«Եթե որևէ հանցանք եմ գործել, պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ», - Կալաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ իրավիճակ է: Ես էլ եմ դժբախտացած։ Սարսափելի բան է տեղի ունեցել և ծանր է բոլորի համար: Հետաքննությունն, իհարկե, ամեն ինչ կպարզի։ Ամեն ոք, ով հանցանք է գործել, պատասխան կտա օրենքի առաջ, այդ թվում՝ ես, եթե ինչ-որ հանցանք եմ գործել, պատրաստ եմ պատասխան տալ»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Նյու Հոսպիտալս» հիվանդանոցում, որտեղ այցելել է Վակեի այգում հոսանքահարված երեխային։ 13-ամյա դեռահասը արհեստական շնչառության տակ է:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Երեկ Թբիլիսիի Վակեի այգու կենտրոնական հատվածում գտնվող նոր վերանորոգված շատրվանում երեք երեխա է հոսանքահարվել։ Երեխաները գնդակը գցել են շատրվանի մեջ, ապա մտել ջուրը՝ այն հանելու համար: 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել է Խեչինաշվիլիի կլինիկայում, մյուսի առողջական վիճակը ծանր է։ Երրորդ դեռահասին տեղավորել են Իաշվիլիի կլինիկայում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն և քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն՝ հոկտեմբերի 12-ին, ծանոթացել են շատրվանի աշխատանքներին, որի վերանորոգման արժեքը կազմել է 13 մլն լարի, և շնորհավորել հանրությանը՝ «վերջին տասնամյակների խոշորագույն նախագծերից մեկի հաջող ավարտի կապակցությամբ»։

«Շատրվանին մոտիկ էի կանգնած, իմ գործն էի անում։ Լսեցի մարդկանց ձայները, երեխաներն էլ էին ճչում, ասում էին խեղդվում են ու օգնություն էին խնդրում։ Աղմուկից վազեցի։

Երբ հասա՝ երեխային տեսա ջրի մեջ։ Աշխատանքային հագուստով մտա լողավազան, երեք երեխաներն էլ ջրի մեջ էին: Մեկը մոտիկ էր։ Երբ մոտեցա, հոսանքը խփեց։ Գնացի հանեցի մեկին։ Ես լողավազանից դուրս չեկա։ Երեխային իմ ձեռքից վերցրել են այնտեղ հավաքվածները։ Տեսա, որ ևս երկու երեխա կա ջրի տակ։ Գնացի երկրորդի մոտ, հոսանքը նորից խփում էր, բայց կարողացա հանել։ Նորից գնացի, բայց չկարողացա երրորդին հասնել։ Հոսանքն այնքան ուժեղ էր, որ չէի կարողանում մոտենալ, մարմինս այլևս չէր դիմանում:

Մինչև երկու երեխային դուրս հանեցի, ուշ էր երրորդին դուրս բերելու համար։ Հետո շատրվանն անջատեցին։ Այստեղ մարդիկ առաջին բուժօգնություն էին ցուցաբերում երեխաներին։ Երրորդին հանեցինք, երբ հոսանքն անջատեցին։ Այս երեքից միայն մեկն էր կարողանում գլուխը շարժել, երկուսը չէին շնչում, անգիտակից էին։ Շուտով ժամանեցին շտապօգնության խմբերը և երեխաներին տարան։ Հետո լսեցինք, որ աղջիկը մահացել է։ Շատ ծանր է, ցավակցում եմ ընտանիքին»,- «Վրաստանի լուրերին» - ասում է Վակեի այգու աշխատակից Դևի Մեզուրնիշվիլին։

Երեխաները Թբիլիսիի 55-րդ հանրակրթական դպրոցի աշակերտներ են։ Կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին ասել է, որ երեխաները երեկ դասի չեն եղել, ինչի մասին դասղեկը տեղեկացրել է ծնողներին։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240 հոդվածի առաջին մասով (անվտանգության կանոնները խախտելը)։ Ինչպես պարզաբանել է փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, հետաքննության ընթացքում հստակեցվել են որակավորումները, և հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 240-րդ պրիմա հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը վերաբերում է էլեկտրական օբյեկտներում անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։

«Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժանմունքում քննչական գործողությունների շրջանակում անցկացվում է աշխատանքները կատարած «Գրին սերվիս պլյուս» ՍՊԸ տնօրենի, հիմնադիրների և այլ աշխատակիցների, ինչպես նաև փորձաքննություն կատարած անձանց հարցաքննությունը: Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, այդ թվում՝ Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիայի աշխատակիցների հարցաքննությունն ակտիվորեն ընթանում է և կշարունակվի։ Հետաքննությունը մանրամասն կուսումնասիրի նախագծաշինարարական աշխատանքների փաստաթղթերը, փորձագիտական ​​եզրակացությունները և ընդունման ու հանձնման ակտերը։ Բացի այդ, Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի անչափահասների գործերով գլխավոր բաժինը հարցաքննել է դեպքի պահին Վակեի այգում գտնվող անչափահասներին, Թբիլիսիի թիվ 55 հանրային դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին, ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը և անվտանգության աշխատակիցներին։ Համապատասխան փորձաքննությունների և քննչական գործողությունների ավարտից հետո կպարզվի բոլոր մեղավորների ինքնությունը, որոնք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է ՆԳ փոխնախարարը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։