Ինչո՞ւ ենք պահանջում դադարեցնել ռուսական օրենքի կիրարկումը․ լրատվամիջոցների սահմանադրական հայցը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի մի շարք հոդվածներ չեղարկելու և մինչև վերջնական որոշում կայացնելը վիճարկվող նորմերի կիրարկումը դադարեցնելու պահանջով մենք՝ ՍՊԸ «Վրաստանի լուրերը» և ՈԱԻԱ «Ստուդիա Մոնիտորը», համատեղ հայց ենք ներկայացրել Սահմանադրական դատարան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սահմանադրական հայցով մենք վիճարկեցինք ռուսական օրենքը Վրաստանի Սահմանադրության 17-րդ (կարծիքի, տեղեկատվության, զանգվածային լրատվության ազատության իրավունք) և 22-րդ (միավորման ազատություն) հոդվածների առնչությամբ։

Երկու մեդիա կազմակերպություններն էլ լրագրողական նյութեր են ստեղծում դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։ Առանց դրամաշնորհային աջակցության, մեզանից ոչ ոք չէր կարողանա աշխատել։

Ռուսական օրենքը հայցվորներին որակում է որպես «օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություններ», այսինքն՝ օտարերկրյա գործակալներ։ Այս խարանող կարգավիճակը մեզ տրվում է այն պատճառով, որ մենք մեր տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստացել ենք միջազգային դոնորներից, չնայած այն բանին, որ այդ ֆինանսավորումն օգտագործվում է որակյալ լրագրություն ստեղծելու և հանրությանը իրազեկելու, բնակչության խնդիրները լուսաբանելու համար, պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունը, բարձրացնելու քաղաքացիների մասնակցությունը և կառավարության հաշվետվողականությունը՝ հանուն երկրի ժողովրդավարական զարգացման:

Ռուսական օրենքը մեզ պարտավորեցնում է գրանցվել կազմակերպություններին վարկաբեկող ռեգիստրում և այդ նպատակով ներկայացնել համապատասխան ֆինանսական հայտարարագիր:

Մեզանից ոչ ոք չի պատրաստվում իր կամքով գրանցվել զրպարտչական, վարկաբեկող ռեգիստրում։

Որպեսզի չթողնենք նույնիսկ այն ենթադրությունը, որ մենք դեմ ենք թափանցիկությանը, ինչպես հաճախ շահարկում են «Վրացական երազանքը» և նրա քարոզչական ալիքները, եթե պետությունը ցանկանար լրացուցիչ տեղեկություններ ստանալ դրամաշնորհային ֆինանսավորման մասին, այլ ոչ թե խարանել ու վերացնել այն լրատվամիջոցներին, որոնք անընդունելի են կառավարության համար իրենց քննադատական դիրքորոշման և բացահայտող գործունեության պատճառով, փոփոխություններ կկատարեին հարկային օրենսգրքում և մեզ այս վիրավորական կարգավիճակով չէին պիտակավորի, չէին պարտավորեցի անձնական տվյալներ տրամադրել, չէին խոչընդոտի լրագրողական գործունեությանը և չէին խեղդի առանձնապես մեծ չափի դրամական տուգանքներ կիրառելով։

Վերջին երեք օրերի ընթացքում, երբ ՍԴ պլենումը հայցեր էր քննում ռուսական օրենքի դեմ, ավելի պարզ դարձավ, որ այս օրենքն ընդունվել է հենց ռեպրեսիաների, վերջնականապես մեզ լուծարելու համար։

Մեզ շրջապատող մի շարք փոքր և շատ կարևոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին։ Նրանց թվում բարձր որակավորում ունեցող որոշ անձինք, ովքեր տարբեր ծառայություններ են մատուցել սոցիալապես անապահով մարդկանց, բռնության զոհ դարձած կանանց ու երեխաների, ճնշված մարդկանց, խոցելի այլ խմբերին, լքել են քաղաքացիական սեկտորը։

 

Հայցվոր կազմակերպություններն ու իշխանության կողմից մեր նկատմամբ հետապնդումները մինչ վիճելի օրենքի ընդունումը

