«Դոժդը» կարող է լքել Լատվիան, կառավարությունը կասկածում է ռուս զինվորներին օգնելու մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր՝ Տիխոն Ձիադկո

Ռուսական իշխանությունների կողմից «օտարերկրյա գործակալ» հռչակված «Դոժդ» հեռուստաընկերությունը, հնարավոր է, ստիպված լինի լքել Լատվիան։ Այս հարցի շուրջ հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։ «Դոժդը» այս տարվա հունիսից տեղակայվել է Լատվիայում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Կարծում եմ, որ «Դոժդը» աշխատելու համար պետք է գնա Ռուսաստան, իսկ աշխատակիցների բնակության իրավունքը չեղարկվի։ Համբերության բաժակը լցվել է»,- Twitter-ում գրել է պաշտպանության նախարարը՝ ավելի ուշ հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է։

Արտիս Պաբրիկսիի այս հայտարարությանը նախորդել են մի քանի իրադարձություններ։ Դեկտեմբերի 2-ին Լատվիայի անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել «Դոժդի» վերաբերյալ։ Գործը վերաբերում է հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելիովի հայտարարությանը, որը, ծառայության տվյալներով, կասկածներ է առաջացնում, որ հեռուստաալիքը «օգնում է ռուսական օկուպացիոն ուժերի զինվորներին»։

Դեկտեմբերի 1-ին «Այստեղ և հիմա» հաղորդաշարի հաղորդավար Ալեքսեյ Կորոստելիովը հեռուստադիտողներին կոչ է արել հեռուստաընկերությանը տեղեկատվություն ուղարկել Ռուսաստանում զորակոչվածների մասին և հույս հայտնել, որ «Դոժդը» կարողացել է օգնել ռուս զինվորականներին։

«Եթե ունեք տեղեկություններ, ապացույցներ, թե ինչպես է ընթանում զորահավաքը, ինչպես են ծառայում ռազմաճակատ մեկնած զորակոչվածները, և ցանկանում եք մեզ պատմել ռուսական բանակում առկա խնդիրների մասին, հաղորդագրություն ուղարկեք arm@tvrain.tv  էլ. Հասցեին կամ գրեք մեզ Telegram-ում։ Մենք արձագանքում ենք գրեթե բոլորին, հրապարակում ենք բազմաթիվ պատմություններ և հուսով ենք, որ կարողացել ենք օգնել շատ զինվորականների, այդ թվում, օրինակ, տեխնիկայով և ճակատում պարզապես տարրական հարմարավետությամբ։ Պատմությունները, որոնք հրապարակվել ու պատմել են հարազատները, ճիշտն ասած, սարսափելի են»,- ասել է Կորոստելիովը։

«Դոժդ» հեռուստաընկերությունը որոշում է կայացրել ազատ արձակել լրագրողին և ջնջել նրա մենախոսությունը։

Պետական ​​անվտանգության ծառայությունը նշում է, որ Լատվիայում «այսպես կոչված Ռուսաստանի անկախ լրատվամիջոցների» գործունեությունը տարբեր ռիսկեր է պարունակում. «Առաջին հերթին հետախուզական ռիսկեր են ստեղծում լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք գալիս են ագրեսոր երկրից։ Այս լրատվամիջոցներն ու լրագրողները վաղուց են աշխատում ագրեսոր երկրում։ Չի կարելի բացառել որոշ լրատվամիջոցների կամ նրանց ներկայացուցիչների կապերը ռուսական հետախուզական և անվտանգության ծառայությունների հետ։ Հնարավոր է նաև, որ ռուսական հետախուզական և անվտանգության ծառայությունները մեծ հետաքրքրություն ունեն Լատվիայում արտագաղթող լրատվամիջոցների գործունեության նկատմամբ։

