Երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը © REUTERS/Irakli Gedenidze

Նոյեմբերի 29-30-ը Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 107 մարդ։ ՆԳՆ-ն նրանց մեղադրում է ոստիկանի պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ՆԳՆ-ն ցրել է հանրահավաքը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և այլ հատուկ միջոցներ։ Դիմակավորված ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները հետապնդել, ֆիզիկական բռնության են ենթարկել և մինչև առավոտ բերման են ենթարկել ցուցարարներին։ Սոցցանցերում շրջանառվում են քաղաքացիների նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունքը պատկերող մի շարք տեսանյութեր։

Ներքին գործերի նախարարությունը հանրահավաքի մասնակիցներին մեղադրում է ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մեջ։

«Ամբողջ գիշերվա ընթացքում հավաքի անդամները բանավոր և ֆիզիկապես բախվել են ոստիկանների հետ։ Ռուսթավելիի պողոտայում մարդիկ իրավապահների ուղղությամբ տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակյա շշեր ու երկաթե առարկաներ են նետել։

Ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Մինչ այժմ մեկ ոստիկան մարմնի տարբեր մասերում այրվածքներով շարունակում է մնալ բուժհաստատությունում։

Հասարակությունը տարբեր հեռուստաալիքներով պարզ տեսավ հանրահավաքի մասնակիցների բռնի, անօրինական գործողությունները։ Չնայած բազմաթիվ դիմումներին՝ հավաքվածները վնասել են Թբիլիսիի քաղաքապետարանի և մասնավոր անձանց ենթակառուցվածքները, խորհրդարանի պաշտպանիչ ամբարտակը, հրկիզել տարբեր իրեր և լարեր, կանգնեցրել բարիկադներ, վնասել խորհրդարանի մուտքի դարպասը և տեսահսկման տեսախցիկները հարակից տարածքում։

ՆԳՆ աշխատակիցները կարգուկանոնը վերականգնելու նպատակով կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ցույցերը Թբիլիսիում և շրջաններում սկսվել են ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նոյեմբերի 28-ին արած հայտարարությամբ, թե «Վրացական երազանքի» կառավարությունը մինչև 2028 թվականի վերջը չի պատրասվում անդամակցության բանակցություններ սկսել և հրաժարվում է ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։

Ներքին գործերի նախարարությունը ցրել է նաև նոյեմբերի 28-29-ի բողոքի ցույցը։ Ընդհանուր առմամբ երկու օրվա ընթացքում ձերբակալվել է ակցիայի 150 մասնակից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։