Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ավելի քան 60%-ը խոսում է ոչ պատշաճ վերաբերմունքի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրոպամետ ակցիաների ժամանակ ձերբակալվածների ավելի քան 60%-ը պնդում է, որ ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի են արժանացել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը օմբուդսմենի ներկայացուցիչները ժամանակավոր պահման վայրերում և կլինիկաներում այցելել են ընդհանուր առմամբ 362 մարդու։ Նրանցից 227-ը կամ մոտ 62%-ը խոսել են ոչ պատշաճ վերաբերմունքի մասին, 158 անձ (կալանավորների 43%-ը) տեսանելի վնասվածքներ են ստացել։

Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ թեժ գծի միջոցով տեղեկատվություն է ստացվել ավելի քան 450 անձի վարչական կալանքի մասին, որոնց մեծ մասը՝ մոտ 300 քաղաքացի (66%), խոշտանգումների և այլ տեսակի ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ է դարձել։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան», «Վրաստանի եվրոպական ուղեծիր» և «Օրենքի գերակայության կենտրոն» կազմակերպությունների՝ ՆԳՆ-ն կանխորոշել էր ցուցարարներին ցրելու դաժան մեթոդները և խաղաղ ցույցերը ճնշելու խոշտանգումների համակարգը։

Նախկին հանրային պաշտպան, «Վրաստանի եվրոպական ուղեծրի» հիմնադիր Նինո Լոմջարիան հայտարարել է, որ ձերբակալության ժամանակ հատուկ ջոկատայինները ֆիզիկական ոտնձգություններ են կատարել ձերբակալվածների նկատմամբ, նրանց քաշել հատուկ նշանակության ջոկատի կորդոն, որտեղ ծեծի են ենթարկել ձերբակալվածներին և տեղափոխել միկրոավտոբուսներ:

«Հատուկ կալանավորման մեքենաներում ներքին տարածքն այնպես էր դասավորված, որ ավելի հեշտ լիներ ծեծել կալանավորներին։ Պարբերաբար, հերթափոխով, հատուկ նշանակության ջոկատի խմբերը մտել են միկրոավտոբուսներ և ֆիզիկական բռնության ենթարկել այնտեղ գտնվող կալանավորներին։ Ըստ կալանավորների ցուցմունքի՝ պարզ է դառնում, որ նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները վերահսկվել են մեկ անձի կողմից, ով ցուցումներ է տվել՝ որտեղ, ինչպես և ինչ ուժգնությամբ պետք է հարվածել կալանավորներին։ Ձերբակալվածները հատկապես հարվածներ են ստացել դեմքին, գլխի ետևի մասում, ակնախորշերին, կողոսկրերին և երիկամներին։

Ծեծին զուգահեռ հատուկ ջոկատայինները թալանել են ձերբակալվածներին՝ տարել են նրանց հագուստը, կոշիկները, բջջային հեռախոսը, պայուսակը, դրամապանակը, ակնոցը, խաչը և այլ անձնական իրեր։

Հայտնի դեպք կա, երբ հատուկ ջոկատայինները գազի պարկուճ են նետել միկրոավտոբուսի մեջ, որտեղ ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ապա փակել դուռը։ Հայտնի են նաև դեպքեր, երբ սառը ջուր են լցրել թալանված և ծեծված կալանավորների վրա։ Նաև, օրինակ, ծեծի ենթարկված կալանավորներին արյունը մաքրելու համար գուլպաներ են տվել։

Ձերբակալվածներին հայհոյել են, վիրավորել, սպառնացել սպանել, բռնաբարել, մարմնի մասերը կոտրել: Ձերբակալվածներից մեկի փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունից հետո իրավապահները նրան տեղափոխել են Լիսիի տարածք, որտեղ սպառնացել են սպանել ու տեղում թաղել։

Նրանք փորձել են նվաստացնել ծեծի ենթարկված կալանավորներին. լուսանկարել և տեսագրել են նրանց ծաղրի, նվաստացման փաստերը և ստիպել նրանց իրենց մասին նվաստացուցիչ արտահայտություններ անել։ Որոշ դեպքերում Հատուկ առաջադրանքների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին անձամբ է տեսագրել ծեծի ենթարկված կալանավորներին»,- ասել է Նինո Լոմջարիան։

Նրա խոսքով՝ հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկված կալանավորներին հանձնել են պարեկային ոստիկանությանը, և չնայած նրանց վրա ֆիզիկական բռնության հետքեր են եղել, ժամանակին և համարժեք բուժօգնություն չի ցուցաբերվել, թույլ չեն տվել փաստաբան կանչել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։