Յուրաքանչյուր ոք ունի առողջ միջավայրում ապրելու, բնական միջավայրից և հանրային տարածքից օգտվելու իրավունք։
Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի մասին հոգ տանելու իրավունք։
Բնապահպանական խնդիրների հետ կապված որոշումներին մասնակցելու իրավունքը երաշխավորված է օրենքով։
Վրաստանի սահմանադրություն, հոդված 29:
Ծիրքվալին Ճիաթուրայի շրջանի միակ գյուղն է, որտեղ բնակչությունը իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար, վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ դեմ է արտահայտվել կառավարության կողմից առանց իրենց մասնակցության կայացրած որոշմանը: Մանգան արդյունահանելու նպատակով հանքավայրը փորելու «Ջորջիան Մանգանեզի» երկու փորձերն էլ անարդյունք են ավարտվել։ Տեղի բնակիչները բերված տրակտորներին ու ընկերության կոոպերատորներին դուրս են հանել գյուղից:
34-ամյա Վալերի Ճիտաձեն Ծիրքվալիի բնակիչ է։ Տեխնիկական համալսարանն ավարտելուց հետո յոթ տարի աշխատել է Ճիաթուրայի հանրային դպրոցում որպես անվտանգության աշխատակից։ Երեք ամիս առաջ նա լքել է իր աշխատանքը և իր ամբողջ ժամանակը նվիրել է Ծիրիքվալիում օրգանական ֆերմայի զարգացմանը։ Ֆերման բաժանված է մի քանի մասի` եգիպտացորենն աճեցվում է մեկ հողամասում, սոյան` մի փոքր ներքևում: Երկու հարյուր մետր այն կողմ առվի վրա հին ջրաղաց ունի, որտեղ ավանդական եղանակով հացահատիկ է աղում։ Ջրաղացի մոտ փայտե փոքրիկ տուն է կառուցել, մոտակայքում կա նաև դդմիկի այգի, ամենուր բերք է աճեցնում՝ առանց պարարտանյութերի ու թունաքիմիկատների, հետևելով բնության օրենքներին՝ հոգ են տանում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության մասին։ Երկու տարի առաջ Իմերեթական սոյայի սերմեր է հայտնաբերել Ճիաթուրայի գյուղերից մեկում: Անցյալ տարի 30 կիլոգրամ բերք է ստացել, այս տարի շատ ավելիին է սպասում։ Սոյայից կաթ և պանիր է պատրաստում բուսակերների համար։ Նա նաև պատրաստվում է խաղողի այգիներ տնկել՝ Թեթրի կոչվող տեսակով: Խաղողի այս տեսակից պատրաստում են սպիտակ, նուրբ և ներդաշնակ գինի։ Ծիրքվալիից դեռ չգաղթած երիտասարդների հետ նա մտածում էր գյուղում ագրո և էկոտուրիզմի զարգացման մասին։ Զբոսաշրջային երթուղին ներառում էր նաև եզակի Բոնդի քարանձավը, որը երկու տարի առաջ ուսումնասիրել է քարե դարի միջազգային արշավախումբը։ Ծիրքվաալիի երիտասարդների ծրագրերը տակնուվրա եղան հուլիսի 7-ից հետո, երբ «Ջորջիան Մանգանեզի» կոոպերատիվները տրակտորներ բերեցին գյուղ ու սկսեցին փորել՝ մանգան հանելու համար։
«Հենց լսեցինք, անմիջապես գնացինք։ Իմ հողակտորներից մեկը այդ վայրից, որտեղ հողը փորվել է, 10 մետր հեռավորության վրա է, մյուսը մի քիչ հեռու է, երևի 100 մետր: Այստեղ կան նաև տներ։ Այստեղից 30-40 մետր հեռավորության վրա սկիզբ է առնում փոքրիկ գետը, որտեղից ջուրն օգտագործում ենք ոռոգման և խմելու համար։ Այն դուրս է գալիս սարի լանջից։ Իմ ջրաղացն էլ այս գետի ջրով է աշխատում։ Եթե փորեն, մեծ ռիսկ կա, որ այդ գետն էլ վերանա։ Եթե այստեղ սկսեն մանգան արդյունահանել, ոչինչ իմաստ չի ունենա, ոչ միայն այն, ինչ մենք նախատեսել ենք, այլ նույնիսկ այն գործը, ինչի մեջ ես 8 տարի ներդնում եմ իմ ողջ ֆիզիկական ռեսուրսները։ Այլևս օրգանական գյուղատնտեսություն չի լինի, օդը կաղտոտվի, ջուրն ու հողը կաղտոտվեն»,- Վալերին նշում է նաև հարևան գյուղերի փորձը.
