Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանը իրանական կամիկաձեներով հարձակվել է Կիևի վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 06:30-ից Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարված։ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների տվյալներով՝ Ռուսաստանը վերսկսել է կամիկաձեն անօդաչու թռչող սարքերով հարձակումները:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է իրանական արտադրության «Շահիդ» անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել կենտրոնական Շևչենկոյի թաղամասի բազմահարկ բնակելի տներից մեկում։ Շենքից տարհանվել է 18 մարդ։ Ըստ առկա տեղեկությունների՝ փլատակների տակ է մնացել երկու մարդ։

«Կիևում պայթյուններ են: Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մայրաքաղաքի վրա: Ռուսները կարծում են, որ դա կօգնի, բայց նման գործողությունները նման են հոգեվարքի։ Մեզ որքան հնարավոր է շուտ պետք է ավելի շատ ՀՕՊ համակարգեր։ Դանդաղ գործելու ժամանակը չէ: Ավելի շատ զենքեր՝ երկինքը պաշտպանելու և թշնամուն ոչնչացնելու համար: Եվ այդպես էլ կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բացի Կիևից, պայթյուններ են նաև Սումիի և Դնեպրոպետրովսկ շրջաններում։ Դնեպրոպետրովսկի վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզրիչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները տարածաշրջանի օդում խոցել են ռուսական երեք թևավոր հրթիռներ, իսկ մեկը խոցել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտը։ Տագնապ է եղել նաև Միկոլայև քաղաքում, որտեղ անցած գիշեր երեք անօդաչու թռչող սարք է պայթել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտում։

Գերագույն ռադայում Ուկրաինայի իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ ռուսական պետությունը կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ևս մեկ անգամ ցուցադրել է իր ահաբեկչական բնույթը և Ուկրաինային լրացուցիչ փաստարկներ է տվել սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ արագացում պահանջելու համար։

«Սա միայն կարագացնի նրանց պարտությունը: Միևնույն է չհասկացան, որ ահաբեկչությամբ չեն կարող հաղթել պատերազմում ու միայն խնդիրներն են մեծանալու։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք արդեն դիվանագիտական ​​ուղիներով աշխատում ենք հարևան երկրների հետ՝ կանգնեցնելու բոլոր գոյություն ունեցող լոգիստիկ միջանցքները»,- ասում է Արախամիան։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ մայրաքաղաքի վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակումներն իրականացվել են հարավից։ Ռուսաստանի իշխանությունները մեկնաբանություն չեն արել։

Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամերին Ռուսաստանը ռմբակոծել է Կիևը և Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ օգտագործելով իրանական անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, դա գործողություն էր, ի պատասխանն հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։

Ուկրաինայի Ազգային դիմադրության կենտրոնի տվյալներով՝ օկուպացված Ղրիմում և Խերսոնում կան իրանցի հրահանգիչներ, որոնք ռուսներին սովորեցնում են օգտագործել իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը՝ «Շահիդ 136»-ը և ուղղակիորեն վերահսկում են Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արձակումը։ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) ենթադրում է, որ այս հրահանգիչները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) անդամներն են կամ դրա հետ առնչվող անձինք:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):