Նախադպրոցական կրթության հասանելիության տագնապալի տվյալներ` Քվեմո Քարթլիում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ծալկայի մունիցիպալիտետում նախադպրոցական կրթությունը հասանելի չէ առնվազն 979 երեխայի համար, գյուղ Ախալշենի, 2022 թվականի սեպտեմբեր / Վրաստանի լուրեր

Նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը համընդհանուր և հասանելի են համապատասխան տարիքի բոլոր երեխաների համար, - Վրաստանի օրենսդրությամբ կրթություն ստանալու իրավունքը բառացիորեն այսպես է երաշխավորված: Մունիցիպալիտետը պարտավոր է ներդնել և ապահովել երեխաների համար նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը, - Օրենքով այն ամրագրված է, սակայն բարձրլեռնային և ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում իրավիճակը ծայրահեղ ծանր է և անհավասար։

Ծալկայի մունիցիպալիտետում նախադպրոցական կրթությունը հասանելի չէ առնվազն 979 երեխայի համար։ Մանկապարտեզ կա միայն Ծալկա քաղաքում և մունիցիպալիտետի 43 գյուղերից վեցում։ Բնակչության 39 տոկոսը ազգությամբ հայեր են։ Միակ հայաբնակ գյուղը, որտեղ մանկապարտեզ կա, Ղիզիլքիլիսան է՝ 26 նախադպրոցական հասակի երեխայով:

Ախալշենի գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի Դիանա Ծուլուկիձեն չի տարբերվում նրանցից, ովքեր ստիպված են եղել գյուղից տեղափոխվել Ծալկա՝ երեխաներին նախադպրոցական կրթություն տալու համար։ Ավելի մոտ ոչ մի տեղ մանկապարտեզ չկա: Ծալկայի միակ նախադպրոցական ուսումնական հաստատությունը ծանրաբեռնված է, ունեն 160 երեխա և տարածքի փոքրության պատճառով երեխաներին ընդունում են միայն 3 տարեկանից.

«Մեծ երեխաս գնում էր մանկապարտեզ, բայց երկրորդը դեռ 3 տարեկան չկար և չընդունեցին։ Ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել Լեհաստան։ Ես տանը մարդ չունեի, որ  երեխային կարողանայի թողնել նրա մոտ։ Ախալշենի դպրոցում աշխատում եմ որպես տարրական դասարանների ուսուցիչ։

Image

Դիանա Ծուլուկիձե, Ախալշենի դպրոցի ուսուցչուհի

Շատ են եղել դեպքեր, երբ երեխային հետս բերել եմ աշխատանքի։ Երբ քնում էր մեքենայի մեջ, նրան թողնում էի այնտեղ ու այդպես անցկացնում դասերը։ Մի աչքս մեքենային էր նայում, մյուսը՝ դասարանին։

Դպրոցին մոտ ընտանիքներում, մեր նախկին հարևանների մոտ նույնպես տարել եմ երեխաներին, նրանց մոտ եմ թողել ու վերադարձել դպրոց:

Ախալշենից Ծալկա 16 կիլոմետր է։ Հասարակական տրանսպորտ չի աշխատում: Դիանան փոքրիկ երեխայի հետ ստիպված էր ամեն օր անցնել 32 կիլոմետր՝ ընտանիքի համար անհրաժեշտ եկամուտը պահպանելու և Ախալշենի դպրոցի տարրական դասարանների աշակերտներին առանց ուսուցչի չթողնելու համար։ Նա այս դպրոցում աշխատում է 2013 թվականից՝ «Դասավանդի՛ր Վրաստանի համար» պետական ​​ծրագրի շրջանակներում։ Առանց այս ծրագրի լեռնային գյուղերի դպրոցները որակավորված ուսուցիչներ չէին ունենա։

Տեղական իշխանության ներկայացուցիչները տարբեր ժամանակներում Ախալշենի բնակիչներին ասել են, որ իրենց երեխաներին տանեն Ծալկայի մանկապարտեզ։ Ախալշենում և դրան հարող երկու գյուղերում նախադպրոցական տարիքի 61 երեխա կա։ Քաղաքապետարանը տրանսպորտով նույնպես չի ապահովում։ Սեփական միջոցներով ծնողների համար դժվար է շաբաթը 5 անգամ երեխաներին Ծալկա տանել և բերել։ Ծալկայի մունիցիպալիտետի բնակչության 33,7 տոկոսը (6 368 մարդ) աղքատ է և ստանում է կենսպահովման նպաստ։

