Էլենե Խոշտարիայի խոսքով՝ ձերբակալվելուց հետո ոստիկանները վնասվածքներ են հասցրել իրեն և ամբողջովին մերկացրել

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոշտարիան հայտարարել է, որ ձերբակալությունից հետո ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն և ամբողջովին մերկացրել՝ ձեռքերը մեջքի հետևում կապած։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ձերբակալվելուց հետո ոստիկանական բաժանմունքում (Ռամիշվիլի փողոցի բաժանմունքում) ոստիկաններ Նինո Չխարտիշվիլին և Դավիթ Բոլոտաշվիլին ամուր ձեռնաշղթաներ հագցրին իմ ձեռքերին մեջքիս հետևում այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի համագործակցությունից։ Հետո Նինո Չխարտիշվիլին ու Դավիթ Բոլոտաշվիլին վնասեցին ծնոտս ու ատամներս։

[...] Էլ ավելի վիրավորական դրվագ է տեղի ունեցել Դիղոմիի ժամանակավոր պահման վայրում, որտեղ ոստիկանական բրիգադի կողմից կրկին իմ կամքին հակառակ ձեռքերս կապեցին մեջքիս հետևում: Ինձ բռնել են երկու ոստիկաններ (Նինո Չխարտիշվիլին, Սալոմե Լաշխիան և ևս մեկը), քաշքշում էին ինձ ու ամբողջովին մերկացրին»,- գրել է Խոշտարիան ազատ աձակվելուց առաջ մեկուսարանից տարածած նամակում:

Նրա խոսքով՝ «հարկադիր մերկացման այս պրակտիկան» մարդու արժանապատվությունը ոտնահարելու և ֆիզիկական բռնության խայտառակ, ռուսական մեթոդ է»։

Էլենե Խոշտարիան ձերբակալվել է մարտի 28-ին խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, իսկ գրեթե 24 ժամ անց ազատ արձակվել։ Դիղոմիի կալանավայրից դուրս գալուց հետո ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են իրեն ձերբակալել հետիոտնային անցումում կանգնած ժամանակ, կամ ինչով է պայմանավորված իր հանկարծակի ու «հապճեպ» ազատ արձակումը։

Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ Էլենե Խոշտարիան բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն։

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ կալանավայր տեղափոխված Խոշտարիան «հրաժարվել է ամբողջությամբ ենթարկվել տեղաբաշխման օրենքով նախատեսված ընթացակարգերին և իրեն ագրեսիվ է պահել»։

«Չնայած կալանավայրի աշխատակիցների բազմիցս կոչերին ու իրավական պարզաբանումներին, նա, այնուամենայնիվ, հրաժարվել է զննության ենթարկվելուց։ Անվտանգության կանոնակարգերից ելնելով կալանավորի համար անհրաժեշտ ընթացակարգեր են իրականացվել մինչ օրենսդրության լիարժեք պահպանմամբ ժամանակավոր պահման վայրում հայտնվելը։ Խուզարկությամբ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է հավանաբար ապօրինի նյութ, որի համար նշանակվել է համապատասխան փորձաքննություն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Էլենե Խոշտարիան «ապօրինի նյութի հայտնաբերումը» «անհեթեթություն» է անվանել։ Ինչպես նշել է Խոշտարիան, բժիշկներն իրեն շատ դեղեր են նշանակել, որոնք իրեն անհրաժեշտ են։

«Կարծես թե այս անհեթեթությունը տարածեցին՝ ի պատասխան հանցագործության արձագանքի։ Բոլոր դեղերը, որոնք ինձ նշանակել են, միանգամայն հայտնի են, ինչ ուզում են՝ կարող են զառանցել։ Սա ինձ հետաքրքիր չէ։ ՆԳՆ-ն քաղաքական դրդապատճառներով է գործում»,- ասել է Խոշտարիան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում։

Ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներն արձագանքել են Էլենե Խոշտարիայի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքին։ Նրանք «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ են արել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին։

Հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով՝ ոստիկանների կողմից ամբողջական խուզարկության ժամանակ անձից չպետք է պահանջվի միաժամանակ մերկացնել մարմնի տարբեր մասերը, և նման գործելաոճը նվաստացուցիչ և ոտնահարող վերաբերմունք է։ Բացի այդ, հանրային պաշտպանը նշում է, որ ըստ ժամանակավոր պահման վայրերի ներքին կանոնակարգի՝ չի թույլատրվում անձնական զննության ժամանակ խուզարկվող անձին ամբողջությամբ մերկացնել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։