Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել «Վրացական երազանքի» ԱԳ նախարարի հետ

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դանիգանը և «Վրացական երազանքի» ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում են ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր դեսպան Դանիգանը հանդիպեց արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիին և նրա հետ կիսվեց նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի գլխավոր առաջնահերթություններով, ինչպես նաև քայլերով, որոնք Վրաստանը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու իր լուրջ վերաբերմունքը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման հարցում», - ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասին տեղեկությունն առաջինը հրապարակել էր արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է «համագործակցության օրակարգը և նշվել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, պահանջում է դրական դինամիկա, որի պատրաստակամությունը բազմիցս հաստատել է Վրաստանի կառավարությունը»։

«Կողմերը նշել են, որ երկրների միջև տասնամյակների ընթացքում հաստատված ռազմավարական հարաբերությունները լավագույն հիմքն են ապագա համագործակցության խորացման համար։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները, ինչպես նաև այս համատեքստում Միացյալ Նահանգների աջակցության և համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների ռազմավարական համագործակցության ոլորտում առաջընթացի հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ դեսպանը հանդիպում է «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցչի հետ։ Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։