Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված հնգօրյա, այսպես կոչված հանրաքվեների «վերջնական արդյունքները» պարզ են դարձել — Զապորոժիեում, որի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, ընտրողների 93,11%-ը կողմ է արտահայտվել շրջանի ՌԴ կազմ մտնելուն, Լուգանսկում՝ 98,42%-ը, Դոնեցկում՝ 99,23%-ը, իսկ Խերսոնում՝ 87,05%-ը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Հանրաքվեներն ավարտվել են։ Արդյունքներն ակնհայտ են: Բարի գալուստ տուն՝ Ռուսաստան»,- հանրաքվեների «վերջնական արդյունքների» հրապարակումից առաջ Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ Զապորոժիեում «հանրաքվեին» մասնակցել է 541 093 (85%) ընտրող, Լուգանսկում՝ 1 662 607 (94.15%), Դոնեցկում՝ 2 131 207 (97.51%), իսկ Խերսոնում՝ 571 001 (7.8%) ընտրող։
Ռուսաստանին միանալու հարցով այսպես կոչված «հանրաքվեները» Ուկրաինայի օկուպացված շրջաններում տեղի են ունեցել սեպտեմբերի 23-27-ը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այսպես կոչված հանրաքվեները ֆարս են աշխարհի աչքի առաջ՝ մարդկանց ստիպել են ինչ-որ թղթեր լրացնել ինքնաձիգի հսկողության տակ, իսկ Ռուսաստանը այսպես կոչված հանրաքվեներով փորձում է բռնակցել օկուպացված շրջանները։
Զելենսկին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից և հեռացնել բոլոր միջազգային կազմակերպություններից։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից կեղծ հանրաքվեների ճանաչումը կլինի «Ղրիմի սցենարի» իրականացումը։
Սպասվում է, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հոկտեմբերի 4-ին կքննարկի Զապորոժիեի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի օկուպացված շրջանները Ռուսաստանին միացնելու հարցը։
Օկուպացված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դե ֆակտո ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, այսպես կոչված հանրաքվեի ավարտից անմիջապես հետո դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Լուգանսկն ընդունել Ռուսաստանի կազմում։
Ուկրաինայի օկուպացված տարածքների ռուսամետ վարչակազմերի ղեկավարները Ռուսաստանին միանալու հարցով այսպես կոչված հանրաքվե անցկացնելու մասին հայտարարել են սեպտեմբերի 20-ին։ Մինչ այդ ուկրաինական բանակը ռուս զինվորականներից ազատագրել է Խարկովի մարզի մի հատվածը և շարունակում էր հաջող հակահարձակումը։
Ռուսաստանի նախագահը ուկրաինական պատերազմից մի քանի օր առաջ ճանաչեց օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես անկախ հանրապետություններ։ Պատերազմի արդյունքում Ռուսաստանը օկուպացրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների զգալի մասը։ 2014 թվականից Ռուսաստանը նաև բռնակցրել է Ուկրաինայի Ղրիմի թերակղզին։
Ռուսաստանին միանալու հարցով այսպես կոչված հանրաքվեները միջազգային հանրությունը չի ճանաչում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ դրանց անցկացումը ծիծաղելի կլիներ, եթե դրանք այդքան ողբերգական չլինեին։
«Մենք տեսանք, որ նրանք դա արեցին նաև 2014 թվականին, որը մոտավորապես այսպիսի տեսք ուներ: Նախ նշանակում են վստահված պաշտոնյաների, որոնք հայտարարում են, որ պատրաստվում են հանրաքվե անցկացնել, իսկ հետո դա հիմք են ընդունում Ուկրաինայի ինքնիշխան տարածքների բռնակցման օրինականությունը պնդելու համար։ Ոչ ոք չի վստահում նման ֆիկտիվ հանրաքվեներին, և ԱՄՆ-ն, իհարկե, չի ճանաչում կեղծ ընտրությունների արդյունքները»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այսպես կոչված հանրաքվեները անվանել է Պուտինի պատերազմի հետագա սրացում։ Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումը և ուժեղացնի աջակցությունն Ուկրաինային։