Գերմանիայի օդանավակայաններում 24-ժամյա նախազգուշական գործադուլ է սկսվել

Այսօր՝ մարտի 10-ին, Գերմանիայի խոշորագույն օդանավակայաններում սկսվել է 24-ժամյա նախազգուշական գործադուլ, որը, ըստ Deutsche Welle-ի, կազդի հազարավոր չվերթների և ավելի քան կես միլիոն ուղևորի վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ver.di արհմիությունը գործադուլի կոչ է արել օդանավակայանի օպերատորներին, ցամաքային սպասարկման անձնակազմին և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին: Արհմիության հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլն անհրաժեշտ է «մոտ 25 000 աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար»:

Ver.di-ի պահանջները ներառում են աշխատավարձի 8%-ով բարձրացում, բայց ոչ պակաս, քան ամսական 350 եվրո, բարդ աշխատանքում զբաղվածների համար հավելավճարների ավելացում և աշխատողների համար լրացուցիչ հանգստյան օրեր:

Գործադուլներ են անցկացվել Բեռլին-Բրանդենբուրգի, Շտուտգարտի, Քյոլնի/Բոնի, Դյուսելդորֆի, Դորտմունդի, Մյունխենի, Համբուրգի, Մայնի Ֆրանկֆուրտի, Հանովերի, Բրեմենի և Լայպցիգի/Հալլեի օդանավակայաններում։ Վեզեի և Կարլսրուեի/Բադեն-Բադենի օդանավակայաններում գործադուլի կոչ են արել միայն ավիացիոն անվտանգության աշխատակիցներին, որոնք աշխատում են ուղևորների, անձնակազմի, բեռների և ապրանքների վերահսկման վայրերում, ինչպես նաև սպասարկման բաժիններում:

Գերմանական օդանավակայանների ասոցիացիան (ADV) գնահատում է, որ հայտարարված գործադուլի հետևանքով կչեղարկվի ավելի քան 3 400 չվերթ՝ տուժելով մոտավորապես 510 հազար ուղևորների։

«Մենք ստիպված ենք իրականացնել այս նախազգուշական գործադուլը, քանի որ գործատուները դեռևս որևէ առաջարկ չեն արել հանրային հատվածի աշխատողների համար կոլեկտիվ պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում և որևէ պատրաստակամություն չեն ցուցաբերել բավարարելու մեր օրինական պահանջները: Օդանավակայանի աշխատակիցները կատարում են կարևոր առաջադրանքներ՝ ապահովելու օդային երթևեկության անխափան աշխատանքը և զգալի պատասխանատվություն կրում բոլոր ուղևորների անվտանգության համար: Նրանք նույնպես արժանի են արդար վարձատրության և ավելի լավ աշխատանքային պայմանների», - բացատրել է Քրիստինա Բելը՝ Ver.di-ի փոխնախագահը:

Բանակցություններ են ընթանում հանրային ​​հատվածում աշխատող շուրջ 2,5 միլիոն մարդկանց կոլեկտիվ աշխատավարձի պայմանագրի շուրջ: Անցած ամիս բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց անհաջող։ Դաշնային կառավարությունը և տեղական մունիցիպալիտետները հայտարարել են, որ արհմիության պահանջների կատարումը ֆինանսապես անհնար է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։