«Կա՛մ մենք ողջ ենք լինելու և այստեղ ենք լինելու, կա՛մ ողջ չենք լինելու և հետո եթե դա իրականացնեն, կտեսնեք։ Մենք չենք կարող դրժել մեր երդումը, դա անհնար է: Մեզ բռնի ուժով կվտարե՞ն մեր տներից։ Այդ պարամետրերով ու այդ տեղում մենք թույլ չենք տա այս նախագծի իրականացումը։ Ուստի, եկեք մտածենք այլընտրանքի մասին»,- այսպես է արձագանքում Խաիշիի երդվյալների խորհրդի անդամ, տեղի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցիչ Զուրա Նիժարաձեն նոր տարվանից Խուդոն ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի մասին փոխվարչապետի արած հայտարարությանը։ Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ պետությունը ներդրողից վերագնել է Խուդոն ՀԷԿ-ի նախագիծը 13,5 մլն դոլարով, և դրա շինարարությունը կսկսվի 2023 թվականից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք վստահ ենք, որ կկարողանանք արդյունավետ շփվել բնակչության հետ և կունենանք նրանց աջակցությունը, քանի որ սա կլինի Վրաստանի նախագիծը, և բնակչությունը կստանա այն տնտեսական օգուտները, որոնք մենք պետք է ստանանք այս նախագծի իրականացումից»,- ասել է Դավիթաշվիլին։
Զուրա Նիժարաձեն չգիտի, թե ինչ կամ ով է այս հարցում համոզում փոխվարչապետին, սակայն երդվյալների խորհրդի անդամները հավատում են տեղի բնակչության հզորությանը, իսկ բնակչությունը դեմ է Խուդոնի հիդրոէլեկտրակայանի կառուցմանը։ 2013-ի մայիսի 8-ին մոտ 200 ընտանիք Խաիշիի Սուրբ Գիորգիի եկեղեցու սրբապատկերի վրա երդվել է, որ թույլ չի տա հեղեղել Խաիշին և շրջակա գյուղերը, գերեզմանները, եկեղեցիները, ինչպես նաև հրաժարվելու են որևէ տեսակի փոխհատուցումից։
Ըստ նախագծի՝ Խուդոն ՀԷԿ-ի ամբարտակի բարձրությունը 200 մետր է լինելու, իսկ ջրամբարը կառուցելու համար պետք է ջրով լցվի 528 հեկտար տարածք, այդ թվում՝ Զուգդիդի-Մեստիա միացնող ճանապարհի մի մասը։ Մինչև 2000 մարդ պետք է տեղահանվի: Խաիշիի բնակիչները 2013 թվականին թույլ չեն տվել Խուդուն ՀԷԿ-ի շինարարության թույլտվություն ունեցող ընկերությանը սկսել իր գործունեությունը։
Զուրան բացատրում է, որ դիմադրության պատճառները շատ են. «Նախ՝ այս գյուղը քանդելով և մարդկանց բռնի տեղահանելով՝ երկիրը շատ ավելի վատ արդյունք կստանա, քան այս գյուղը պահելն ու այլընտրանքային տարբերակ իրականացնելն է։ Եթե համեմատենք 1979 թվականի տվյալները 2014 թվականի վիճակագրության հետ, ապա Զեմո Սվանեթին 60 տոկոսով դատարկվել է։ Մոտավորապես 15-20 տոկոսը կդատարկվի, եթե այս նախագիծն իրականացվի այն տեղում, որտեղ նախատեսված էր ԽՄ տարիներին և նախատեսված է այսօր։
Խաիշին ընդհանրապես կվերանա։ Այնտեղ, որտեղ հիմա կանգնած ենք՝ դպրոցի դիմաց, ջրի մակարդակը այստեղից 70-80 մետրով բարձր կլինի։ Սկսած Ջվարի ավանից մինչև Լախամուլա, սա մոտ 70 կիլոմետր երկարություն է, բնակչությունն այլևս չի մնա ճանապարհի եզրին, և շրջակայքում ամեն ինչ կվերանա, կյանքը կմեռնի։
Ինչո՞ւ պետք է այս գյուղը դժբախտանա: Ինչո՞ւ պետք է վերանա Սվանեթին: Ես չեմ հասկանում։ Բացարձակապես անընդունելի է։ Պետք է ավելի քան 1000 գերեզման փորել և հանգուցյալներին վերահուղարկավորել։ Սա փոքր ողբերգություն չէ բնակչության համար։ Այս և այլ գերեզմանոցներում թաղված են երեխաներ, երիտասարդներ, ծերեր, շատ մարդիկ։ Ինչո՞ւ պետք է տաճարը ջրի տակ լինի: Ինչո՞ւ պետք է բոլոր տները քանդվեն: Այս տեղը պետք է ոչնչանա, որովհետև դա ինչ-որ մեկի քմահաճույքն է, և նրանք չեն ուզում այլընտրանքային ծրագիր իրականացնել, որպեսզի ինչ-որ ֆինանսական օգուտ տեսնեն։ Եթե ֆինանսական օգուտների ագահ լինեինք, ուրեմն այդ գումարը կվերցնեինք ու միգուցե ինչ-որ տեղ ապրեինք, նույնիսկ տնտեսական տեսանկյունից շատ ավելի լավ, բայց մենք չենք կարող զիջել այս տարածքը, այս երկիրը։ Մենք պետք է մնանք այստեղ և պահպանենք մեր ինքնությունը»:
Խաիշիում հիշում են, թե ինչպես 2014 թվականին կառավարությունը ոստիկանական ուժեր մտցրեց գյուղ՝ սկսելու Խուդուն ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, սակայն ժողովուրդը թույլ չտվեց։
«Եթե նրանք գան որպես ընկերներ, մենք կդիմավորենք որպես ընկերներ, եթե գան որպես թշնամիներ, իհարկե, մենք նույնպես կդիմավորենք որպես թշնամիներ։ Սա չի նշանակում, որ զենք ենք վերցնելու մեր ձեռքը, բայց մենք մեր սկզբունքները պաշտպանելու ենք մինչև վերջ»,- ասում է Զուրան։
Դեկտեմբերի 19-ին նախարար Դավիթաշվիլին ասել է, որ ներդրող ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 13,5 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պետությունը նախագծի հետ միասին վերադարձրել է ընկերությանը փոխանցված հողերը։ Խուդոնի էլեկտրակայանի կառուցման թույլտվություն ունեցող «Տրանս-Էլեկտրիկա» ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում։ 2011 թվականին ընկերությանը խորհրդանշական 1 դոլար գնով տրամադրվել է 1536 հեկտար հողատարածք Խաիշի համայնքում։ Դրանից հետո ընկերությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել, բացառությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստման: Նախարարը չի հստակեցրել, թե բյուջեից ինչի համար ենք վճարել 13,5 մլն ԱՄՆ դոլարը։
«Մթիս Ամբեբին» Խուդոն ՀԷԿ-ի թեմայով ծավալուն ռեպորտաժ է պատրաստում և առաջիկայում կհրապարակվի։