Վրաստանում գործող բազմաթիվ այլ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ մենք կտրականապես դեմ էինք և դեմ ենք ռուսական օրենքի ընդունմանը, քանի որ այն սկզբունքորեն հակասում է օրենքի գերակայության և ժողովրդավարական հասարակության սկզբունքներին, ինչը հաստատվում է Ռուսաստանում նմանատիպ օրենքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, Հունգարիայում նմանատիպ օրենքի վերաբերյալ Եվրոպական միության դատարանի որոշմամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից 2023 թվականին պատրաստված եզրակացությամբ և Վենետիկի հանձնաժողովի 2024 թվականի անհետաձգելի եզրակացությամբ՝ Վրաստանի խորհրդարանում նախաձեռնված օրենքի նախագծի վերաբերյալ։

Վիճարկվող նորմերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնասում և ոտնահարում են մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները, բայց էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում էթիկայի բարձր չափանիշներով հետաքննական լրագրության համար։

Սահմանադրական դատարանում կայացած կարգավորող նիստում հարց հնչեց՝ «օտարերկրյա ուժի շահեր կրող» եզրույթի հնարավոր դրական բովանդակության կամ մեկնաբանման հնարավորությունների վերաբերյալ։

Որպես փորձագետ հրավիրված լեզվաբան, Թբիլիսիի պետական ​​համալսարանի Առնոլդ Չիքոբավայի անվան լեզվաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Մարինե Բերիձեն ուղղակիորեն, հստակ ձևով հայտարարեց, որ

«Օտարերկրյա ուժի շահեր կրող» այս արտահայտությունը վրացերենում միայն բացասական ենթատեքստ ունի։

Դեռևս օրենքի ընդունումից առաջ և՛ «Մթիս Ամբեբին», և՛ «Ստուդիա Մոնիտորը» բազմիցս դարձել ենք իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալիքների և հարձակումների թիրախը։ Աշխատանքային գրասենյակների և խմբագիրների տների պատերին, «Ստուդիա Մոնիտորի» դեպքում նրա ղեկավարի մեքենայի վրա իշխանությունների կողմից արվել են վիրավորական, զրպարտչական, սպառնալից և բռնություն հրահրող գրություններ, ինչպիսիք են՝ գործակալ, անհայրենիք, դավաճան և այլն:

Դատավոր Մերաբ Տուրավան հետաքրքրվել է, թե ի՞նչ կապ ունեն այս մակագրությունները այս օրենքի հետ․ «Միգուցե այս օրենքը չընդունեին ու մակագրությունները, այնուամենայնիվ, անեին։

Այս օրենքն ուղղակիորեն առնչվում է այդ մակագրությունների հետ, որոնք արվել են հենց նրանց թշնամի, անհայրենիք, դավաճան անվանելու համար, որոնց պատասխանատվությունը ստանձնել է խորհրդարանական մեծամասնության անդամ, «Վրացական երազանքի» տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն։ Դեռ օրենքի ընդունումից առաջ նրա սև ցուցակում մեզ պիտակավորեցին որպես գործակալ։ «Հազար անգամ ավելի վատ, ցավոտ ու որակով հետ կվերադարձնենք։ Դուք չեք ուզենա հայտնվել ու մտնել ինչ որ տեղ, անգամ չեք ցանկանա տեսնել իրար, մենք ձեզ հետ այդպես կվարվենք։ Մենք հերթով գիտենք ձեր ինքնությունը, ձեր տերերը չեն կարող ձեզ փրկել»,- գրել է Սամխարաձեն։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը բազմիցս արտահայտել են այն փաստը, որ նման տերմինը վիրավորական և խարանիչ է։

 

Լրատվական կազմակերպությունները, «մոնիտորինգի մեխանիզմը» և դրա ռեպրեսիվ բնույթը

Մոնիտորինգի մեխանիզմը զգայուն է լրատվամիջոցների, հատկապես հետաքննական լրատվամիջոցների համար։

Հետաքննող լրագրությունը ամենադժվար ուղղություններից է։ Աշխատանքի ընթացքում թղթակիցների թիմը ուսումնասիրում է մեծ քանակությամբ նյութեր, այդ թվում՝ հանրային փաստաթղթեր, տարբեր տեսակի արխիվներ, պաշտոնական նամակագրություն և այլն։ Հետաքննող լրագրությունը չի կարող գոյություն ունենալ առանց աղբյուրների հետ աշխատելու, իսկ աղբյուրը համագործակցում է լրատվամիջոցների հետ, շատ դեպքերում՝ անանունության և գաղտնիության երաշխիքով։

