Ի՞նչ նորություններ են սպասվում դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։ Դպրոցներում առաջինից տասներկուերորդ դասարանը ներառյալ կսովորի 632 726 աշակերտ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այս տարի առաջին դասարանում գրանցվելու հնարավորություն տրվեց այն երեխաներին, որոնք մինչև սեպտեմբերի 30-ը կդառնան 6 տարեկան։ Փոփոխության արդյունքում դպրոցներում գրանցվելու իրավունք է ստացել 1 868 երեխա։ 2022-2023 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում կլինի 55 717 առաջին դասարանցի։ Հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտները ապահովված են գրքերով և տետրերով։ Առաջին դասարանցիներն ու նրանց դասղեկները կստանան շարժական համակարգիչներ։

2022-2023 ուսումնական տարվանից «Վրաստանի պատմությունը» որպես առանձին առարկա կուսումնասիրվի հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Աշակերտները շախմատը որպես պարտադիր առարկա կսովորեն առաջին դասարանում։ Ամռան ընթացքում նախարարության և Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ միջազգային շախմատի գրոսմայստերներից և վարպետներից կազմված մարզիչների խումբը վերապատրաստել է 4000 ուսուցչի։ Բացի այդ, պատրաստվել են համապատասխան կրթական ռեսուրսներ, որոնք կներառվեն դպրոցական գրքերում։

2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ: Ծրագրի շրջանակներում հատուկ պատրաստվածություն ստացած ակտիվ զինվորականները շաբաթական մեկ անգամ կդասավանդեն աշակերտներին։

«Պաշտպանություն և անվտանգություն» կրթական նախագծի շրջանակն ընդլայնվում է: Ծրագրի փորձնական գործընթացում ներգրավվել են 18 լրացուցիչ շահառուներ, այդ թվում՝ 12 նախկին զինվորականներ և գեներալ Գիորգի Կվինիտաձեի անվան կադետական ​​զինվորական լիցեյի 6 հրահանգիչներ։ Վերապատրաստված անձինք «Պաշտպանություն և անվտանգություն» ընտրովի առարկայի շրջանակներում կբարձրացնեն դպրոցականների գիտելիքները այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ քաղաքացիական անվտանգությունը, հնարավոր սպառնալիքների աղբյուրները, անվտանգության հետ կապված իրավական դաշտը, առաջին օգնության մեթոդները, Վրաստանի պաշտպանական համակարգը և պաշտպանության ուժերի գործունեությունը:

Կրթության և գիտության նախարարության տեղեկության համաձայն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ մեկնարկում է 1 մլրդ լարի արժողությամբ լայնածավալ ծրագիր, որը ենթադրում է 800 դպրոցի կառուցում և վերականգնում։ Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և մրցույթ կհայտարարվի 80 նոր դպրոցի կառուցման և 320 դպրոցի վերականգնման համար։ Մնացած 400 դպրոցների վերականգնման համար մրցույթը կհայտարարվի 2023-2024 թվականներին, իսկ մինչև 2026 թվականի վերջ ընդհանուր առմամբ կկառուցվի և կվերականգնվի 800 դպրոց։

Նախատեսվում է դպրոցները կահավորել ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Կկազմակերպվեն լաբորատորիաներ, կկառուցվեն սպորտային ենթակառուցվածքներ, ինչը շատ կարևոր է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի հաստատման ուղղությամբ։ Բոլոր դպրոցներն ամբողջությամբ կհարմարեցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար։

Նոր ուսումնական տարվանից 150 հանրակրթական դպրոցներում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի շրջանակներում «Ռեգբին» կավելացվի տարրական դասարանների աշակերտների սպորտաձևերի ցանկում՝ որպես պարտադիր ուղղություն։

Այսպես կոչված «Թեգ ռեգբին» կամ ոչ կոնտակտային ռեգբին ներառում է վարժություններ, որոնք կարևոր են ռեգբիի տարրեր օգտագործող սովորողների ֆիզիկական զարգացման համար։ Այս փուլում՝ Վրաստանի ռեգբիի միության հետ համագործակցությամբ, ընթանում է սպորտի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցները հնարավորություն կունենան մասնակցել դպրոցական մարզական փառատոնին՝ «Թեգ ռեգբիի» ուղղությամբ։

Նոր ուսումնական տարում X դասարանի աշակերտները կստանան նոր դասագրքեր՝ բոլոր առարկաներից։

2022-2023 ուսումնական տարվանից առաջին անգամ Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսիի և Բաթումիի 50 դպրոցների V-VI դասարանների մինչև 4000 աշակերտ, պիլոտային ռեժիմով, կսովորի Մակմիլանի երկլեզու մաթեմատիկայի դասագրքերով, ինչը, ըստ նախարարության պարզաբանման կնպաստի աշակերտների մտածողության ունակությունների զարգացմանը և կօգնի նրանց գործնականում օգտագործել անգլերենը:

Ազգային ուսումնական պլանում կատարված փոփոխությունների համաձայն՝ միջին մակարդակին ավելացվել է պարտադիր նախագծերով ուսուցում կերպարվեստի և կիրառական արվեստի, երաժշտության և քաղաքացիական կրթության ոլորտներում։

2022-2023 ուսումնական տարվանից համակարգչային տեխնիկայի ուսուցումը պարտադիր է դառնում բոլոր դպրոցների II-VI դասարանների աշակերտների համար, իսկ ծրագրավորման տարրերը կուսումնասիրվեն տարրական դասարաններից։

