30-ամյա Ամիրան Բոկուչավան, ում նկատմամբ դատախազությունը վիճարկում էր երկու զբոսաշրջիկների ազատությունից զրկումը, Ռուսթավիի քաղաքային դատարանում երդվյալ ատենակալների կողմից անմեղ է ճանաչվել։ Բոկուչավան ազատ է արձակվել հինգ ամսվա ազատազրկումից հետո։ Նրա փաստաբան Իրակլի Չոմախաշվիլիի խոսքով՝ դատախազությունը մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացրել, քանի որ ռուս զբոսաշրջիկները դատի են տվել նրան տաքսիում ուկրաինական երգ միացնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ամիրան Բոկուչավան ձերբակալվել է 2022 թվականի ապրիլի 11-ին։ Նրա դեմ ոստիկանություն են դիմել Ռուսաստանի և Լիտվայի երկու քաղաքացիներ։ Փաստաբանի խոսքով՝ Ամիրան Բոկուչավան այդ գիշեր Թբիլիսիի օդանավակայանից զբոսաշրջիկներին էր տեղափոխում, երբ ուղևորները նրան նախ խնդրել են խոսել ռուսերեն, ապա անջատել ուկրաինական երաժշտությունը։
«Նրան ասել են, որ պարտավոր է ռուսերեն խոսել, եթե ուզում է, որ ռուս զբոսաշրջիկներ լինեն Վրաստանում և նա պարտավոր է անջատել ուկրաինական երգերը։ Տաքսու վարորդը նրանց օդանավակայանից տարել է Գոմբորի ու իջեցրել մեքենայից։
Դատարանին խաբում էին, ասում էին, թե իրենց կամքին հակառակ է տարել: Իրականում, նրանց հարկադրաբար չի տարել, նա խաբել է և ասել, որ Գոմբորից ոտքով գնան հյուրանոց։ Նրանք բարկացել են, դատի են տվել: Դատախազությունը պնդում էր, որ ռուսների համար ուկրաինական երաժշտության հատուկ միացնելը խտրականություն է, դատախազը դա ասաց իր եզրափակիչ խոսքում», - ասել է փաստաբանը «Վրաստանի լուրերին»։
Ռուսթավիի քաղաքային դատարանը Ամիրան Բոկուչավայի գործի առնչությամբ որպես խափանման միջոց էր ընտրել ազատազրկումը։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է երկու անձի ապօրինի ազատությունից զրկելուն։ Եթե Բոկուչավան մեղավոր ճանաչվեր, կարող էր ազատազրկվել 7-ից 10 տարի ժամկետով։
Մեղադրյալը և նրա պաշտպանը միջնորդել են, որպեսզի երդվյալ ատենակալները քննեն գործը: Սեպտեմբերի 8-ին 12 երդվյալ ատենակալները արդարացրեցին Ամիրան Բոկուչավային: Նիստը նախագահում էր դատավոր Քեթինո Լուաշվիլին։ «Նրանք որոշեցին, որ ռուսների համար ուկրաինական երգ միացնելը և սեփական ազգային շահերը պաշտպանելը հանցագործություն չէ»,- ասում է փաստաբանը։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին կեղծ տեղեկություններ է տարածում և մոլորեցնում հանրությանը։
Ոստիկանության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ «2022 թվականի ապրիլի 11-ին՝ մոտավորապես ժամը 04:30-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Լիտվայի և Ռուսաստանի քաղաքացիները մեղադրյալին պատկանող «Յանդեքս» ընկերության տաքսիով տեղափոխվել են Թբիլիսիի չոր կամրջի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ, որից հետո մեղադրյալը ուղևորներից պահանջել է 195 լարի վճարել ուղևորության համար, ինչը մի քանի անգամ գերազանցել է կանչում նշված ուղևորության արժեքին, որը նախնական եղել է 23 լարի։ Կատարվածի պատճառով ուղևորներն ու տաքսու վարորդը վիճաբանել են, որի ժամանակ ուղևորները մեղադրյալին առաջարկել են գնալ մոտակա ոստիկանական բաժանմունք և օրինական ճանապարհով լուծել փոխհատուցման հարցը։
Նշվածից վիրավորված՝ մեղադրյալը գործի է դրել մեքենան և հետ է շարժվել դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան և ոստիկանության բաժանմունքի փոխարեն, առանց մեքենան կանգնեցնելու, դռները կողպած, նրանց կամքից հակառակ տարել է անմարդաբնակ, ամայի վայր՝ Գարդաբանիի շրջանի Վազիանի գյուղի ուղղությամբ և ազատության դիմաց պահանջել 500 լարի վճարում։
Վազիանիից Կախեթիի ուղղությամբ ընթանալիս՝ ուղևորները, օգտվելով պահից, դուրս են նետվել կանգնեցված մեքենայից, սակայն մեղադրյալը փորձել է տուժողներին դրա հնարավորությունը չտալ և նորից գործարկել մեքենան, ինչի պատճառով ուղևորներից մեկը դուրս է ընկել մեքենայից և վնասվածքներ ստացել դեմքի և վերջույթների շրջանում։ Այն բանից հետո, երբ ուղևորները դուրս են նետվել մեքենայից և դիմել փախուստի, մեղադրյալը նույնպես լքել է դեպքի վայրը։ Մի քանի տասնյակ մետր անցնելուց հետո նա կանգնեցրել է մեքենան և ուղևորների ուղեբեռը շպրտել ճանապարհի վրա։
Փախչելուց հետո տուժողները հեռախոսով կապվել են և դեպքի մասին հայտնել Լիտվայի քաղաքացու ծանոթին, ով իր հերթին դիմել է հասարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ 112, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները՝ տուժածներին օգնելու համար։
2022 թվականի ապրիլի 13-ին տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական օրենսգրքի 143-3-գ հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է ազատազրկումը։
Ուզում ենք նշել, որ փաստաբանի կողմից նման ստերի շրջանառությունը խախտում է էթիկայի նորմերը։ Կոչ ենք անում վերոնշյալ կեղծ տեղեկատվության հեղինակներին զերծ մնալ հանրության համար զգայուն թեմաներով կեղծ լուրեր ստեղծելուց և տարածելուց»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Երդվյալ ատենակալների կայացրած վճիռը բողոքարկման ենթակա չէ։