Ուսման վարձը չվճարելու պատճառով կարգավիճակը դադարեցրած Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պարտքերը կզրոյացվեն։ Այս մասին սեպտեմբերի 15-ին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ շուրջ 30 հազար ուսանողի կարգավիճակ է այս պահին դադարեցված և ընդհանուր պարտքը կազմում է 40 միլիոն լարի։
«Կարգավիճակը դադարեցրած ուսանողների հարցով հետաքրքրվել եմ և կրթության նախարարից մանրամասն տեղեկություն եմ ստացել։ Մոտ 30 հազար ուսանողի կարգավիճակը դադարեցվել է ֆինանսական պարտքի պատճառով։
Իմ որոշմամբ կարգավիճակը դադարեցրած բոլոր այս ուսանողների պարտքը կզրոյացվի և նրանք կկարողանան վերականգնել իրենց կարգավիճակը և շարունակել ուսումը։
40 մլն լարի պարտքի մասին է խոսքը։ Ուզում եմ դիմել կրթության և ֆինանսների նախարարներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել և լուծել նշված հարցը։ Կարևոր է, որ ուսանողներին ուսումը շարունակելու հնարավորություն տրվի»,- ասել է վարչապետը։
ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ ուսանողի դադարեցված կարգավիճակը պահպանվում է այն դադարեցնելու պահից 5 տարվա ընթացքում։
