»:

Հեղինակներ՝ Դավիթ Թամազաշվիլի, Լաշա Ճոնքաձե

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։