Լրագրողական մի շարք հետազոտությունների ընթացքում մենք հրավիրել ենք գիտնականների, փորձագետների, օրինակ՝ երկրաբան, սառցադաշտաբան, ջրաբան, հանրային առողջապահության մասնագետ և այլն։ Մեր վճարած միջոցներով գնացել ենք հետազոտական ​​տարածք, կատարել համապատասխան աշխատանքներ, հետազոտական ​​նյութից նմուշներ վերցրել, ներկայացրին լաբորատորիա, պատրաստել եզրակացություններ, գիտական ​​գնահատականներ և գաղտնիության պայմանով հանձնել մեզ, ինչը մենք ի սկզբանե պայմանավորվել ենք։

Ինչո՞ւ պետք է իշխանությունները հետաքրքրվեն, օրինակ, Շովիի ողբերգության լրագրողական հետաքննության ընթացքում, թե որ լեռնագնացին կամ սառցադաշտաբանին եմ վարձել աղետի պատճառները տեղում փաստագրելու համար: Ինչո՞ւ պետք է իշխանություններին փաստաթղթեր տրամադրեմ, որտեղից նրանք կիմանան, թե ինչ հարցերով եմ գրել այս մարդկանց։

Համաձայն վիճարկվող օրենքի՝ «օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությանը հայտնաբերելու կամ սույն օրենքի պահանջներից որևէ մեկի կատարումը ստուգելու համար, Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձը կարող է ցանկացած պահի իրականացնել մոնիտորինգ՝ խնդրի պատշաճ ուսումնասիրություն և հետազոտություն»։

Բացի այդ, մոնիտորինգ սկսելու համար հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն արդարադատության նախարարության որոշումը, այլև անանուն անձի դիմումը «պատշաճ տեղեկանքի» տեսքով (գրավոր հայտարարություն, որը ներկայացված է Վրաստանի արդարադատության նախարարություն, որը պարունակում է համապատասխան տեղեկատվություն՝ կապված օտարերկրյա տերության շահերն իրականացնող կոնկրետ կազմակերպության հետ։ 8-րդ հոդված, 2-րդ կետի «բ» ենթակետ):

Ռուսական օրենքի համաձայն՝ բոլոր այն անձինք, մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները, որոնց Վրաստանի արդարադատության նախարարության կողմից այդ տեղեկատվությունը ներկայացնելու լիազորված անձը կհանձնարարի տեղեկություն տրամադրել, պարտավոր են անհապաղ նրան ներկայացնել իրենց մոտ եղած նշված տեղեկությունները»:

Պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններից բացի, վիճարկվող նորմերը թույլատրելի տեղեկատվության առումով բովանդակային սահմանափակումներ չեն սահմանում։ Ըստ այդմ՝ նախարարության լիազորված անձը կարող է պահանջել և ստանալ ինչպես մասնագիտական ​​գաղտնիության, այնպես էլ հատուկ կատեգորիայի տվյալներ։

Բացահայտողները հատուկ դեր ունեն հետաքննական լրատվամիջոցներին կարևոր տեղեկատվություն տրամադրելու գործում։ Ավելին, վերջին 2-3 տարում տագնապալիորեն կրճատվել է հանրային տեղեկատվության հասանելիությունը քննադատական և հետաքննող լրագրողների համար։

Սահմանադրական դատարանում կարգավորող նիստում էլ ավելի պարզ դարձավ, որ

Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը լրատվամիջոցներից մասնագիտական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելու սահմանափակում չունի։

«Հրապարակային չեն լինի»,- բանավոր ասաց Հանրային ռեգիստրի գործակալության նախագահը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանման համաձայն՝ լրագրողի աղբյուրի գաղտնիության պաշտպանությունը մամուլի ազատության ապահովման հիմնական նախապայմաններից է։ Առանց նման պաշտպանության աղբյուրը կարող է ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին օգնելուց հանրությանը տրամադրելու կարևոր տեղեկատվություն, որով հանրությունը հետաքրքրված է: Սա կարող է խաթարել մամուլի՝ որպես «հասարակական հսկիչի» կենսական դերը և սահմանափակել հանրությանը ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն տրամադրելու նրա հնարավորությունը:

Վրաստանի «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքը նախատեսում է մասնագիտական ​​գաղտնիքների և դրանց աղբյուրի բացարձակ պաշտպանություն. «Մասնագիտական ​​գաղտնիքի աղբյուրը պաշտպանված է բացարձակ արտոնությամբ, և ոչ ոք իրավունք չունի պահանջելու այդ աղբյուրի բացահայտումը»։

