Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ընթանում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Գրայվորոնի շրջանի «մաքրումը», և տեղի բնակիչներին կոչ է արել դեռ չվերադառնալ իրենց տները։ Ավելի վաղ նահանգապետը հայտնել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը» մտել է սահմանամերձ շրջաններ, ինչի պատճառով մարզում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Տարածքը մաքրվում է ՊՆ-ի և ուժայինների կողմից, բայց դեռ չարժե տուն վերադառնալ։ Դիմում եմ Գրայվորոն շրջանի բնակիչներին, որոնք ժամանակավորապես լքել են իրենց տները, ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Մենք անմիջապես կտեղեկացնենք, երբ վերադարձը լինի անվտանգ»,- ասել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ երեկ տարհանման ժամանակ մահացել է 1941 թվականին ծնված մի կին։ Ինչպես գրել է Գլադկովը, կինը ավտոբուսում եղել է որդու և հարսի հետ, մահվան պատճառները պարզվում են։
«Տեղեկություններ կան, որ հակառակորդի ներխուժած բնակավայրերում երկու վիրավոր խաղաղ բնակիչ կա։ Ուժայիններին մինչ այս պահը չի հաջողվում հասնել նրանց, ինչն առավոտից առաջնային խնդիր է համարվում։ Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի տարհանել նրանց և տեղափոխել բուժհաստատություն։ Այս պահին խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։ Իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, մենք սպասում ենք երեկ հայտարարված հակաահաբեկչական գործողության ավարտին»,- ասել է Գլադկովը։
Մայիսի 22-ին ՌԴ-ում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ստորաբաժանումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից, հայտարարել է Բելգորոդի շրջան մտնելու մասին: Ըստ լեգեոնի մարտիկների՝ ազատագրվել է Կոզինկա բնակավայրը, և առաջադեմ ջոկատները մտել են Գրայվորոն։ Նրանց խոսքով՝ գործողությունն իրականացվում է «Ռուսաստանի կամավորական կորպուսի» հետ համատեղ։ «Մենք առաջ ենք գնում։ Ռուսաստանն ազատ կլինի»,- ասված է լեգեոնի հայտարարության մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչությունը հաստատել է, որ Ռուսաստանի տարածք են ներխուժել ընդդիմադիր հայացքներով ՌԴ քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարել Պուտինի հանցավոր ռեժիմի դեմ։
«Ուկրաինան հետաքրքրությամբ է հետևում Ռուսաստանի Բելգորոդի մարզում տեղի ունեցող իրադարձություններին և ուսումնասիրում՝ իրավիճակը, սակայն դրա հետ անմիջական կապ չունի։ Ինչպես գիտեք, տանկեր են վաճառվում Ռուսաստանի ցանկացած ռազմական խանութում, իսկ ստորգետնյա պարտիզանական ստորաբաժանումները կազմված են ՌԴ քաղաքացիներից»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը հայտնում է, որ մայիսի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Բելգորոդի շրջանի առնվազն երեք դիրքերում բախումներ են տեղի ունեցել ռուս զինվորականների և պարտիզանական խմբերի միջև։ Հետախուզության տվյալներով՝ ամենալուրջ բախումները եղել են Գրայվորոն քաղաքի մոտ։ Բախումների պատճառով Ռուսաստանը տարհանել է մի քանի գյուղ և լրացուցիչ ուժեր ուղարկել այն շրջաններ, որտեղ մարտեր են ընթանում։
«Ռուսաստանն իր սահմանամերձ շրջաններում կործանիչների կորստի, երկաթգծերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարքերով հարձակումների և այժմ ուղղակի պարտիզանական գործողությունների արդյունքում կանգնած է սպառնալիքի առաջ։ Գրեթե վստահորեն կարելի է ասել, որ Ռուսաստանն անպայման կօգտագործի այդ միջադեպերը՝ պաշտպանելու պաշտոնական նարատիվը, որ ինքը պատերազմի զոհ է»,- նշում է բրիտանական հետախուզությունը։
Ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ մայիսի 23-ի գիշերը Բելգորոդը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Բելգորոդի շրջանային բաժնի տարածքում։ Բորիսովկա բնակավայրի վարչական շենքերից մեկի վրա անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է գցել։ Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ Գրայվորոնում անօդաչու սարքերով հարվածել են երկու բնակելի տների։
