«Երեկ մենք մեր ավագ եղբոր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ քննարկել ենք Աբխազիայի խնդիրները։ Մենք երկար քննարկեցինք այդ խնդիրները՝ մինչև գիշեր, և եկանք եզրակացության, որ Աբխազիային չի կարելի լքել, մենք պետք է օգնենք նրան, որպեսզի այս բարգավաճ երկիրը, այստեղ ապրող մարդիկ նորմալ ապրեն»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամանել է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիա և հանդիպել անջատողական կառավարության ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի, դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է Բիճվինթա քաղաքի պետական ամառանոցում, որը Ռուսաստանը պահանջում է իրեն հանձնել։
Ըստ դե ֆակտո հանրապետության նախագահի աշխատակազմի, Ասլան Բժանիան ողջունել է Լուկաշենկոյին և նշել, որ 1996 թվականին ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հենց Լուկաշենկոն է դեմ արտահայտվել Աբխազիայի հետպատերազմյան տնտեսական շրջափակմանը։
«Դուք ասացիք, որ Աբխազիայի մեկուսացումը, տնտեսական շրջափակումը սխալ որոշում է։ Աբխազիան գիտի այս մասին և գնահատում է դա։ Մեզ կապում են լավ մարդկային հարաբերություններ։ Մենք ուրախ ենք ձեր այցի համար»,- դիմել է Բժանիան Լուկաշենկոյին։
Իր հերթին Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Բժանիային և ասել, որ անհրաժեշտ է օգնություն, որպեսզի Աբխազիայում մարդիկ կարողանան նորմալ ապրել։
«Նոստալգիան երբեք չի լքում մեզ։ Երևի 25-27 տարի առաջ եմ եղել այս սուրբ հողում՝ որպես սովորական մարդ, պատգամավոր... Փորձված մարդ եմ, երկար տարիներ քաղաքականության մեջ եմ։ Մենք կխոսենք և կմտածենք, թե ինչպես ապրենք ապագայում։ Գլխավորն այն է, որ մարդիկ այստեղ արժանապատվորեն ապրեն, քանի որ սա դրախտ երկիր է, իսկ այստեղի մարդիկ՝ սուրբ։ Սա դեռ հիշում եմ խորհրդային շրջանից, երբ այստեղ էի։
Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք ոչ միայն բարեկամության կամուրջ կառուցել, այլև շատ լուրջ հարաբերություններ հաստատել»,- նշել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, ի նշան բողոքի, Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը։ Նախարարության տեղեկությամբ՝ նշվածի կապակցությամբ վրացական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել։
2022 թվականի փետրվարի սկզբին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ կճանաչի Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ասի, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ հուլիսին, Լուկաշենկոն ասել էր, որ «այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն միութենական պետությունով, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը»։
Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը գոյություն ունի 2000 թվականից։ Այն նախատեսում է աստիճանաբար միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, արժութային, իրավական, հումանիտար, շուկայական, մշակութային տարածքի ստեղծում։ Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են ընդհանուր խորհրդարանի, սահմանադրության, դատական համակարգի և ընդհանուր արժույթի ստեղծման հարցը, թեև նման պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։
Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։