Երկրորդ՝ Լատվիայում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը կապված է լատվիական տեղեկատվական տարածքի անվտանգության ռիսկերի հետ։ Տարիներ շարունակ Ռուսաստանը կանխամտածված և համակարգված միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական շահերին համապատասխան հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Ուստի վտանգ կա, որ արևմտյան երկրների, այդ թվում՝ Լատվիայի դեմ ուղղված նարատիվները կներառվեն որոշակի լրատվամիջոցների կողմից ստեղծված բովանդակության մեջ»,- ասվում է Լատվիայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Անվտանգության ծառայությունը նշում է, որ ագրեսոր Ռուսաստանին ցանկացած տեսակի աջակցությունն արդարացված չէ՝ հաշվի առնելով Ռուսաստանի օկուպացիոն զորքերի կողմից Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ կատարած հանցագործությունները։

«Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ասել է, որ հեռուստաալիքը երբեք չի օգնել ռուսական բանակին, չի օգնում և չի օգնելու ռազմաճակատում տեխնիկա, հագուստ, զենք, սնունդ կամ այլ ապրանքներ մատակարարելով: Նրա խոսքով՝ arm@tvrain.tv էլեկտրոնային փոստը ստեղծվել է Ուկրաինայում ռուսական բանակի հանցագործությունների, ինչպես նաև Ռուսաստանում հայտարարված «հանցավոր և անիմաստ» մոբիլիզացիայի ընթացքում թույլ տված խախտումների մասին ապացույցներ հավաքելու համար։

Ինքը՝ Ալեքսեյ Կորոստելիովը, ասել է, որ համաձայն է իրեն ազատ արձակելու որոշմանը։ Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ նա գրել է, որ դեմ է պատերազմին, ինչի պատճառով էլ ինը ամիս է՝ չի ապրում Ռուսաստանում։ Հեռուստահաղորդավարը բացատրել է նաև եթերում իր ասածը. «Խղճո՞ւմ եմ բոլորի կողմից լքված, սոված զորակոչվածին (խոսում էի նրանց մասին): Այո՛։ Պուտինը լա՞վ դեմք է: Ո՛չ: Կարծում եմ՝ ջրբաժանն այստեղից է անցնում։ Ես օգնու՞մ եմ զորակոչված մարդկանց, որոնց մասին խոսվում էր մենախոսության մեջ։ Պարզապես նրանց մասին պատմելով»:

Դեկտեմբերի 2-ին «Դոժդը» տուգանվել է 10 հազար եվրոյով, քանի որ հեռուստաալիքը ցուցադրել է քարտեզ, որտեղ Ղրիմը պատկերված է Ռուսաստանի կազմում։ Բացի այդ, Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը խախտում է համարել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերաբերյալ եթերում «մեր բանակ» բառերի օգտագործումը։ Խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշը նշել է, որ «Դոժդի» համար սա երկրորդ խախտումն է վերջին ամիսներին։ Նրա խոսքով՝ երրորդ խախտման դեպքում «Դոժդը» կարող է զրկվել հեռարձակման լիցենզիայից։ «Հեռուստաալիքը պետք է հարգի լատվիական օրենքները»,- նշել է Աբոլինշը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհուրդն արդեն վարչական վարույթ է սկսել Ալեքսեյ Կորոստելիովի հայտարարության վերաբերյալ։

«Դոժդ» հեռուստաընկերությունը մարտի սկզբից դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում։ Ուկրաինա ռուսական ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո նրա գլխավոր խմբագիրը և խմբագրության բազմաթիվ անդամներ լքեցին երկիրը։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևայի խոսքով՝ որոշումը կայացվել է Ռուսաստանում ընդունված կեղծ լուրերի մասին նոր օրենքի ընդունումից հետո։ «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Ձիադկոն և նրա կինը՝ տեղեկատվական ծառայության ղեկավար Եկատերինե Կոտրիկաձեն, ժամանեցին Վրաստան, որտեղ սկսեցին հաղորդումներ պատրաստել «Ֆորմուլա» հեռուստաընկերության բազայի վրա։ «Դոժդը» Ռիգայից վերսկսել է հեռարձակումը հունիսի սկզբից, երբ համապատասխան արտոնագիր է ստացել Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի կողմից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):