Դարկվեթի, Մղվիմեվի, Ռգանի: Ավելի մոտիկ մեզ՝ Խալիփաուրի, Թաբագրեբի: Այցելե՞լ եք։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք չենք ցանկանում կանգնել նույն վտանգների ու դժբախտությունների առաջ։
Բակերում, տնամերձ հատվածում արդեն բաց հանքեր կան։ Շրջակա միջավայրն աղտոտվում է, անտառներն ու դաշտերը վերանում են, մնում են հսկայական փոսեր։ Դրա համար մենք դեմ ենք դրան ու չենք պատրաստվում լռել։
Այս տարածքում մնացել է միայն Ծիրքվալին և վերին գյուղերը, որոնք դեռ չեն փորվել, որտեղ կարելի է հիմնել օրգանական գյուղատնտեսություն։ Իմ նպատակն է օրինակ ծառայել մարդկանց, ովքեր համակերպվել են այն մտքի հետ, որ եթե մանգանի արդյունահանում չլինի, Ճիաթուրան սոված կմնա, աղքատությունը կավելանա, որ մենք այլ ելք չունենք»։
Հուլիսի 7-ին Ծիրքվալիից վտարված կոոպերատորները կրկին վերադարձել են հուլիսի 8-ին և սկսել հողը փորել մեկ այլ վայրում՝ ավելի մոտ բնակելի տներին։ Տեղի բնակիչները երկրորդ անգամ ետ են մղել «Ջորջիան Մանգանեզի» ներկայացուցիչներին, այս անգամ էլ նրանց հեռացրել են գյուղից։
«Որոշ մարդկանց համար այստեղի մճադին, տղեմալին, եգիպտացորենը, լոբին ծիծաղելի են, բայց ինձ համար այս վայրը, այս բնությունը, այս դաշտը, այս միջավայրը ամեն ինչ է։
Ես 65 տարեկան եմ, 46 տարի այստեղ եմ ապրում։ Երբ 1991 թվականի ապրիլին մեծ երկրաշարժ տեղի ունեցավ, Ծիրքվալիի մեր տները նույնպես ավերվեցին։ Այն ժամանակ էլ այստեղից չեմ գնացել։ Աստված օրհնի Զվիադ Գամսախուրդիային, նա մեզ ամեն ինչում օգնեց, մեզ նոր տներ կառուցեցին։ Հիմա, երբ եկել է ինչ-որ ընկերություն և ուզում է քանդել այս ամենը, որովհետև ուզում է հարստանալ, վերցնել այն, ինչ ունեմ, ո՞վ են նրանք, որ դա անեք առանց ինձ, առանց մեզ հարցնելու։ Ասում են Ճիաթուրայում 16 000 հեկտարի վրա մանգան արդյունահանելու լիցենզիա ունենք, մեզ չեք կարող կանգնեցնել։ Քանի ֆիզիկապես կարող եմ, կկռվեմ, կկանգնեմ նաև տրակտորի առաջ, դուրս կհանեմ նրանց այստեղից, որպեսզի պահպանենք այս միջավայրը»,- Ծիրքվալիում է ապրում Մարինա Մեզվենիշվիլին, ում տարածքնեը ամենամոտն են հանքերին: Հենց նա է առաջինը կանչում իր հարևաններին, երբ տրակտոր է նկատում և առաջնորդում է տղամարդկանց ու կանանց։ Նա հանդիմանում է այն մարդկանց, ովքեր այլևս մշտապես չեն ապրում գյուղում և թույլ են տվել ընկերությանը հանածոներ հանել իրենց հողամասերից։
Հակառակորդներից ամենաակտիվը կանայք են: Դրա պատճառները մի քանիսն են՝ Ճիաթուրայի գյուղերում «Ջորջիան Մանգանեզի» օգտին մոբիլիզացված հանցագործները դժվարանում են ճնշել ցուցարար կանանց։
Ընկերությունն ունի տեղի բնակիչներին համաձայնության ստիպելու մեկ այլ ապացուցված մեթոդ, որն օգտագործում է Ճիաթուրայի շատ գյուղերում։ Այդ մեթոդը փորձել են նաև Ծիրքվալիի բնակիչների դեպքում. «Այնպես մի արեք, որ մեզ խնդրեք ձեզ տարհանենք այստեղից»։ Սա տեղի է ունենում այն դեպքերում, երբ ընկերությունը սկսում է մանգան արդյունահանել բնակավայրի մոտ կամ անմիջապես բնակավայրերում, աստիճանաբար ընդլայնելով տարածքը, շուրջը հայտնվում են հսկայական փոսեր, անտառները վերացվում են, հողը քայքայվում է, մանգանի երկօքսիդը և այլ ծանր մետաղական օքսիդներ բաց հանքերից քամու և անձրևի միջոցով տեղափոխվում է կիլոմետրերով, օդն ու ջուրը աղտոտվում են, իսկ կյանքն այնտեղ դառնում է անտանելի:
Այս խախտումների պատճառով, որոնց գումարվում է Ղվիրիլա գետի մանգանով լվացված ջրերով աղտոտվածությունը, 2013-2017 թվականներին «Ջորջիան Մանգանեզը» տուգանվել է 416 մլն լարիով՝ շրջակա միջավայրին հասցված վնասի պատճառով։
Էկոլոգիական խնդիրները վերացնելու նպատակով պետությունը երեք տարով ընկերությունում հատուկ կառավարիչ է նշանակել Նիկոլոզ Չիքովանիին։