Ռուսական օրենքի համաձայն՝ հայցվորները զգալիորեն կսահմանափակվեն հետաքննական նյութեր պատրաստելու իրենց կարողությամբ և հաճախ ընդհանրապես չեն կարողանա դա անել, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականապես զգայուն թեմաներին:

 

Տուգանքները և հայցվորների փաստացի լուծարումը

Ռուսական օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունները պատիվն ու գործարար համբավը ոտնահարող ռեգիստրում կամավոր կերպով կարող են գրանցման մինչև սեպտեմբերի 2-ը։

Արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 3-ից կազմակերպություններին ստիպողաբար կգրանցի որպես «օտարերկրյա ուժի շահեր կրող» և կտուգանի 25 հազար լարիով։

Կազմակերպությունը մոտ մեկ ամիս ժամանակ ունի տուգանքը վճարելու համար մինչև հաշիվների և գույքի արգելանքը։ Եթե ​​կազմակերպությունը առաջին տուգանք նշանակելուց հետո 10 օրվա ընթացքում ֆինանսական հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանվում է լրացուցիչ 10 000 լարիով։ Հաջորդ ամսվա ընթացքում նույն փաստաթղթերը չներկայացնելու համար կազմակերպությունը կտուգանվի ևս 20 000 լարիով։

Մենք՝ հայցվորներս ֆինանսավորում ենք ստանում միջազգային և տեղական դոնոր կազմակերպություններից՝ նախագծերի տեսքով: Քանի որ մենք զբաղվում ենք հետաքննական լրագրությամբ և հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կամ այլ պաշտոնյաների բացահայտում ենք հնարավոր հանցավոր գործունեության մեջ, մենք չունենք կոմերցիոն, գովազդային եկամուտներ։ Պոտենցիալ հաճախորդները, վախենալով կառավարության կողմից սպասվող ճնշումից, խուսափում են նման լրատվամիջոցների հետ համագործակցությունից։

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ կապված դոնոր կազմակերպության և ֆինանսավորում ստացողի միջև կնքված պայմանագրում մանրամասն և խստորեն նշվում է, թե ըստ ամիսների ինչի վրա պետք է ծախսվի դրամաշնորհի գումարը։ Դրամաշնորհային ծրագրերից ոչ մեկը չի նախատեսում ծախսեր, որոնք կարող են օգտագործվել առանձնապես մեծ տուգանքներ վճարելու համար:

Հետևաբար, անհամաչափ մեծ տուգանքները, որոնք կիրառվում են հայցվորներին պարտադրելու համար՝ կատարել սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները խախտող պարտավորությունները, շատ արագ կհանգեցնեն հայցվորների գործունեության դադարեցմանը:

Ռուսական օրենքը կիրարկում է ենթադրում նույնիսկ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը իրականացված գործունեության առնչությամբ, ինչը մեզ ընտրության հնարավորություն չի տալիս և ինքնաբերաբար տալիս է «օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպության» խարանող/վարկաբեկող կարգավիճակը։

Վիճահարույց օրենքը պահանջում է մեզանից խախտել Վրաստանի քաղաքացի հանգանակողներին տրված խոստումը, կայքում հրապարակված կանոնները և նրանց անձնական տվյալները, ներառյալ բանկային հաշվի համարները, տրամադրել Արդարադատության նախարարությանը, ինչը նախորդ տարի կամ հիմա հարկային օրենսդրությամբ չի պահանջվում:

Խարանող կարգավիճակի շնորհումը զգալիորեն կնվազեցնի հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ, կտրուկ բացասական ազդեցություն կունենա դոնորների (նվիրատվությունների) վրա, ինչը կհանգեցնի նաև առկա, սակավ ոչ առևտրային եկամուտների կորստի:

 

Սահմանադրության 22-րդ հոդված

Ռուսական օրենքը էապես հակասում է Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված և Եվրամիությունում ճանաչված միավորումների ազատության պաշտպանության չափանիշներին։

