Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին

«Վրացական երազանքի» նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել «Լելո - Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, ովքեր դատապարտվել էին 8 ամսվա ազատազրկման, այսպես կոչված, Ծուլուկիանիի քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար։ Կավելաշվիլիի հայտարարության համաձայն՝ այս որոշումը կապված է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ընտրությունները տեղի կունենան մեկ ամսից՝ հոկտեմբերի 4-ին։ Հիմնական ընդդիմադիր կուսակցություններից քվեարկությանը մասնակցում են միայն «Լելո - Ուժեղ Վրաստանը» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները։

«Երեկ ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող ընտրական սուբյեկտների գրանցման գործընթացը։ Գրանցված քաղաքական միավորումների շարքում է մեկ կուսակցություն՝ «Ուժեղ Վրաստան - Լելո»-ն, որի առաջնորդները ներկայումս պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկում՝ կոնկրետ հանցագործության համար։

Անհերքելի է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն մրցակցային միջավայրում՝ նույնիսկ նրանց ազատազրկման պայմաններում։ Բացի այդ, հարկ է ընդգծել, որ ընդհանուր առմամբ ընտրությունները չպետք է դառնան հանցագործություն կատարած որևէ քաղաքական գործչի համար ինդուլգենցիա։ Չպետք է անտեսել նաև այն փաստը, որ համապատասխան կալանավորները մի քանի շաբաթ առաջ մերժեցին իմ ներման առաջարկը՝ այդպիսով փորձելով վիրավորել նախագահի ինստիտուտը։

Այնուամենայնիվ, վերը նշված բոլոր հանգամանքներից անկախ, որպեսզի որևէ մեկը չասեր, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում, ես որոշում եմ կայացրել ներում շնորհել երկու դատապարտյալների՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը օրենքին համապատասխան», - ասվում է Միխեիլ Կավելաշվիլիի հայտարարության մեջ։

«Վրացական երազանքի» նախագահը կոչ է անում բոլոր ընտրական սուբյեկտներին նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առողջ և խաղաղ միջավայրում անցկացմանը։

Արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը բոյկոտում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ութ կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ «Իվանիշվիլիի ռեժիմը հոկտեմբերի 4-ին Վրաստանում պլանավորում է ևս մեկ ռուսական հատուկ գործողություն»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։