Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած աղետի պատճառով Գուրիայում 105 ընտանիք է ենթակա վերաբնակեցման։ Կառավարության նիստում վարչապետն ասել է, որ տարերային աղետներ են եղել Օզուրգեթիի 22 և Լանչխութիի 15 գյուղերում։ Աղետի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, երկրաբանները ստուգել են 237 քաղաքացու տնամերձ հողերը ու բնակելի տները, 31 ենթակառուցվածքային օբյեկտներ և 9 ջրերի կուտակման գոտիներ։
«Ես ուզում եմ դիմել այս ընտանիքներին, որ անհրաժեշտ է հաշվի առնել մեր առաջարկությունները։ Անհրաժեշտ է նրանց ժամանակավորապես տեղափոխել ավելի ապահով վայր։ Ուստի կոչ եմ անում ընտանիքներին հետևել տեղական իշխանությունների և համապատասխան ծառայությունների առաջարկություններին։ Ասեմ նաև, որ 110 քաղաքացի մունիցիպալիտետի կողմից տեղավորվել է հյուրանոցներում»,- ասել է վարչապետը։
Օզուրգեթիի և Լանչխութիի մունիցիպալիտետներում այս պահին տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված է 11 վայրերում։ Կառավարության նիստում ասվել է, որ խմելու ջուրն ամբողջությամբ կմատակարարվի Լանչխութիի և Օզուրգեթիի մունիցիպալիտետների բնակչությանը։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա մնացել է ընդամենը 250 սպառող, որից 200-ին մատակարարումը կվերականգնվի մինչև օրվա վերջ։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետությունը առավելագույն օգնություն կտրամադրի տուժած քաղաքացիներին։
Գործող օրենսդրության համաձայն, եթե ընտանիքը ենթակա է վերաբնակեցման երկրաբանական պրոցեսների՝ սողանքների, ձնահոսքի վտանգի, քարաթափման, սողանքների, գետերի վարարման, սելավների և այլնի հետևանքով, ապա տուժած ընտանիքների համար բնակելի տներ պետք է ձեռք բերի Հարկադիր վերաբնակների, էկոմիգրանտների և կենսապահովման միջոցների ապահովման գործակալությունը։ Այս հարցը կարգավորվում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, վերաբնակեցման և փախստականների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 779 հրամանով։ Ըստ կարգադրության՝ էկոմիգրանտների ընտանիքների վերաբնակեցման մասին որոշումը կայացվում է հատուկ հանձնաժողովի կողմից։ Դրական որոշման դեպքում ընտանիքին տրվում է մեկամսյա ժամկետ՝ ընտրելու գնվող տունը և տեղեկատվությունը գործակալություն ներկայացնելու համար։ Գործակալությունը մեկ տան համար վճարում է առավելագույնը 30 հազար լարի։ Մնացածը պետք է վճարի գնորդը։