«Տարիներ շարունակ մանգանի հանքաքարի արդյունահանման լիցենզիա ունեցող և մանգանի հարստացման և վերամշակման աշխատանքներ իրականացնող ընկերությունը տուգանվել է պետության կողմից և նշանակվել ողջամիտ ժամկետներ՝ տեղանքում ստեղծված էկոլոգիական ծանր վիճակը շտկելու համար, կրկին շարունակում է գործել բնապահպանական օրենսդրության կոպիտ խախտումներով։ Իրավիճակը թե՛ գետերի, թե՛ հողերի աղտոտվածության ու դեգրադացիայի առումով ընկերության կողմից ոչ թե շտկվեց, այլ շատ ավելի վատթարացվեց, ինչը փաստացի տեղում ստեղծում է էկոլոգիական աղետի վիճակի համարժեք իրավիճակ»,- այսպես էր բացատրում Բնապահպանության և բնակկան ռեսուրսների նախարարությունը ընկերությունում հատուկ կառավարչի նշանակումը 2017 թվականին:
Նիկոլոզ Չիքովանին «Վրացական երազանքին» մոտ կանգնած գործարար Գիորգի Կապանաձեի ընկերն է։ Կապանաձեն «Ջորջիան Մանգանեզի» ազդեցիկ բաժնետեր է և դիտորդ խորհրդի նախագահը։ Հատուկ կառավարիչը պետք է լուծեր խնդիրները, սակայն, փաստորեն, բաց հանքարդյունաբերությունն ավելացել է, իսկ Ճիաթուրայում վատթարացել էկոլոգիական վիճակը։ Ընկերության նկատմամբ սահմանված տուգանքները զգալիորեն կրճատվել և չեղարկվել են։ 2020 թվականին Շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջնորդության հիման վրա դատարանը երկարացրել է հատուկ կառավարչի լիազորությունների ժամկետը ևս 3 տարով՝ մինչև 2023 թվականի մայիսը։
«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Georgian American Eloise» ՍՊԸ-ն է, որը գրանցված է օֆշորում՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։
Անցյալ տարի «Մթիս Ամբեբին» մի քանի ռեպորտաժ էր պատրաստել Ճիաթուրայից՝ մանգանի արդյունահանման անվերահսկելի և կործանարար պրակտիկայի, բնապահպանական վատթարագույն իրավիճակի և մարդկանց ճնշումների մասին։ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը չի արձագանքում հայտնաբերված խախտումներին։
«Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Գուջարաիձեն, ով 2006 թվականից վերահսկում է «Ջորջիան Մանգանեզի» գործունեությունը, կարծում է, որ ընկերության գործունեության ստուգումից խուսափելու և դրա համար հարմարավետ պայմաններ ստեղծելու միակ պատճառը բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պաշտոնական հրահանգն է.
«Նկարագրված իրավիճակը էլիտար կոռուպցիայի տեսանելի դրսևորում է։
Նինո Գուջարաիձեն հաստատում է, որ մանգանի արդյունահանման լիցենզիայի տրամադրումից հետո 16 տարիների ընթացքում Ծիրքվալին միակ գյուղն է Ճիաթուրայի շրջանում, որտեղ տեղի բնակիչները կանգնել են ընկերության գործողությունների դեմ՝ առողջ միջավայր պահպանելու համար. «Ոչ մի գյուղից, ոչ ոք չի դիմել դատարան՝ լիցենզիան չեղյալ հայտարարելու խնդրանքով։ Լիցենզիան տրվել է այնպես, որ Ճիաթուրայի գյուղերը դրա մասին ոչինչ չեն իմացել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ լիցենզիան վաճառվել է էական խախտումներով աճուրդում, այդ փաստաթղթերը հասանելի չեն եղել։ Մարդիկ չգիտեին ու հիմա էլ՝ այսքան տարի անց, չգիտեն, որ լիցենզիան տարածվում է իրենց գյուղի վրա և իմանում են միայն այն ժամանակ, երբ ընկերությունը սկսում է մանգանի արդյունահանումը։ Ինչքան էլ վատատես լինենք դատարանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, դատական վեճերը բարդ են, և գործերի լուծումը տարիներ է պահանջվում, մենք դեռ պետք է դիմենք դատարան: Վեճերի մեծ քանակը հնարավորություն կստեղծի, որ ընկերությունն այլևս չկարողանա դա անել: Երկու-երեք հոգի համաձայնեցնում են, հետո սկսում փորել, շատ դեպքերում բնակիչների բակերում են սկսում փորել, իսկ նրանք, ովքեր նախկինում հրաժարվում էին՝ ստիպված համաձայնվում են։ Լուծումը բողոքելն է։ Մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար և մենք պատրաստ ենք օրինական ճանապարհով օգնել նրանց»։
Հեղինակներ՝ Գելա Մթիվլիշվիլի, Գիորգի Զվիադաձե