Իրակլի Օքրուաշվիլիին նույնպես մեղադրանք է առաջադրվել Ծուլուկիանիի քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար

Դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին մեղադրանք է առաջադրել «Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ոչ ոք բարոյական իրավունք, ոչ մի փաստարկ չունի դիմակահանդեսում և այսպես կոչված հանձնաժողովում հայտնվելու,  երբ տասնյակ երիտասարդներ մնում են բանտում, այդ թվում՝ Մզիա Ամաղլոբելին։ Հանձնաժողով չկա, ինչպես Վրաստանը խորհրդարան չունի։ Սա իմ դիրքորոշումն է։ Թվում է, թե այսօր կառավարությունը այլ օրացույցով է գործում, դրա համար էլ արագ մեղադրանք առաջադրվեց ինձ»,- ասել է Իրակլի Օքրուաշվիլին դատախազությունից դուրս գալուց հետո։

Մեղադրանքը ներկայացնելուց հետո դատախազությունը դիմում է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Իրակլի Օքրուաշվիլին և նրա փաստաբան Մամուկա Չաբաշվիլին ակնկալում են, որ այս գործով էլ գրավ կպահանջվի։

«Հուսով եմ, ի տարբերություն Բադրի Ջափարիձեի ու Մամուկա Խազարաձեի, նրանք ինձ մի փոքր զեղչ կանեն»,- ասել է Օքրուաշվիլին։

Ըստ կառավարամետ հեռուստատեսության՝ «Ռուսթավի 2»-ի տեղեկությունների՝ Իրակլի Օքրուաշվիլին, ով 2004-2006 թվականներին եղել է պաշտպանության նախարարը, Թեա Ծուլուկիանիի նախագահությամբ գործող հանձնաժողով է հրավիրվել 2004-2008 թվականներին օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հարցաքննության ժամանակ Օքրուաշվիլին հստակ բացատրել է, որ Ծուլուկիանիի ստորագրությունը պարտադիր փաստաթուղթ չէ։ Դա պետք է լիներ հանձնաժողովի՝ որպես վարչական մարմնի որոշումը։ Նա մինչ օրս նման որոշում չի ներկայացրել, որը հնարավորություն կունենար բողոքարկել վարչական կարգով, և գուցե դատարանն ընդհանրապես չեղարկեր այն։ Սակայն, եթե անգամ այս փաստաթուղթը հանձնվեր, նա հստակ բացատրեց պատճառները, թե ինչու չի գալու»,- ասել է Մամուկա Չաբաշվիլին։

Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նաև «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Դատարանը վարույթ է ընդունել մեղադրող կողմի միջնորդությունը և երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 50 000 լարի գրավ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։