Դատավորը կալանքի տակ գտնվող Մզիա Ամաղլոբելիին տուգանել է 2000 լարիով

Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Սալիխ Շաինիձեն բանտում գտնվող «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին օրինախախտ է ճանաչել և տուգանել է 2000 լարիով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ներքին գործերի նախարարությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրել է ոստիկանին վիրավորելու մեջ, իսկ պաշտպանական կողմը պնդել է, որ ձերբակալության մասին արձանագրությունը կեղծվել է, և իրականում լրագրողը ձերբակալվել է պիտակ փակցնելու համար։

«Մզիա Ամաղլոբելին Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով խախտող է ճանաչվելու և վարչական տույժի տեսակն ու չափը սահմանվում է 2000 լարի տուգանք»,- դատավորի կողմից այս որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում հնչել են բողոքի վանկարկումներ։

Մարտի 13-ի նիստում ինքը՝ դատավոր Շաինիձեն, ասել է, որ տեսանյութերում չի տեսնում «Մզիայի կողմից ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու փաստը»։

Մզիա Ամաղլոբելիի իրավապաշտպան, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեն հայտարարել է, որ գործը կհասցվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և «ճշմարտությունն անպայման կապացուցվի»։ Ըստ Քուրդովանիձեի, գործում չկա որևէ ապացույց, որը կհաստատի, որ Մզիա Ամաղլոբելին օրենքի որևէ խախտում է թույլ տվել։

«ՆԳՆ-ն կեղծել է և՛ ձերբակալությունը, և՛ իրավախախտման մասին արձանագրությունը, ոստիկան վկան ստել է դատարանի դահլիճում, ներկայացրել են տեսանյութեր, որոնք արվել են Մզիայի վարչական կալանքից երկու ժամ անց, և ոչ մի կերպ չեն կարողացել որևէ բան ֆիքսել, որը կարդարացներ Մզիայի նկատմամբ վարչական պատիժը», - ասել է Քուրդովանիձեն։

Դատարանի դահլիճից հեռանալուց առաջ Մզիա Ամաղլոբելին հավաքվածներին ցույց է տվել «Պայքար մինչև վերջ» մակագրությունը։

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։

Նրա առաջին վարչական կալանքը եղել է վարչության շենքի ցանկապատին «Վրաստանը գործադուլ է անում» մակագրությամբ կպչուն պիտակ փակցնելու համար, ինչը հաստատվում է տեսագրություններով։

Փաստաբանների կարծիքով՝ կպչուն պիտակ փակցնելը օրենքի խախտում չէ, ինչի պատճառով էլ ոստիկանությունը կեղծել է արձանագրությունը և նշել, որ Մզիա Ամաղլոբելին իբր բանավոր վիրավորել է ոստիկաններին։

Բացի այդ, վարչական կալանքի կեղծված արձանագրության մեջ նշվում է, որ Ամաղլոբելիին բերման է ենթարկել Բաթումիի քաղաքային վարչության պետի տեղակալ Գոչա Վազաձեն, իսկ տեսագրությունից երևում է, որ ձերբակալողը Աջարիայի ոստիկանության բաժնի պետ Գրիգոլ Բեսելիան է։

Մզիա Ամաղլոբելին երկրորդ անգամ ձերբակալվել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար և մեղադրվել է ոստիկանի վրա հարձակվելու մեջ, ինչի համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Հունվարի 14-ին Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել կեղծ վարչական կալանքի արձանագրությունը։ Դատախազության նշած հանգամանքներից մեկը, որն այն ժամանակ կիսում էր դատավոր Նինո Սախելաշվիլին, հանցագործությունը կրկին կատարելու ռիսկն էր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։