Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն արձագանքել է հունվարի 11-12-ը Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Եվրամիությունը դատապարտում է այս շաբաթավերջին Բաթումիում և Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումները, ներառյալ լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները։
Անարդարացիորեն բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն։ Պաշտոնյաները, որոնք ներգրավված են այս անօրինական գործողություններում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Հիպերը X հարթակում։
Հունվարի 11-ին Բաթումիում ձերբակալվել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց հրատարակությունների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին։ Սկզբում նա ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ բողոքի ցույցի պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ազատ են արձակվել ստորագրության հիման վրա, սակայն շուտով նրանք կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսնել նրան։ Մզիա Ամաղլոբելին Հանրային պաշտպանի ներկայացուցչին ասել է, որ իր նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել։
Դատախազությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է բռնություն ոստիկանի նկատմամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։
Հունվարի 11-ի գիշերը Բաթումիում վարչական կարգով ձերբակալվել է 12 մարդ։ Դատավոր Իրմա Տոգոնիձեն նրանցից երեքին դատապարտել է հինգ օրվա ազատազրկման, իսկ մեկին տուգանել 2000 լարիով։ Դատարանում գործերի քննությունը շարունակվում է։
Հունվարի 12-ին Թբիլիսիում «Բաբիլո» ռեստորանում դատավորների կորպորատիվ խնջույքին զուգահեռ անցկացված բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները վարչական կարգով ձերբակալել են 9 հոգու։ Ձերբակալվածների թվում են «Միասնություն-Ազգային շարժման» երիտասարդական կազմակերպության անդամներ Տիտե Գեդենիձեն, Շակո Մաղրաձեն և Բեքա Պապաշվիլին։
Բաթումիում հունվարի 12-ին նույնպես բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են 8 մարդու, որոնց թվում են եղել «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներ Էլենե Խոշտարիան և Գիորգի Կիրթաձեն։ Ձերբակալվել է նաև «Բաթումելեբիի» օպերատոր և լուսանկարիչ Գուրամ Մուրվանիձեն։
