Ջավախեթիում ապրող հազարավոր մարդիկ, ովքեր ծնվել մեծացել ու մինչև հիմա այնտեղ են ապրում, մնացել են առանց Վրաստանի քաղաքացիության։ Կառավարությունը քաղաքացիության վերականգնման համար նրանցից պահանջում է վրաց լեզվի քննություն հանձնել, իսկ 35-40 տարեկանից բարձր Ջավախեթիի բնակչության մեծ մասը վրաց լեզվին մասնակի, կամ ընդհանրապես չի տիրապետում։ Չգիտեն, որովհետև ոչ դպրոցում էին սովորեցնում, ոչ շրջապատում ունեին ինչ-որ մեկին ում հետ վրացերեն կխոսեին, ոչ էլ ցանկություն ու անհրաժեշտություն կար։ Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով, նրանք չեն օգտվում նաև համընդհանուր առողջապահական ծրագրից, ինչը Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ծանր տնտեսական բեռ է դառնում։ Շուրջ 3 հազար մարդ չի մասնակցում նաև ընտրություններին և կտրված է քաղաքական կյանքից։
63 տարեկան Կամո Սիմոնյանը վիրահատության համար վերցրած պարտքի համար այսօր էլ է վճարում։ Սրտի ստենտավորման համար հիվանդանոցում վճարել է 6000 լարի, մինչդեռ Վրաստանի քաղաքացիների համար այս վիրահատության 80-90 տոկոսը պետությունն է ֆինանսավորում։ Կամոյին վիրահատության ֆինանսավորման համար մերժել են, քանի որ նա 2013 թվականից Վրաստանի քաղաքացիություն չունի՝ դադարեցվել է։
«2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանի քաղաքացիների այնտեղ մուտք գործելը, մնալն ու աշխատելը դժվարացավ։ Ջավախեթիի բնակչության մեծ մասը Ռուսաստանում է աշխատում և այնտեղից պահում իրենց ընտանիքները։ Այստեղ աշխատատեղ չկա։ Այդ պատճառով Ջավախեթիում ապրող շատ մարդիկ ստացան Հայաստանի քաղաքացիություն։ Վրացական անձնագրով և վիզայով Ռուսաստանում կարող էինք գտնվել միայն 3 ամսով, իսկ Հայաստանի անձնագրով՝ 1 տարով։ Այստեղից դուրս եկա վրացական անձնագրով, իսկ Հայաստանից Ռուսաստան՝ Հայաստանի քաղաքացու անձնագրով»,- նույն տարում Վրաստանի Արդարադատության նախարարությունից Կամո Սիմոնյանին Նինոծմինդայի Ժդանով գյուղում գտնվող իր տան հասցեում տեղեկացրին, որ քաղաքացիությունը դադարեցվել է։
2013 թվականին քաղաքացիության մասին Վրաստանի օրգանական օրենքում փոփոխություն մտցվեց, որի համաձայն՝ բացի սահմանադրությամբ սահմանված բացառության դեպքերից, Վրաստանի քաղաքացին միևնույն ժամանակ չէր կարող լինել այլ երկրի քաղաքացի։ Վրաստանի քաղաքացիությունը մեխանիկորեն կորցրին մարդիկ, ում մոտ արձանագրվել էր այլ երկրի քաղաքացիություն։
Կամո Սիմոնյանի համագյուղացին է նաև 38 ամյա Ժորա Անտանոսյանը։ 2013 թվականին նա նույնպես ստացել է Հայաստանի երկքաղաքացիություն։ «Այստեղ միայն հովիվ կարող էի աշխատել, այլ աշխատանք չկար։ Երկու փոքր երեխա ունեմ։ Ես էլ գնացի Ռուսաստան, որ ընտանիքս պահեմ։ Մեկ տարի անց, երբ վերադառնում էի Վրաստան, այն ժամանակ տեղեկացրին, որ Հայաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով իմ Վրաստանի քաղաքացիությունը դադարեցվել է»։
Հստակ վիճակագրություն այն մասին, թե Ջավախեթիում ապրող քանի մարդ է կորցրել Վրաստանի քաղաքացիությունը՝ գոյություն չունի, սակայն Ժդանովում այդ խնդիրն ունեցողները ավելի քան 20-ն են։
Իրավաբան Գուրգեն Եզոյանը 2018-2019 թվականներին աշխատում էր Ախալքալաքի Արդարադատության տանը՝ քաղաքացիության և միգրացիայի հարցերով։ «Այս ժամանակահատվածում մեզ մոտ եկող ամեն 3-րդ կամ 4-րդ մարդը քաղաքացիության հետ կապված խնդիր ուներ»։
2018 թվականի հոկտեմբերին, նախագահական ընտրություններից առաջ, Ջավախեթի այցելած նախագահի թեկնածու, իշխանության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին շրջանի բնակիչներին խոստացավ ընտրություններում հաղթելու դեպքում երկքաղաքացիություն շնորհել։