400-ից ավելի բնակիչ ունեցող Ախալշենից միայն երկու ընտանիքի է հաջողվում երեխաներին Ծալկա քաղաքում գտնվող մանկապարտեզ տանել։ Սա էլ այն բանի շնորհիվ, որ երկու ընտանիքներից մեկ անդամ աշխատում է քաղաքում։

28-ամյա Ցիրա Միքելաձեն ամուսնու հետ միասին այժմ մեկ սենյականոց բնակարան է փնտրում Ծալկայում՝ Ախալշենից վարձով տեղափոխվելու համար. «Առաջին երեխայիս չկարողացա մանկապարտեզ ուղարկել: Այժմ նա 8 տարեկան է։ Նրա համար շատ դժվար էր դպրոցում սովորելը։ Գյուղում ժամանակ չունենք սեփական երեխաներին դպրոց գնալուն պատրաստելու համար։ Առավոտից երեկո աշխատում ենք։ Չեմ ուզում երկրորդ երեխային նույնպես զրկել այդ հնարավորությունից։ Անցյալ տարի էլ էինք պատրաստվում տեղափոխվել Ծալկա, բայց չստացվեց։ Երեխային գյուղից մանկապարտեզ տանելը մեծ ծախսերի հետ է կապված։ Բացի այդ, պետք է երեխային վաղ առավոտյան արթնացնել, պատրաստել, այդքան երկար ճանապարհ անցնել։ Առավոտյան կարող է ուրիշը տանել, երեկոյան մեկ ուրիշը ետ բերել, չէ՞ որ բոլորը անձնական մեքենա ու այդքան միջոցներ չունեն։ Երեխայի համար վատ կլինի։ Մենք նույնպես մտածելու ենք, թե երեխան ինչպես գնաց, ինչպես ետ եկավ, ում հետ է և այլն: Օրական երկու անգամ տրանսպորտով տեղափոխվելը կհոգնեցնի երեխային»։

Այս ամենի հետ մեկտեղ, եթե նույնիսկ Ծալկայի միակ մանկապարտեզը կարողանա ավելի շատ երեխաներ ընդունել, մեկ այլ պատճառը, թե ինչու Ախալշենի գյուղի ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին Ծալկա տանել, նոյեմբերից մինչև մարտ ամիսը, կլիմայական ծանր պայմաններն են։

Image

28-ամյա Ցիրա Միքելաձեն ամուսնու հետ միասին այժմ մեկ սենյականոց բնակարան է փնտրում Ծալկայում՝ Ախալշենից վարձով տեղափոխվելու համար

Ծալկայի բոլոր գյուղերն ունեն բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ։ Ախալշենը և նրա հարակից գյուղերը գտնվում են ծովի մակարդակից 1640-1860 մետր բարձրության վրա։ Ալպիական գոտում գտնվող Ծալկայի շրջանին բնորոշ ուժեղ ձնաբքի ժամանակ ձյունը հաճախ մի քանի ժամով կամ օրով փակում է ավտոմոբիլային ճանապարհները։

«Կարող են ճանապարհին մնալ։ Ինչպես կարող ես դիմանալ դրան։ Մեր հարևանն էր երեխային այստեղից Ծալկա տանում, բայց արդեն կես տարի է չի տանում։ Այդ իսկ պատճառով ես ու ամուսինս որոշեցինք Ծալկայում բնակարան վարձել և տեղափոխվել»,- բացատրում է Ցիրան, որ ընտանիքը տեղափոխվելու որոշումը կայացրել է երկար մտածելուց հետո՝ ելնելով երեխաների շահերից. «Ամուսնուս ծնողներն այստեղ են մնում, հոգ են տանելու անասունների և հողամասի մասին: Մեր ծախսերն էլ են ավելանում՝ վարձ, կոմունալ: Չգիտենք նաև՝ Ծալկայում աշխատանք կգտնեմ, թե՞ ոչ՝ ավելացած ծախսերը հոգալու համար։ Եթե ​​այստեղ մանկապարտեզ լիներ, չէինք էլ մտածի այստեղից հեռանալու մասին»։

