Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «զարգացնել առողջ պրագմատիկ համագործակցություն» Վրաստանի հետ։
«Որքան ես եմ հիշում, վրացական կողմը մի շարք հայտարարություններ է արել այն մասին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան։ Մենք կրկին պատրաստ ենք զարգացնել առողջ պրագմատիկ համագործակցություն Վրաստանի հետ, որտեղ դա օգտակար կլինի երկու կողմերի համար էլ, և պատրաստ ենք Թբիլիսիի հետ երկկողմանի կարգավորման ուղով գնալ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, Թբիլիսիից է կախված, թե ինչպիսին կլինեն նրանց հետագա գործողությունները», - «Իզվեստիա» քարոզչական լրատվամիջոցին ասել է Գալուզինը։
«Իզվեստիա»-ի «Հեռանկարներ և պլանավորում. Ռուսաստանը սպասում է, որ Վրաստանը քայլեր կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 17-րդ տարելիցի առթիվ։
Լրատվամիջոցը գրում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմամբ, և Անդրկովկասում քաղաքական երկխոսության վերականգնումը մնում է նրա հիմնական խնդիրներից մեկը։ Հոդվածում նաև նշվում է, որ չնայած Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկրների միջև առևտրային կապերը ակտիվորեն զարգանում են։
