Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի ողջ տարածքում միաժամանակ անցկացված մի քանի հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի։ ՊԱԾ-ի տվյալներով՝ առգրավվել են ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապը հաստատող ապացույցներ։
«Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կողմից հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկրի ողջ տարածքում միաժամանակ մի քանի հատուկ գործողություններ են իրականացվել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի, որոնց տներից առգրավվել են հետաքննության համար կարևոր ապացույցներ՝ զինամթերք, տարբեր տեսակի էլեկտրոնային սարքեր, կանխիկ գումար և այլ կարևոր իրեր։
Ձերբակալված անձանց տներից առգրավվել են նաև տարբեր ապացույցներ, որոնք հաստատում են միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապը», - ասվում է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։
ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով, որը ենթադրում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելն ու ահաբեկչական գործունեությանն օժանդակելը։