Մարկոիձեների ընտանիքը նույնպես շատ է մտածել, թե ինչպես հաղթահարել երեխային Ախալշենից Ծալկա և հակառակ ուղղությամբ տեղափոխելու խնդիրները։ Այդուհանդերձ, նրանք որոշել են, որ պետք է փորձեն և 5-ամյա Գիգային, որը մեկ տարուց պետք է դպրոց գնա, գրանցել Ծալկայի մանկապարտեզում, 3-ամյա Լուկային գրանցել չի հաջողվել, քանի որ տեղերը սահմանափակ են:

Մերի Մարկոիձեն ասում է, որ ինչ Խուլոյից աղետի հետևանքով տուժածներին վերաբնակեցրել են Ախալշենում, այս 20 տարիների հիմնական պահանջներից մեկը գյուղում մանկապարտեզի բացումն է։ Նույնիսկ ընտրությունների ժամանակ են խոստանում, բայց ընտրություններից հետո «ոչ ոք խոստումը չի հիշում։ Մենք տատանվում էինք, թե ինչպես տանենք երեխային Ծալկա։ Օրական առնվազն 6 լիտր բենզին է անհրաժեշտ, եթե սեփական մեքենա ունես։ Բենզինի համար ամեն ամիս դժվար է հավաքել 600-700 լարի, բայց առանց մանկապարտեզի երեխայի համար շատ դժվար կլինի դպրոց գնալը։ Այդ պատճառով պետք է փորձենք, միգուցե կարողանանք»։

Image

Մարկոիձեների ընտանիքը, գյուղ Ախալշենի

Մինչև Ախալշենը, Բեշթաշեն գյուղն է՝ մոտ 350 բնակչով, այնտեղ է նաև Սամադլոն՝ մոտ 100 բնակչով։ Խառը բնակչությամբ գյուղեր են, կան՝ հույներ, էկոմիգրանտներ Սվանեթիից և լեռնային Աջարիայից։

Ախալշենից վերև են գտնվում Կաբուռ, Խաչկով, Չիվթ-Կիլիսա, Թամալա-Խարաբա գյուղերը։ Բոլոր չորս գյուղերն էլ բնակեցված են ազգությամբ հայերով։ Բնակչությունը կազմում է ավելի քան 1200 մարդ։ Այստեղից Ծալկա գնալը էլ ավելի դժվար է։ Հեռավորությունը մեկ ուղղությամբ 22-27 կիլոմետր է։ Ավտոմոբիլային ճանապարհը գրունտային է և խնդրահարույց։ Խաչկովից մինչև Ծալկա մեքենայով կարելի է հասնել մեկ ժամում։ Նախադպրոցական կրթությունից զրկված են նաև այս գյուղերի 72 երեխաները։

33-ամյա Սասուն Արոյանը երկու երեխա ունի: Ընտանիքի եկամուտը նրա աշխատավարձն է՝ 900 լարի, աշխատում է «Էներգո Պրո Ջորջիայում» որպես էլեկտրիկ։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիում, սակայն վրացերենի չիմացության պատճառով չի կարողացել աշխատանք գտնել, դժվարությամբ է վճարել ուսման ծախսերը, և ստիպված է եղել լքել համալսարանը։ Սասունը կարծում է, որ եթե գյուղում լիներ մանկապարտեզ՝ երկլեզու (բիլինգային) կրթությամբ, ապա այն ամենաարդյունավետը կլիներ վրացերենի ուսուցման և քաղաքացիական ինտեգրման համար.

«Շա՞տ բան ենք խնդրում, կամ մի բան, որն ունենալու իրավունքը չունենք։ Եթե ​​մանկապարտեզ լիներ, երեխաները պետական ​​լեզուն էլ կսովորեին։