Միավորումների ազատության սահուն և արդյունավետ գործունեության նախապայմանը հանրային վստահության ձեռքբերումն է։ Մենք՝ հայցվորներս, տարիների ընթացքում կառուցել ենք մեր գործարար համբավը։ Մեր կազմակերպություններում մարդիկ հիմնականում համախմբվում են այս գաղափարների և արժեքների շուրջ և սկսում են աշխատել։ Մի կողմից զրպարտիչ և խարանող կարգավիճակը, մյուս կողմից՝ արժանապատվությունն ու գործարար համբավը վնասող գործողությունների իրականացումը առանձին և ամբողջությամբ կհանգեցնի հայցվորների խարանմանը, սոցիալական իմիջի ոչնչացմանը և կնպաստի մեր նկատմամբ թշնամական միջավայրի ձևավորմանը։

Վիրավորական և հեղինակազրկված կարգավիճակը մեծապես կխանգարի և հաճախ ամբողջությամբ կբացառի մարդկանց ցանկությունը՝ անդամակցելու կամ աշխատանքի ընդունվելու նման կազմակերպություններում, քանի որ «գործակալ» պիտակը ազդում է անձամբ նրանց վրա:

Գործակալների, հակապետական ​​գործունեության և հանցավոր խմբերի հայտնաբերումը Պետական ​​անվտանգության ծառայության և քննչական այլ մարմինների պարտականությունն է։ Այս ռեգիստրում գրանցվելը քրեական հետախուզության վտանգի տակ է դնում լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին։

Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որ վիճարկվող օրենքը կասեցվի՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը, ինչը հնարավորություն կտա խուսափել այն անուղղելի վնասից, որը կպատճառի ռուսական օրենքը։

2012 թվականին, երբ Ռուսաստանում ընդունվեց «գործակալների օրենքը», նույնիսկ այն մարդիկ, ովքեր անմիջապես զգացին այն վտանգը, թե ինչի կարող է դա հանգեցնել, լիովին չէին կարող կանխատեսել, թե ինչ սարսափներ է այն պատրաստում իրենց ու իրենց հայրենիքի համար։

Այս օրենքը, որը սկզբնական փուլում ավելի թեթև էր, քան Վրաստանի խորհրդարանի 84 պատգամավորների ընդունած օրենքը, ոչնչացրեց Ռուսաստանում ամեն ինչ՝ ազատ լրատվամիջոցներ, հասարակական սեկտոր, խոսքի ազատություն։

Վրացական քարոզչական մամուլն այստեղ, այժմ, մեր դեմ ճիշտ նույն բովանդակության արշավ է իրականացնում, ինչպես տարիներ շարունակ անում էին ռուս քարոզիչները։

Վրացախոս քարոզիչները հույս ունեն մեզ ոչնչացնել ճիշտ այնպես, ինչպես կարողացան անել Ռուսաստանում։ Բայց չի ստացվի, եթե Սահմանադրական դատարանը կասեցնի այս օրենքը։

«Եթե չկանգնեցնեք, համոզված եմ, որ գիտեք, բայց միևնույն է, ուզում եմ ձեզ ասել, որ սկզբնական փուլում մենք՝ ազատ մասնագիտության տեր մարդիկ, կվերանանք, բայց ռուսական տիպի իշխանությունն այնպիսին է, որ անպայման և անընդհատ զոհերի կարիք ունի։ Հետևաբար, հաջորդ անգամ, երբ ժամանակը գա ու մենք այլևս մեր մասնագիտության մարդիկ չլինենք, դա կազդի բոլորի վրա։ Այդ թվում կարող են հասնել մինչև ձեզ»,- Սահմանադրական դատարանի դատավորներին դիմել է «Վրաստանի լուրերի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլին։

 

Մինչ օրս Սահմանադրական դատարանում գրանցվել է ընդհանուր առմամբ չորս հայց ընդդեմ ռուսական օրենքի։ Վրաստանի նախագահը, խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներ և 122 ոչ կառավարական ու լրատվական կազմակերպություններ պահանջում են դադարեցնել օրենքը, այնուհետև չեղարկել այն։ Նախագահը և քաղաքական գործիչները վիճարկում են նաև Սահմանադրության 78-րդ հոդվածի (եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրում) առնչությամբ։ Ինչպես հայտնի է, ռուսական օրենքի ընդունումից հետո Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցվել է։ Սահմանադրական դատարանի պլենումը մոտ օրերս պետք է որոշի՝ ընդունելու է հայցերն ըստ էության քննարկման համար, և մինչև գործի վերջնական որոշումը ո՞ր մասով է ժամանակավորապես դադարեցնելու ռուսական օրենքի կիրարկումը։

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):