Նոր ուսումնական տարվանից, հաշվի առնելով դպրոցներում առկա ռեսուրսները, աշակերտներին հասանելի կլինեն STEAM ակումբները, որոնց շրջանակներում աշակերտները կստեղծեն տարբեր տեխնոլոգիական նախագծեր և հնարավորություն կունենան ներկայացնելու դպրոցական նախագծերը STEAM գիտաժողովին։

Նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականի սեպտեմբերից կսկսվի դպրոցների բազմաբնույթ աջակցություն՝ ավտորիզացիայի գործընթացն անցնելու համար։ Այս փուլում հանրակրթական ուսումնական հաստատությունների 80%-ն արդեն ավարտել է ինքնագնահատումը, իսկ մնացած դպրոցները կավարտեն գործընթացը մինչև այս տարվա վերջ։ Ինքնագնահատման արդյունքների հիման վրա դպրոցներին կառաջարկվեն նպատակային գործողություններ, նախապատրաստական ​​դասընթացներ և օժանդակ ուղեցույցներ։

41 ոչ վրացալեզու դպրոցի տարրական դասարաներում ուսուցումը կանցկացվի երկլեզու մեթոդով, ինչը կնպաստի վրացերենի ուսուցման բարելավմանը։

Երկլեզու մոտեցումը ենթադրում է մայրենիի ուսուցման ուժեղացում, վրացերենի և առարկայի ինտեգրված ուսուցում։ 2022 թվականին ոչ վրացալեզու դպրոցների մայրենիի ուսուցիչների համար առաջին անգամ անցկացվել է որակավորման քննություն՝ հայերեն և ադրբեջաներեն լեզուներից, ինչը ազդում է նրանց մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման վրա։

2022-2023 ուսումնական տարվանից ուսանողները կներգրավվեն «Աբխազիայի օրեր» նոր նախագծում, որը նրանց հնարավորություն կտա մասնակցել Աբխազիային նվիրված շաբաթվան և արտահայտել իրենց տեսակետներն ու վերաբերմունքը երկրի միասնության և ամբողջականության վերաբերյալ՝ տարբեր գեղարվեստական, տեխնոլոգիական, գրական, ստեղծագործական նախագծերի միջոցով։

Սեպտեմբերի 15-ից էլեկտրոնային մատյանը կրկին հասանելի կլինի բոլոր դպրոցներին, ինչը կօգնի ուսուցիչներին էլեկտրոնային եղանակով գրանցել աշակերտների հաճախելիությունը և գնահատականները:

Նոր ուսումնական տարում կգործարկվի նաև նոր առցանց հարթակ՝ chaerte@mes.gov.ge, որը ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հնարավորություն կտա ծանոթանալ ուսումնական գործընթացի մասին անհրաժեշտ տեղեկությունների, մասնակցել հարցումներին, արձանագրել իրենց գաղափարները / կարծիքները և ակտիվորեն մասնակցել տարբեր որոշումների կայացման գործընթացներին:

Բարձր պահանջարկի պատճառով նոր ուսումնական տարվա համար Թբիլիսիի 220-րդ հանրակրթական դպրոցում ստեղծվել է ևս մեկ ուկրաինալեզու հատված, ընդլայնվել է նաև Բաթումիի 20-րդ հանրակրթական դպրոցի ուկրաինալեզու հատվածը։ Պաշտոնական ուսումնական ծրագրի շրջանակներում ուկրաինալեզու հատվածի աշակերտները սովորում են ինչպես պարտադիր, այնպես էլ ընտրովի առարկաներ։ Ուկրաինական առարկաների հետ մեկտեղ երեխաները կսովորեն վրաց լեզու և գրականություն և «Մեր Վրաստանը» առարկան։ Ուկրաինալեզու ոլորտի բոլոր աշակերտներին տրամադրվում են դպրոցական ռեսուրսներ և ուսուցման համար անհրաժեշտ գրքեր: Միխայիլ Գրուշևսկու անվան Թբիլիսիի 41-րդ և Բաթումի 20-րդ հանրակրթական դպրոցներում անցած ուսումնական տարում ստեղծվել է ուկրաինալեզու սեկտոր։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այն աշակերտները, որոնք Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների արդյունքում չեն կարող շարունակել կրթությունը ուկրաինական դպրոցներում և ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Վրաստանում, ընդունվում են դպրոցներ պարզեցված կարգով։ Առկա տվյալների համաձայն՝ Թբիլիսիում և շրջաններում արդեն 2000-ից ավելի տարբեր տարիքի աշակերտներ են սովորում։ Ավելի քան 1400 երեխա այժմ գրանցված է ուկրաինալեզու հատվածում՝ Թբիլիսիում և Բաթումիում։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ ուսումնական միջավայր ապահովելու նպատակով նոր ուսումնական տարվանից ևս 73 հանրակրթական դպրոցներ կունենան ուսումնական հաստատությունների մանդատուրի (անվտանգության աշխատակից)։ Ավելանում է նաև ուսումնական հաստատության սոցիալական աշխատողների թիվը, ովքեր անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կմատուցեն դպրոցականներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին և ուսումնական հաստատության ներկայացուցիչներին։ 2022-2023 ուսումնական տարվա ավարտին կրթական համակարգում սոցիալական աշխատողների թիվը կավելանա մինչև 110։

2022-2023 ուսումնական տարում շրջաններում դպրոցների աջակցության շրջանակում կրթության մատչելիությունը մեծացնելու նպատակով կշարունակվի աշակերտներին տրանսպորտով ապահովման ծրագիրը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։