Չեչնիայում Կադիրովին քննադատող 19-ամյա երիտասարդը սպանվել է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Չեչենական ընդդիմադիր «Ադաթ» շարժման ակտիվիստ, Ռամզան Կադիրովին քննադատող Telegram հեռուստաալիքի մոդերատոր, 19-ամյա Սալման Տեփսուրկաևը սպանվել է։ Ըստ «Ադաթ» շարժման հայըարարության, Սալմանը սպանվել է Ջալկա գյուղի զորավարժարանում։ Նրան կապել են, նռնակ դրել բերանը ու պայթեցրել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տղայի առևանգման մասին հայտնի է դարձել 2020 թվականի սեպտեմբերին։ Միաժամանակ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներողություն է խնդրում և նստում շշի վրա։

«Կա մի դեպք, որ չենք կարողացել մարդուն փրկել։ Նրան սպանել են։ Խոսքը Սալման Տեփսուրկաևի գործի մասին է, որի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս որոշում է կայացրել։ Մենք հաստատ գիտենք, որ նա մահացել է։ Անգամ այն ​​խոշտանգումները, որոնք արձանագրվել են տեսախցիկով, երբ նրան նստեցնում են շշի վրա, բավական է ապացուցելու, որ նրան խոշտանգել են։ Մենք չկարողացանք փրկել այս մարդուն»,- օգոստոսի 23-ին հրապարակված հարցազրույցում ասել է Ռուսաստանում գործող «Թիմ՝ ընդդեմ խոշտանգումների» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Օլգա Սադովսկայան։

Իրավապաշտպանի հարցազրույցից հետո հայտարարություն է տարածել «Ադաթ» շարժման «1ADAT» Telegram-ի ալիքը, որը մինչ առևանգումը վարում էր Սալման Տեփսուրկաևը։ Շարժման տվյալներով՝ Սալմանը սպանվել է 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։

«Մենք կորցրել ենք հույսը, որ Սալմանը ողջ է։ Մեր պարտքն ենք համարում չթաքնվել և հայտնել այն տեղեկությունը, որը ձեռք ենք բերել այս ամբողջ ընթացքում։

Առևանգումից հետո կադիրովականները Սալմանին ստիպել են շշի վրա նստել տեսախցիկի առջև, որից հետո նրան նկարահանել են բեմադրված տեսանյութերով, կարծես նա ազատ քայլում է Գրոզնիում։ Այս բոլոր տեսանյութերը նկարահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նկարահանումներից հետո նրան տարել են Գրոզնիից՝ Ախմատ Կադիրովի անվան երկրորդ գնդի տարածքից։

Սալմանը սպանվել է 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ջալկա գյուղի զորավարժարանում։ Սա Ադամ Դելիմխանովի [ՌԴ Դումայի պատգամավոր Չեչնիայից - խմբ.] հայրենի գյուղն է։ Սալմանին կապել են, նռնակ դրել բերանը ու պայթեցրել։

Սալմանին մեկ շաբաթ խոշտանգում էին, նվաստացնում և վերջապես սպանեցին սարսափելի կերպով, բայց նույնիսկ դա բավարար չէր Կադիրովի ստոր հանցագործներին։ Դիակը հանձնել են հարազատներին ու ասել, որ «շան պես թաղեն»։ Սալմանի մարմինը թաղվել է անանուն գերեզմանում»,- հայտնել են «Ադաթ» շարժումից։

Նրանց խոսքով՝ կադիրովականները ցանկացել են ահաբեկել շարժման անդամներին՝ հրապարակայնորեն նվաստացնելով Սալման Տեփսուրկաևին. «Բայց այս պահվածքով նրանք մեզ ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց իրական էությունը։ Կադիրովը նվաստացրել է իրեն, իր անբարոյական բանդային, ոչ թե չեչեն ժողովրդին: Մեզ համար Սալմանը եղել և մնում է եղբայր, ով ցանկանում էր, որ մեր հայրենիքը ազատվի Ալլահի և չեչեն ժողովրդի այս չար թշնամիներից»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սալման Տեփսուրկաևի գործով իր որոշումը հրապարակել է 2021 թվականի հոկտեմբերին։ Դատարանը որոշել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները՝ «Խոշտանգումների արգելումը» և «Ազատության և անվտանգության իրավունքը»։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է, որ Սալմանը պետական ​​մարմինների, այսինքն՝ Չեչնիայի ուժային կառույցների աշխատակիցների կողմից առևանգման և խոշտանգումների զոհ է դարձել։ Նա ապօրինի զրկվել է ազատությունից, ենթարկվել դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչը ֆիքսվել է տեսագրությամբ։ Դատարանը որոշել է, որ պետությունը չի պաշտպանել Սալմանին»,- որոշումը հրապարակելուց հետո ասել է Օլգա Սադովսկայան։

Հարցին, թե ինչու դատարանը չի որոշել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ «կյանքի իրավունքի» խախտում, փաստաբանը բացատրել է, որ բողոքը ներկայացնելու պահին իրենք կարող էին միայն ապացուցել, որ Սալմանին առևանգել և խոշտանգել են. «Դեռ հույս ունեինք, որ նա ողջ է և մեր ջանքերով կարող ենք փրկել նրան: Եվրոպական դատարանի որոշումը հիմնված է այն փաստերի վրա, որոնք առկա են եղել բողոքը ներկայացնելու պահին»։

Հասարակական կազմակերպության տեղեկություններով՝ Սալման Տեփսուրկաևն առևանգվել է 2020 թվականի սեպտեմբերի 6-ին Չեչնիայի հարևան Կրասնոդարի երկրամասի Գելենջիկից։ Ականատեսները պատմել են, որ առևանգողները ներքին գործերի նախարարության աշխատակիցների վկայականներ են ունեցել։ Տեփսուրկաևի գտնվելու վայրը մեկ օր անհայտ է եղել, սակայն սեպտեմբերի 7-ին նրա հեռախոսը միացրել են, և նրա հարազատները աշխարհագրական տվյալներից պարզել են, որ նա գտնվում է Գրոզնիի ոստիկանական բաժանմունքում։ Նույն օրը տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է երիտասարդի խոշտանգումները։ Կրասնոդարի քննչական կոմիտեն քրեական գործը հարուցել է նոյեմբերին՝ Սալմանի առևանգումից արդեն երկու ամիս անց, սակայն ավելի ուշ՝ 2021 թվականի մայիսին փոխանցել է Չեչնիայի քննչական կոմիտեին։ Հետաքննության արդյունքները հայտնի չեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։