Image

33-ամյա Սասուն Արոյանը երկու երեխա ունի, մանկապարտեզ ոչ մեկը չի գնում

Խորհրդային Միությունից հետո այստեղ մանկապարտեզ չի եղել։ Պահանջը միշտ կա, բայց կառավարության կողմից ընդհանրապես ուշադրություն չկա։ Այստեղից Ծալկա և հակառակ ուղղությամբ 50 կիլոմետր է։ Ո՞վ կամ ինչպե՞ս է երեխային տանելու այսքան երկար ճանապարհով ամեն օր, այն էլ ձմռանը։ Այս գյուղերից տղամարդիկ հիմնականում գնում են արտագնա աշխատանքի։ Այնտեղ ինչ վաստակում են, ուղարկում են այստեղ՝ ընտանիքները պահելու համար։ Կանայք նույնպես աշխատում են առավոտից երեկո, հողամաս, անասուններ, տնային գործեր։ Երեխաներին սովորեցնելու և դպրոցին պատրաստելու ժամանակ չի մնում։ Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ որպեսզի սոված չմնանք, պետք է շատ աշխատենք և չենք կարողանում բավարար ժամանակ տրամադրել մեր երեխաներին»։

Համաձայն 2016 թվականին խորհրդարանի կողմից ընդունված «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» Վրաստանի օրենքի, ոչ վրացալեզու մանկապարտեզներում վրացերենով հաղորդակցման հիմնական ունակությունների զարգացումը դարձել է պարտադիր։ Սակայն Քվեմո Քարթլիի գյուղերի մեծ մասում մանկապարտեզներ չկան։

Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ​​ռազմավարության փաստաթղթում ուղղակիորեն գրված է, որ պետական ​​լեզուն սովորելու ամենաարդյունավետ միջոցը նախադպրոցական կրթության մակարդակից սկսելն է.

«Նախադպրոցական կրթությունը դեռևս անարդյունավետ կերպով է օգտագործվում որպես քաղաքացիական ինտեգրման քաղաքականության մշակման ելակետ, հանրակրթության և վրացերենի ուսումնասիրման կարևոր նախապատրաստական ​​գործիք։ Էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններում նախադպրոցական կրթության հնարավորությունների և հասանելիության ընդլայնումը պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների զարգացում, որակյալ նախադպրոցական կրթության համար համապատասխան պայմանների ստեղծում և ռեսուրսների մոբիլիզացում: Նախադպրոցական կրթությունը նպաստում է դեռահասների ճանաչողական, սոցիալական, լեզվական հմտությունների ու կարողությունների զարգացմանը և մեծապես որոշում է դպրոցական պատրաստվածությունը»:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տվյալների համաձայն՝ Վրաստանում վաղ տարիքի երեխաների նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածության մակարդակը կազմում է 69,5%, էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում՝ 25,5% (միջինը), որը գրեթե չորս անգամ պակաս է եվրոպական նպատակային 95% ցուցանիշից։ Անապահով և գյուղական բնակավայրերում ապրող էթնիկ փոքրամասնությունների երեխաների շրջանում ընդգրկվածության մակարդակն էլ ավելի ցածր է:

Կրթության մասնագետների կարծիքով՝ մանկապարտեզը կարևոր դեր է խաղում երեխաների ուսման նկատմամբ դրական վերաբերմունքի և անհատական ​​հատկանիշների ձևավորման գործում, նվազեցնում է վարքագծային խնդիրների առաջացման վտանգը և նպաստում ծնողների զբաղվածությանը։ Նախադպրոցական կրթությունը կարևոր է հասարակության կայուն զարգացման և բոլոր երեխաների համար՝ որպես քաղաքացի, հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ուսումնասիրության՝ վաղ դաստիարակությունն ու կրթության որակյալ համակարգը կարող են էական դրական ազդեցություն ունենալ դպրոցը վաղաժամկետ թողնելու կանխարգելման գործում:

Ինչպես նախորդ տարիներին, Վրաստանի շրջաններում աշակերտների կողմից դպրոցը լքելու ամենաբարձր ցուցանիշը Քվեմո Քարթլիում է։ 2020 թվականին, երկրի մասշտաբով 6704 անչափահաս դադարեցրել է ուսումը։ Նրանցից 2777-ը աղջիկ է, 3927-ը՝ տղա։ Այստեղից 1345-ը գրանցվել է Քվեմո Քարթլիում։ Ուսումնառության դադարեցման հիմքերից առավել տարածվածը՝ 90 ուսումնական օր անընդմեջ աշակերտի կողմից չներկայանալն է ուսումնական գործընթացին։

Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կարծում է, որ դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ներառյալ երեխայի անտեսումը, նրա նկատմամբ բռնության այլ ձևերը, աղքատությունը, երեխաների աշխատանքը և այլն: Այս թեմայով ԿԳ նախարարության վիճակագրության մեջ տեղեկություն չկա։