Նախընտրական հանդիպումների ժամանակ Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը տեղի բնակիչներին վստահեցնում էր, որ ավելի քան 1500 քաղաքացու փաստաթուղթ է փոխանցել Սալոմե Զուրաբիշվիլիին և վերջինիս նախագահ ընտրվելու դեպքում այս մարդիկ մեխանիկորեն կստանային Վրաստանի քաղաքացիություն։ Զուրաբիշվիլին Ջավախեթիում ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների գրեթե 60 տոկոսը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիությունը ձեռք է բերվում ծննդյան կամ նատուրալիզացիայի միջոցով, ինչը ենթադրում է Նախագահի կողմից քաղաքացիության շնորհում սովորական, պարզեցված, բացառության կամ վերականգնման եղանակով: Անձը պետք է դիմել Ծառայությունների զարգացման գործակալություն՝ քաղաքացիության վերականգնման ժամանակավոր իրավունք ստանալու համար և հանձնել վրացերենի համապատասխան թեստը։ 2020 թվականին գործակալությանը դիմել է 7123 քաղաքացի՝ քաղաքացիության պահպանելու, վերականգնելու, բացառության կարգով շնորհելու և հաստատելու խնդրանքով։ Տվյալները չեն արտացոլում միայն Ջավախեթիի բնակիչների դիմումները։
Կամո Սիմոնյանը Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար երկու անգամ փորձել է քննություն հանձնել, ծառայության համար վճարել է 250 լարի, սակայն երկու անգամ էլ չի կարողացել հանձնել քննությունը․
«Ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել, կոլտնտեսությունում էի աշխատում։ Երբ մարդը տարիքն առնում է, պետությունը կատարած աշխատանքի համար պետք է թոշակ տա։ Իսկ ես այդ թոշակը նույնիսկ չեմ ստանա։ Երկու անգամ եղել եմ Արդարադատության տանը, վճարել եմ 250 լարի, սակայն քննությունը չեմ հանձնել, քանի որ լեզուն չգիտեմ։ Դպրոցում մեր վրաց լեզվի ուսուցիչը հայ էր, իսկ վրաց լեզվի դաս՝ շաբաթը մեկ անգամ ունեինք։ Մարդ ինչքան լեզու գիտի, այնքան հարուստ է։ Այստեղ դուխոբորներ էին ապրում, հարաբերություններ ունեինք, ռուսերեն գիտեինք։ Հայերն ու վրացիները միասին որ ապրեին, ես էլ վրացերեն կիմանայի։ Քննության թեստերը ներբեռնել էի հեռախոսի մեջ և սովորում էի, սակայն այնպիսի հարցեր է գալիս, որ եթե լեզու չգիտես՝ չես կարող պատասխանել։
Կինս, երեխաներս, թոռներս, բոլորն այստեղ են։ Բացի ինձնից բոլորը Վրաստանի քաղաքացիներ են։ Որ իմանամ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում կվերադարձնեն Վրաստանի քաղաքացիությունը, հենց հիմա պատրաստ եմ դիմումը գրել։
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնել փորձել է նաև Ժորա Անտանոսյանը։ Նրան նույնպես երկու անգամ մերժել են, պատճառը՝ վրաց լեզվի և պատմության ոչ բավարար իմացությունն է։ «Դպրոցն ավարտելուց արդեն 20 տարի է անցել։ Այսքան տարի հայերեն էլ որ չխոսեի, դա էլ կմոռանայի։ Համ էլ առաջ դպրոցում վրաց լեզուն սովորելու համար այնքան պահանջ չկար, ինքան հիմա։ Գրել-կարդալ գիտեմ, դպրոցից հիշում եմ։ Ամբողջ օրը աշխատում եմ կամ անասունների համար, կամ տան այլ գործերով։ Ժամանակը շատ քիչ է, որ թեստերը սովորեմ, ձմռանը ինչ-որ կերպ պետք է կարողանամ սովորել։ Արտերկիր գնալ չեմ պատրաստվում։ Ինձ համար ավելի լավ է այստեղ՝ իմ հայրենիքում մնալ, սակայն անպայման պետք է Վրաստանի քաղաքացիություն ունենանք։ Հիմա բնակության իրավունք ունենք ու դրա հիման վրա ենք այստեղ»։
Ի՞նչ է առաջարկում պետությունը Ջավախեթիի բնակչությանը վրաց լեզվի ուսուցման համար։
2010 թվականից Վրաստանում իրականացվող 1+4 կրթական ծրագրից միայն շրջանավարտներն են օգտվում։ Նրանք 1 տարվա ընթացքում անցնում են վրաց լեզվի նախապատրաստական կուրսը և 60 կրեդիտ հավաքելու դեպքում, ուսումը շարունակում են ցանկալի ֆակուլտետում։ Ծրագրի մասնակիցների թիվն ամեն տարի աճում է։
Այլ հետաքրքրվող անձինք վրաց լեզու սովորելու հնարավորություն ունեն Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում։ Ջավախեթիում ուսումնական կենտրոններ կան և՛ Նինոծմինդայում, և՛ Ախալքալաքում, սակայն այս հնարավորությունից բոլոր ցանկացողները չեն օգտվում։ Ջավախեթիի գյուղերում չկա հասարակական տրանսպորտ, իսկ տաքսին թանկ արժե։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ուսուցումն իրականացվում է առցանց ձևաչափով, սակայն Ջավախեթիի շատ գյուղերում ինտերնետը վատ որակի է, կամ անհասանելի։
