Պուտինը պատրաստվում է հրաժարվել հրադադարի գաղափարից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մերժել հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Զելենսկին պատասխանել է Պուտինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը աջակցում է 30-օրյա հրադադարին, «սակայն կան որոշ նրբություններ»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք բոլորս Ռուսաստանից լսել ենք Պուտինի խիստ կանխատեսելի և մանիպուլյատիվ խոսքերն ի պատասխան առաջնագծում հրադադարի գաղափարին. այս պահին նա, փաստորեն, պատրաստվում է հրաժարվել դրանից: Պուտինը, իհարկե, վախենում է ուղիղ ասել նախագահ Թրամփին, որ ցանկանում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին։ Ուստի Մոսկվան հրադադարի գաղափարը շրջապատում է նախապայմաններով, որոնք կա՛մ ձախողվելու են, կա՛մ հնարավորինս երկար կձգձգվեն։

Պուտինն օգտագործում է սա որպես հենակ. նա ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ ավելի շուտ ձգձգում է ամեն ինչ և անհնար է դարձնում ողջամիտ որոշումներ կայացնելը: Մենք տեսնում ենք ռուսական մանիպուլյացիայի հերթական փուլը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ անվերապահ զինադադար օդում, ծովում, առաջնագծում։ Ինչպես ասում է Զելենսկին, հրադադարի ընթացքում պետք է պատասխան տրվի իրական, երկարաժամկետ անվտանգության և խաղաղության մասին բոլոր հարցերին և պատրաստվի պատերազմի ավարտի պլան։

«Ուկրաինան պատրաստ է աշխատել հնարավորինս արագ և կառուցողական: Մենք պայմաններ չենք դնում, որոնք բարդացնում են գործընթացը։ Ռուսաստանը դա անում է։ Նրանց պետք է այս պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Վլադիմիր Պուտինը հրադադարի առաջարկին ոչ «այո» է ասել, ոչ էլ «ոչ»։ Մարտի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը համաձայն է հրադադարի առաջարկներին, սակայն դրան պետք է հետևի երկարաժամկետ խաղաղություն և «վերացնի ճգնաժամի հիմնական պատճառները»։

Պուտինը երաշխիքներ է ուզում, որ ուկրաինական բանակը չի օգտվի հրադադարից՝ շարունակելու մոբիլիզացիան, զինվորական անձնակազմ պատրաստել, զենք ստանալ և այլն։

«Այս պայմաններում ուկրաինական կողմի համար շատ լավ կլինի առնվազն 30 օրով զինադադար ունենալ։ Մենք նույնպես կողմ ենք սրան, բայց կան մի քանի նրբություններ։ [...] Գաղափարն ինքնին ճիշտ է, և մենք, անշուշտ, սատարում ենք դրան, բայց կան հարցեր, որոնց մասին պետք է խոսել: Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք այս մասին մեր ամերիկացի գործընկերների հետ, միգուցե մենք կարող ենք զանգահարել նախագահ Թրամփին և քննարկել դա նրա հետ»,- ասել է Պուտինը։

ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինի հայտարարությունն անվանել է «խոստումնալից, բայց ոչ լիարժեք»։ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կգործի»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։