Իլիա Սաբաձեն 2012 թվականից՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո, Ծալկայի մունիցիպալիտետի մշտական ​​ղեկավարն է։ Նախ նա գամգեբելիի (համայնքապետ) ժամանակավոր պաշտոնակատարն էր, հետո գամգեբելին, հիմա քաղաքապետն է։ Մինչ այդ 12 տարի աշխատել է որպես Պետական անվտանգության նախարարության, ապա հակահետախուզության վարչության Ծալկա-Թեթրիծղարոյի բաժնի պետ։

Սաբաձեն ասում է, որ տեղական բյուջեում բավարար միջոցներ չունեն գյուղերում մանկապարտեզներ բացելու համար։

Ծալկայի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեն կազմում է 16 343 700 լարի։ Այստեղից 3 մլն 596 հազար 700 լարին ծախսվում է քաղաքապետարանի և ավագանու աշխատակիցների աշխատավարձերի և կարիքների համար: 2014-2016 թվականներին Իլիա Սաբաձեն 18 անգամ պարգևավճարներ և դրամական պարգևներ է ստացել իր աշխատավարձի ամբողջ չափով, մինչ օրենսդրությամբ արգելվել է քաղաքական պաշտոնյաներին հավելավճարներ և պարգևավճարներ տրամադրելը։ Պարգևավճարներ և հավելավճարներ տրամադրելու արգելքից հետո Ծալկայի քաղաքապետի, ավագանու նախագահի և նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացվել են, սակայն քանի որ 2018-2020 թվականներին քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումներն արգելվել են նաև օրենսդրական փոփոխություններով, նրանք ստիպված է եղել նվազեցնել բարձրացված աշխատավարձերը։

Հարցին, թե 2014-2022 թվականներին գյուղերի բնակիչները դիմե՞լ են ՏԻՄ-ին՝ մանկապարտեզ բացելու խնդրանքով, Ծալկայի քաղաքապետարանից գրավոր պատասխանել են, որ քաղաքացիներին չեն դիմել ո՛չ պետիցիայով, ո՛չ նամակով։ Քաղաքապետն ու նրա տեղակալները խուսափեցին մեզ հետ հանդիպելուց ու մեր հարցերին դեմ առ դեմ պատասխանելուց։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի», պետիցիան բնակչության կոլեկտիվ խնդրանքն է ՏԻՄ-ին՝ այս կամ այն ​​բնակավայրում ընդհանուր նշանակության խնդիրներ լուծելու համար։ Պետիցիա ներկայացնելու իրավունք ունի բնակավայրի ընդհանուր ժողովը և մունիցիպալիտետում գրանցված ընտրողների առնվազն 1%-ը։ Համապատասխան քաղաքային խորհուրդը իրավունք ունի նաև ավելի քիչ թվով ստորագրությունների քանակ սահմանել: Ծալկայի քաղաքային խորհրդին պետիցիայով դիմելն անհնար է, քանի որ ըստ ավագանու կանոնակարգի՝ սահմանվում է, որ պետիցիան սատարող ընտրողների ցուցակի ձևաթղթերը, որտեղ պետք է ստորագրություններ լինեն, պետք է սակրեբուլոն տրամադրի նախաձեռնողին, իսկ նման ձևաթղթեր հաստատված չեն և չեն տրվում։

Ծալկան Քվեմո Քարթլիում միակ մունիցիպալիտետը չէ, որտեղ երեխաներին հասանելի չեն վաղ զարգացումը, խնամքը և նախադպրոցական կրթությունը:

Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Տարածաշրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա: Բոլնիսիի շրջանում 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ, իսկ չորս գյուղում գործում են այլընտրանքային նախադպրոցական կրթության ցերեկային կենտրոններ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։Կախեթիում, Սագարեջոյի մունիցիպալիտետում կա 29 մանկապարտեզ։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ ունի նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի: Իորմուղանլոյի համայնքում, որտեղ բնակվում է շրջանի բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ), գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ, որտեղ կարող է տեղավորվել ընդամենը 30 երեխա։

«Վրաստանի լուրերը» (Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն) USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ սկսում է ծրագիր, որն ուղղված է ազգային փոքրամասնություններով բնակեցված և լեռնային շրջաններում՝ նախադպրոցական կրթության հասանելիության խթանմանը:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։