«Իրականում երբեք նման բարձր մակարդակի այց չի եղել օկուպացված Աբխազիա։ Միայն Սերգեյ Լավրովն է ժամանել, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը։ Լուկաշենկոյի այցի ուղերձը կարող է լինել այն, որ Բելառուսը պատրաստվում է ճանաչել Աբխազիայի անկախությունը»,- ասում է քաղաքագետ, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մեկ ամիս առաջ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ «հանրապետությունը» պատրաստ է միանալ Բելառուս-Ռուսաստանի և այլ երկրների միութենական պետությանը, որոնք կարող են ձևավորվել Ուկրաինայի պատերազմից հետո։
Զաքարեիշվիի խոսքով, եթե Բելառուսը չճանաչի Աբխազիայի անկախությունը՝ նա չի կարողանա միանալ միութենական պետությանը։
«Եթե սա տեղի ունենա, մենք կխզենք դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ։ Հուսով եմ Լուկաշենկոն ժամանակ է ձգում և հասկանում է, որ ճանաչելով Աբխազիայի անկախությունը՝ վերջնական կհայտնվի ռուսական ճամբարում»,- ասում է փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն։
«Ռոնդելի» հիմնադրամի հետազոտող Զուրաբ Բատիաշվիլին կարծում է, որ ինչպիսին էլ լինեն Բելառուսի նախագահի մտադրությունները, Վրաստանի կողմից անհրաժեշտ է ամենախիստ արձագանքը. «Կառավարությունը պետք է անհապաղ գործի, նվազագույնը պետք է խզենք դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»։
Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն ասում է, որ Բելառուսի նախագահին պետք է արգելել մուտք գործել Վրաստան՝ օկուպացված տարածքների վերաբերյալ վրացական օրենսդրությունը խախտելու համար։
«Նաև պետք է անհապաղ ետ կանչենք Բելառուսում Վրաստանի դեսպանին լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիրը պետք է վերանայվի։ Պետք է հարց բարձրացնել Վրաստանում «Բելավիայի» դիրքերի մասին։
Բելառուսի դեսպանատան մի քանի դիվանագետներ պետք է վտարվեն երկրից: Պետք է Մինսկից պաշտոնական բացատրություն և ներողություն պահանջենք: Նաև պետք է քննարկումներ սկսվեն Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև քաղաքական այլախոհներին ապաստան տրամադրելու կանոնների պարզեցման վերաբերյալ։
Սա այն միջոցառումների փոքր ցանկն է, որը առաջին փուլում պետք է անի իրեն հարգող պետությունը»,- այսպես է արձագանքում Գոբրոնիձեն Բելառուսի նախագահի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Պուտինի հետ հանդիպումից հետո ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է անջատողական կառավարության ղեկավարների հետ։ Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի, դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է Բիչվինթա քաղաքի պետական ամառանոցում, որը Ռուսաստանը պահանջում է հանձնել իրեն։ «Մենք ցանկանում ենք ոչ միայն բարեկամության կամուրջ կառուցել, այլև շատ լուրջ հարաբերություններ հաստատել»,- հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։ Տեղեկությունը տարածում է Աբխազիայի դե ֆակտո նախագահի աշխատակազմը։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, ի նշան բողոքի, Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։
Նախարարությունը դատապարտում է Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» Աբխազիայի օկուպացված շրջան՝ խախտելով Վրաստանի պետական սահմանը, ինչը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։ Արտաքին գործերի նախարարությունը բելառուսական կողմին կոչ է անում հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չձեռնարկել գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։