Իրավաբան Գուրգեն Եզոյանը կարծում է, որ քաղաքացիության մասին օրենքում պետք է փոփոխություններ մտցվեն և պարտադիր քննությունը բոլոր կատեգորիաներին չվերաբերի․
«Ավելի տարիքով մարդկանց դեպքում ընթացակարգը պետք է պարզեցվի։ Այս առումով պետությունն ավելի հանդուրժողական քաղաքականություն պետք է վարի»։
«Ավագ սերունդը կրթվել է խորհրդային կամ հետխորհրդային շրջանում, երբ կրթական համակարգը չէր համապատասխանում այն տարրական չափանիշներին, որպեսզի այդ մարդիկ ավելի ինտենսիվորեն սովորեին պետական լեզուն, կամ ստանային որակյալ կրթություն։ Իհարկե, այսօր նրանք չեն տիրապետում վրացերենին։ Միևնույն ժամանակ, հենց այն պատճառով, որ այդ գյուղերը կենտրոնից ավելի հեռու են գտնվում, վրացական և հայկական գյուղերի միջև կապը շատ թույլ է, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները, ոչ էլ տնտեսական հարաբերությունները այս հատման կետը բնականորեն չեն ստեղծում, և այս մեկուսացումը բարդացնում է վրացերենի ուսուցումը։ Ուստի կարևոր է հենց համայնքին չմեղադրել պետական լեզվի չիմացության համար։ Մեր հիմնական կոչը պետությանն այն է, որ որոշակի հասակի մարդկանց համար, ովքեր տուժել են այս տնտեսական կատակլիզմներից և ստիպված են եղել այդ ընտրությունը կատարել՝ գոյատևելու համար, վարչական պրակտիկայով կարգավորվի և նրանց համար սահմանվի արտոնություններ քննություններին, որպեսզի հեշտացված կարգով կարողանան հանձնել քննությունը, կամ հնարավոր է այս խմբի համար պահանջվի բացառիկ իրավական կարգավորում՝ լեզվի քննության վերացում և բացառության կարգով քաղաքացիության շնորհում», - ասում է Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն:
Ջավախեթին ներառում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները։ 2014 թվականին Վրաստանում անցկացրած մարդահամարի տվյալներով Ախալքալաքում ապրում է շուրջ 45 000 մարդ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ շուրջ 24 500։ Բնակչության ավելի քան 90 տոկոսը ազգությամբ հայ է։ Վրաց լեզվին տիրապետում է բնակչության միայն 12 տոկոսը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուներն անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։
Ջավախեթիի համայնքային կազմակերպության տվյալներով, աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։
«Հաճախ Ջավախեթին նշվում է որպես անվտանգության տեսանկյունից խնդրահարույց տարածաշրջան, կարծես թե այստեղ ռուսամետ տրամադրությունները բարձր են, և այն կարող է հենակետ դառնալ որոշակի քաղաքական նպատակների համար։ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնականում տնտեսական են և ոչ այնքան քաղաքական։ Իհարկե, Ջավախեթիում կան առանձին շահագրգիռ խմբեր, որոնք, ամենայն հավանականությամբ, գործում են ռուսական շահերով և ֆինանսավորմամբ, թեև այս նարատիվն ու գործողությունները լայն աջակցություն չունեն տեղի համայնքում:
Հետևաբար, կարծում եմ, որ Ջավախեթիում Ռուսաստանի հետ կապված մտավախությունները չափազանցեծված են, սակայն եթե այստեղ նկատվում են այդ կապերը, ապա դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ շրջանը հենց Վրաստան պետության կողմից է տնտեսապես լքված և չի ստանում համապատասխան աջակցություն։
Տարիներ շարունակ այս տարածաշրջանը կառավարվում էր Մկոյանի կլանի կողմից, հաճախ հանցավոր և բռնի մեխանիզմներով, և դա թույլատրվում, նորմալացվում և հանդուրժվում էր Վրաստանի իշխանությունների կողմից։ Հետևաբար, եթե Ջավախեթիի տարածաշրջանում խնդիր ունենք, կլինի դա մշակութային մեկուսացումը, ժողովրդավարության բացակայությունը, աշխատանքային բարձր միգրացիան, որն ուժեղացնում է կապը Ռուսաստանի հետ, առաջին հերթին Վրաստանի խնդիրն է։ Հարկ է նշել նաև լրատվամիջոցների հարցը և էթնիկ փոքրամասնությունների տեղեկատվական դուրսմղումը վրացական ընդհանուր տեղեկատվական և հաղորդակցական դաշտից», - ասում է Թամթա Միքելաձեն։
Ջավախեթիի գյուղերի բնակչության մի մասի համար հասանելի չեն վրացական հեռուստաալիքները։
Հեղինակներ՝ Հարութ Մալխասյան, Լաշա Օրջոնիկիձե