Մանկապարտեզներ բացելու պահանջով Տղիբուլիի, Ծալկայի և Ախալքալաքի սակրեբուլոներին պետիցիաներ են ներկայացվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի լեռնային և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում նախադպրոցական կրթության հասանելիության պահանջով «Մթիս Ամբեբի» առցանց հրատարակությունը համայնքային ակտիվիստների հետ միասին, Տղիբուլիի, Ծալկայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում պետիցիաներ է ներկայացրել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ «Մթիս Ամբեբին» ուսումնասիրել է նախադպրոցական կրթության հասանելիության հետ կապված խնդիրները Վրաստանի 32 մունիցիպալիտետներում՝ հիմնականում լեռնային և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր երեխայի համար պետք է հասանելի լինի նախադպրոցական կրթությունը։ Մանկապարտեզների բացումը, գործարկումը և երեխաներին անվճար սննդով ապահովելը մունիցիպալիտետների պարտականությունն է։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նախադպրոցական կրթության հասանելիության առումով իրավիճակը տագնապալի է Քվեմո Քարթլիում, հատկապես էթնիկ փոքրամասնություններով բնակեցված և բարձրլեռնային գյուղերում։ Տարածաշրջանում ավելի քան 5 հազար երեխա զրկված է մանկապարտեզից։

Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Բոլնիսիի շրջանում նույնպես, 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ, իսկ չորս գյուղերում գործում են այլընտրանքային նախադպրոցական կրթության ցերեկային կենտրոններ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Նրանցից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքանը՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է ադրբեջանցիներով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։

Կախեթիում, Սագարեջոյի մունիցիպալիտետում գործում է 29 մանկապարտեզ։ Գրեթե բոլոր վրացական գյուղերն ունի նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի: Իորմուղանլո համայնքում, որտեղ բնակվում է շրջանի բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ), գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ, որտեղ կարող է տեղավորվել 30 երեխա։

USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ «Մթիս Ամբեբին», համագործակցելով շրջաններում տեղացի քաղաքացիական ակտիվիստների հետ, արդեն պետիցիաներ է ներկայացրել Տղիբուլիի, Ծալկայի և Ախալքալաքի սակրեբուլոներին: Մանկապարտեզների բացում և գործունեության ապահովում է պահանջվում Մուխուրա, Ախալշենի և Խորենիա գյուղերում։

Մուխուրայից մոտակա մանկապարտեզը գտնվում է Տղիբուլի քաղաքում։ Գյուղի տարբեր հատվածներից մինչև Տղիբուլի 10-14 կիլոմետր է, երկու ճանապարհը՝ 20-28 կիլոմետր։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար շատ դժվար է ամեն օր անցնել այս ճանապարհը, նույնիսկ եթե մունիցիպալիտետը Մուխուրայում ապրող երեխաների՝ Տղիբուլիի մանկապարտեզ հաճախելու համար տրանսպորտ տրամադրի: Կլիմայական բարդ պայմանների՝ ձյան, մերկասառույցի, բքի, ցածր տեսանելիության պատճառով, Տղիբուլին Մուխուրային կապող ճանապարհը նոյեմբերից ապրիլ 4-5 ամիս խնդրահարույց է, և տեղաշարժը կապված է դժվարությունների հետ։ Ներկայումս Մուխուրայում ապրում է նախադպրոցական տարիքի մոտ 40 երեխա, և նրանք իրականում խտրականության են ենթարկվում՝ ելնելով իրենց բնակության վայրից և աշխարհագրական հասանելիությունից։

Ախալշենին Բեշթաշենի համայնքի գյուղերից է։ Մանկապարտեզ չկա նաև համայնքի մյուս՝ Բեշթաշենի և Սամադլո գյուղերում: Ախալշենից վերև գտնվող՝ Կաբուր, Խաչկով, Չիվթ-Կիլիսա, Թամալա-Խարաբա գյուղերում ապրող երեխաները նույնպես զրկված են նախադպրոցական կրթությունից։ Մոտակա մանկապարտեզը Ծալկա քաղաքում է։ Ախալշենից Ծալկա 14 կիլոմետր է։ Նոյեմբերից գրեթե մարտ ամիսը ներառյալ Ծալկայի գյուղերում կլիմայական բարդ պայմաններ են, իսկ 28 կիլոմետր քայլելը խնդրահարույց է անգամ մեծահասակների համար։ Ախալշենում և Բեշթաշենում նախադպրոցական տարիքի ավելի քան 60 երեխա կա։

Խորենիան Խոսպիոյի համայնքի գյուղերից է։ Համայնքի մյուս գյուղերում (Խոսպիո, Բավրա, Մարտունի) մանկապարտեզ չկա։ Համայնքում ապրում է 1969 մարդ, որից 504-ը Խորենիայում: Այս համայնքի գյուղերից, Խորենիան ամենահեռավոր (12 կմ) գյուղն է քաղաք Ախալքալաքից, որտեղ գործում է մոտակա մանկապարտեզը։ Խորենիայում ապրում է նախադպրոցական տարիքի ավելի քան 35 երեխա։

Մանկապարտեզների բացման և դրանց գործարկման վերաբերյալ պետիցիաներ են նախատեսվում պատրաստել Ծալկայի Խաչկով գյուղում, Դմանիսիի Իրգան Չայ գյուղում, Ախալքալաքի Աբուլ գյուղում, Սագարեջոյի Լամբալո գյուղում, Ճիաթուրայի Վաճևի գյուղում։ Բոլնիսիի մունիցիպալիտետի Դարբազի գյուղում արդեն ընթանում են պետիցիայի շուրջ աշխատանքները, և «Սալամ» համայնքային կազմակերպության հետ համատեղ ստորագրահավաք է իրականացվում։

Ախալքալաքի, Ծալկայի, Բոլնիսիի, Դմանիսիի, Ճիաթուրայի սակրեբուլոները վերջին 7 տարում, ինչ տեղական ինքնակառավարման օրենսգրքով պետիցիան սահմանվել է որպես ինքնակառավարման իրականացման մեջ քաղաքացիների մասնակցության ձև, ոչ մի պետիցիա չեն քննարկել։

Եթե ​​ձեր գյուղում մանկապարտեզ չկա, դուք իրավունք ունեք դիմել սակրեբուլոյին։

Մենք կօգնենք ձեզ, կամ կապվեք մեզ հետ խորհրդատվության համար - Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն

Հեռախոս՝ 599 337 336

Էլ. հասցե՝ Mtisambebi@gmail.com

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):