Միացյալ Նահանգների դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ դաշնային ֆինանսավորումը (դրամաշնորհներ և վարկեր) սառեցնելու մասին գործադիր հրամանագիրը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դատավոր Լորեն Ալիխանը որոշումը կայացրել է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ առաջ և հայցադիմումը դատարանին ներկայացվելուց անմիջապես հետո։ Դատարանին դիմել են փաստաբանական խմբերը, որոնք ներկայացնում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, փոքր բիզնես և առողջապահության ոլորտի մասնագետներ:
Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Սպիտակ տան հրամանը «անուղղելի վնասի» վտանգ է պարունակում։ «Կառավարությունն ամբողջությամբ չգիտի այն ծրագրերի մասին, որոնք ենթակա են սառեցման»,- ասել է նա։
Դեմոկրատները կարծում են, որ նախագահն իրավունք չուներ միակողմանիորեն դադարեցնել Կոնգրեսի կողմից արդեն հատկացված միջոցների ծախսերը։ Այն բանից հետո, երբ դատավոր Ալիխանը հայտարարել է իր որոշումը, դեմոկրատ գլխավոր դատախազները 22 նահանգներից և Կոլումբիայի շրջանից իրենց հայցերն են ներկայացրել դատարան: Ինչպես հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազը, Թրամփի «քաղաքականությունը անխոհեմ է, վտանգավոր, անօրինական և հակասահմանադրական»։
Դաշնային ֆինանսավորման «ժամանակավոր» սառեցման մասշտաբը չի նշվում։ Լրատվամիջոցների տեղեկության համաձայն, դա վերաբերում է օտարերկրյա աջակցությանը, ՀԿ-ներին, գենդերային բազմազանության և շրջակա միջավայրի պահպանության ծրագրերին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը դատարանի որոշումից առաջ մամուլի ասուլիսում ասել է, որ ֆինանսավորման «ժամանակավոր կասեցումը» նպատակ ուներ ապահովելու, որ դաշնային ծրագրերը համապատասխանեն նախագահ Թրամփի գործադիր հրամանագրերին: Ըստ Reuters-ի՝ 55 գործակալությունների հանձնարարվել է ուսումնասիրել ավելի քան 2600 դրամաշնորհային ծրագրեր:
«Այս նախագահի և վարչակազմի պարտականությունն է լինել հարկատուների դոլարների լավ տնտեսվարողներ: Սա այն է, ինչի շուրջ նախագահ Թրամփը քարոզարշավ է իրականացրել», - ասել է Լևիտը։
Նա ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր ստանում են անհատական օգնություն ուղղակիորեն կառավարությունից, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը, բժշկական ապահովագրությունը և սննդի կտրոնները, չեն տուժի ֆինանսավորման սառեցումից։
Դատավոր Լորեն Ալիխանի վճիռն ուժի մեջ է մինչև փետրվարի 3-ը, և մինչ այդ Թրամփի վարչակազմը չի կարող դադարեցնել վճարումները ԱՄՆ Կոնգրեսի կողմից արդեն հաստատված ծրագրերի շրջանակներում։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ դատավորը կերկարաձգի իր որոշման վավերականությունը։
