Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում նախատեսվող բողոքի ցույցի կազմակերպիչներին ու մասնակիցներին զգուշացնում է, որ խորհրդարանի շենքի արգելափակումը քրեորեն պատժելի արարք է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով ընդդիմադիր կուսակցության ղեկավարների կողմից տեղեկություններ են տարածվում, որ այս հավաքի նպատակն է կանխել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կարող է իրականացվել տարբեր մեթոդներով։
Նախատեսվող ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին հիշեցնում ենք, որ Վրաստանի օրենսդրությունը մանրամասնորեն սահմանում է հավաք-ցույցերի իրավական շրջանակը՝ հասարակական անվտանգությունը պաշտպանելու և տարբեր կազմակերպությունների անխափան գործունեությունը ապահովելու նպատակով։
Բացի այդ, ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն ուղղակիորեն արգելված է օրենքով, ինչը պատժելի արարք է Վրաստանի Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն։ Քրեական օրենսգիրքը այս հանցագործությունը կատարող անձի համար նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, իսկ եթե արարքը կատարվել է խմբակային՝ խմբի անդամների համար՝ առավելագույնը 4 տարի ժամկետով։
Միաժամանակ հանրությանը հիշեցնենք, որ ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը, որոնց թվում են Վրաստանի խորհրդարանի շենքերը և կառավարության վարչակազմը, սահմանվել է Վրաստանի կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 361 որոշմամբ։
Ըստ այդմ՝ նախազգուշացնում ենք նախատեսվող հանրահավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին՝ դուրս չգալ օրենքով սահմանված հավաքի/ցույցերի շրջանակներից և զերծ մնալ անօրինական գործողություններից։ Հակառակ դեպքում ոստիկանությունը կձեռնարկի բոլոր համապատասխան օրինական միջոցները՝ անօրինական գործողությունները կանխելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է գերատեսչության հայտարարությանը և այն գնահատել որպես սպառնալիք։
«Թող ասեին՝ բոլորիդ կբռնենք... սա սահմանադրության հիմնական սկզբունքի՝ ցույցի և հավաքների իրավունքի հերթական խախտումն է։ Ի՞նչ կապ ունի, եթե այդ իրավունքը սահմանափակված է օրենքով կամ հրամանագրով։ Սպառնալիքներն անօգուտ են։ Դա ռուսական ոճի կառավարման հերթական ապացույցն է»,- գրել է Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 21:00-ին ընդդիմադիր կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակից երթ կանցկացվի դեպի խորհրդարանի շենք։ Ցուցարարները պատրաստվում են ողջ գիշերն անցկացնել այնտեղ։ Նոյեմբերի 25-ին՝ երկուշաբթի, «Վրացական երազանքը» պատրաստվում է գումարել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։
