Ոստիկանությունը Ճավճավաձեի պողոտայում ձերբակալել է Զուրաբ Ջափարիձեին

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանությունը ձերբակալել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից, «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության հիմնադիր Զուրաբ Գիրչի Ջափարիձեին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դեկտեմբերի 2-ի առավոտյան տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ջափարիձեին նստեցնում ոստիկանական մեքենան: «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիայի խոսքով՝ ձերբակալվածի գտնվելու վայրը մինչ այժմ ճշտվում է։

«Տարբեր տարիքի բազմաթիվ հայրենասերների հետ ձերբակալվել է նաև մեր առաջնորդ Զուրա Ջափարիձեն։ Մենք դեռ փորձում ենք գտնել նրան։ Այս մասին կոալիցիան հանդես կգա հայտարարությամբ և կգործի այնպես, ինչպես սովորաբար կգործեր կուսակցությունը իր առաջնորդի ձերբակալության դեպքում։

Բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ ճակատամարտում ենք մենք բոլորս ներգրավված և ում հետ ենք պայքարում։ Դրա համար մենք բոլորս պատրաստ ենք՝ ներառյալ ձերբակալությունները և ցանկացած այլ անօրինականություն։ Ակնհայտ է, որ Զուրան նույնպես»,- գրել է Գվարամիան Facebook սոցիալական ցանցում։

Լուսադեմին Ռուսթավելիի պողոտայում ցույցը ցրելուց հետո ոստիկանները շարունակել են հետապնդել ու բերման ենթարկել դեպի Ճավճավաձեի պողոտա երթով շարժված քաղաքացիներին։

«Մեզ ոչ միայն ցրեցին, այլև թակարդ կազմակերպեցին, չթողեցին մոտենալ ԹՊՀ-ին։ Բարձրացանք Վերա, քայլեցինք փողոցներով ու իջանք Ճավճավաձե։ Երթը նույնպես բողոքի ակցիա է։ Մենք այս կերպ բողոքում ենք»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն մինչև ձերբակալությունը։

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանն օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականի վերջը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Ակցիաների մասնակիցները կառավարությանը մեղադրում են եվրաինտեգրումը դադարեցնելու մեջ և պահանջում են խորհրդարանական ընտրություններ։

Ներքին գործերի նախարարությունը բազմիցս կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ՝ ցուցարարներին ցրելու համար։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել ցուցարարների և իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

Չորս օրվա ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 227 մարդ։ Նրանցից երեքը մեղադրվում են ոստիկանների վրա հարձակվելու և գույքը հրկիզելու միջոցով վնասելու մեջ։ 224 անձ կալանավորվել է վարչական կարգով՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը դիմադրություն/անհնազանդություն կատարելու հատկանիշներով։

Թարմացում - Զուրաբ Ջափարիձեն քիչ առաջ Facebook-ում նկար է հրապարել, որտեղ նշում է, որ իրեն ազատ են արձակել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։