«Երազանքը» հերքում է իրականությունը, ընտրողներին ասում է, որ ամեն ինչ կարգին է․ Օ'Բրայեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» չի ընդունում իրականությունը և պնդում է, որ ամեն ինչ լավ է, երբ դա այդպես չէ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պետքարտուղարի օգնականը, ով մայիսին Թբիլիսիում էր, պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե արդյոք բարձր մակարդակի հանդիպումներից, ներգրավվածություններից կամ քննարկումներից հետո ԱՄՆ-ը որևէ նշան կամ հույս ունի, որ «Վրացական երազանքը» կարող է պատրաստ լինել փոխել ինչ-որ բան:

«Ոչ, նրանք հերքում են [իրականությունը], չեն ընդունում: Նրանք չեն նկատել, որ 95 միլիոն դոլարի օգնություն ենք դադարեցրել։ Մոտավորապես նույնքան սահմանափակել է Եվրամիությունը։

Եվրամիությունն էլ է ասում, որ չեք կարող առաջ շարժվել դեպի Եվրոպա։ Իսկ «Վրացական երազանքը» փորձում է իր ընտրողներին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին ասել, որ ամեն ինչ կարգին է։ Ո՛չ, ամեն ինչ կարգին չէ։

Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Կան հստակ կանոններ։ Այս կանոնների համար պատասխանատու մարդիկ ասում են ձեզ, որ դուք սխալվել եք: Վատ օրենք եք մշակել։ Եվս երկու նոր վատ օրենք մշակման շեմին են։ Այս ամենը պետք է դադարեցնել, որպեսզի Վրաստանի ժողովուրդը ստանա իր այդքան ուզածը»,- ասել է Օ՛Բրայենը։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» առաջնորդների՝ ընդդիմադիր կուսակցություններին արգելելու և չեղարկելու խոստումը «շատ բացահայտ մեկնաբանություն էր և վկայում է այն մասին, որ սա այն իշխանությունը չէ, որը կարող է Վրաստանը տանել Եվրոպա»։

«Դա չի հնչում որպես ժողովրդավարություն: Մի կուսակցություն իրավունք չունի որոշել, թե որ կուսակցությունն ունի մրցակցության իրավունք [իր հետ]։ Քաղաքացիները պետք է որոշեն, թե որ կուսակցությունները խորհրդարանում մանդատներ կստանան նախապես պարզ արդար կանոններով»,- ասել է պետքարտուղարի օգնականը։

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ջեյմս Օ'Բրայենը ընդգծել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությունը և բացատրել, որ ռուսական օրենքի կիրառումը վնասում է այն մասերից մեկին, առանց որի ընտրությունները չեն կարող համարվել անցկացված արդար և ազատ միջավայրում։

«Այո, ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար։ Լավ է, որ ԵԱՀԿ-ն որոշ հատվածներում դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն կունենա, բայց այս կազմակերպությունը նաև հենվում է տեղական խմբերի, շարքային վրացիների վրա, որպեսզի ապահովի, որ քաղաքացիները գրանցված լինեն, ունենան անհրաժեշտ գիտելիքներ քվեարկելու համար, հայտնվեն ճիշտ տեղերում, և որ նրանց ձայները հաշվվեն: Այդ ամենը մեկ մեծ համակարգի մի մասն է:

Այս օրենքը փորձում է մեկ ոտքը հեռացնել այս եռոտանի աթոռից։ Սա չի աշխատում: Ուստի ես մտահոգված եմ, որ դա նշանակում է, որ ընտրություններն ազատ ու արդար չեն լինելու։ Դա, իհարկե, չի ընկալվի որպես ազատ ու արդար։ Առանց դրա Վրաստանը չի կարող կատարել հաջորդ քայլը։

[...] Մենք կրկին ու կրկին ասում ենք վրացի պաշտոնյաներին, որ ձեր ասած թափանցիկությունը պատրաստ է և հասանելի: Ամերիկյան բոլոր կազմակերպությունները թափանցիկ են, եվրոպական կազմակերպությունները թափանցիկ են։ Դրան հասնելու ուղիներ կան: Բայց նրանք ընտրել են մի ճանապարհ, որը թույլ է տալիս Արդարադատության նախարարությանը վերահսկել ձեր թաղամասի միությունը: Այն ժողովրդավարական չէ, Եվրոպայի մաս չէ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան, որպեսզի վրաց ժողովուրդը լինի Եվրոպայի մի մասը»։

Այն հարցին, թե արդյոք իրեն անհանգստացնում է մոտ ապագայում Վրաստանում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը կամ վնասակար ազդեցությունը, Ջեյմս Օ՛Բրայենը պատասխանել է, որ «դա կառավարության որոշումն է»։

«Կառավարությունը դժվարացնում է սեփական քաղաքացիների ինքնակազմակերպումը, իսկ Վրաստանի վաղեմի բարեկամներին՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, օգնել Վրաստանի քաղաքացիներին: Այս միջավայրում, եթե կառավարությանը հաջողվի ամբողջությամբ զրկել այդ բոլոր խմբերին ռեսուրսների հասանելիությունից, ապա կգոյատևեն միայն ռուսական տեղեկատվական աղբյուրները: Այնպես որ, ինչ էլ որ եղել է նախկինում, այն, ինչ անում է կառավարությունը [այժմ], դա շատ ավելի հեշտացնում է Ռուսաստանի համար գերիշխել վրացական տեղեկատվական տարածքում»,- ասել է Օ՛Բրայենը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):