Մելիա, Չալաձե, Մումլաձե – «Ազգային շարժման» նախագահի թեկնածուները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Չալաձեն և կուսակցության հետ առնչվող «Շարժում հանուն Վրաստանի» կազմակերպության ակտիվիստ Գիորգի Մումլաձեն հայտարարում են, որ իրենց թեկնածությունն են ներկայացնելու «Ազգային շարժման» նախագահի ընտրություններում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նախագահ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի. Ժամանակը սպառվում է: Արդյունավետ գործողություն է պետք, արդյունքով՝ Միշայի ազատություն։ Փաստն այն է, որ մինչ այժմ դա հնարավոր չի եղել։ Կենսականորեն անհրաժեշտ է կարճ ժամանակում արդյունքի հասնել՝ երրորդ նախագահի ազատ արձակում։ Ես չեմ պատրաստվում ժամանակ վատնել անցյալի վրա, չեմ կարող փոխել այն, բայց մենք կարող ենք միասին ստեղծել ապագան: Դրա համար նվիրումի հետ մեկտեղ պահանջվում է քրտնաջան աշխատանք, մեծ պատասխանատվություն, հետևողական, կազմակերպված և համակարգված գործողություններ։ Կուսակցությունն այն գործիքն է, որն անփոխարինելի է այս պայքարում։ Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը և մեր հավատարիմ, մարտնչող, անդավաճան ընտրողների հետ միասին տանել պայքարը մինչև վերջ, որը կավարտվի Միշայի ազատ արձակմամբ։ Ուստի ես իմ թեկնածությունը կդնեմ ընտրություններում, որոնք տեղի կունենան մեր անկոտրում ընտրողների միջև՝ այստեղ և արտերկրում, այն կանոններով և պայմաններով, որոնք անվրեպ արտահայտում են ժողովրդի կամքը։ Ես հավատում եմ, որ դա կապահովի կուսակցության քաղխորհուրդը»,- գրել է Չալաձեն սոցցանցում։

«Որոշումն ընդունված է. Ես պատրաստվում եմ մասնակցել «Միացյալ ազգային շարժման» նախագահի ընտրություններին։ Իմ նպատակն է, որ ներկայիս ապաշնորհ նախագահ Նիկա Մելիան և կուսակցության անարդյունավետ կառավարումն ամբողջությամբ հեռացվեն կուսակցության ղեկավարությունից։ Փոփոխություններից հետո կուսակցության հսկայական մարդկային և նյութական ռեսուրսները պետք է ուղղվեն ռուս օլիգարխի պարտադրանքի արշավին, այդպիսով մենք կփրկենք Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքական գերությունից և կփրկենք Վրաստանի Եվրատլանտյան ապագան։

Պահանջում եմ իմ ներկայացուցիչներին ներգրավվել նախագահի ընտրության ձևաչափի մշակման գործում, որպեսզի գործընթացը լինի հուսալի, թափանցիկ և ապահովի արդար մրցակցություն։ Կուսակցությունում կկատարվեն հիմնարար և ոչ կոսմետիկ փոփոխություններ։ Կհաստատվի ներկուսակցական ժողովրդավարության բարձր մակարդակ։ Որոշումների կայացման գործընթացը լինելու է մասնակցային և ոչ կուլիսային։

Նիկա Մելիային հրավիրում եմ ցանկացած ձևաչափի հանրային բանավեճերի և պատրաստ եմ փաստարկներով բացատրել «Ազգային շարժման» համակիրներին, թե ինչու նա այլևս չպետք է լինի նախագահը և որքան մեծ հնարավորություններ են տալիս իրական փոփոխություններն այս կուսակցությանը։

Դիմում եմ «Միացյալ ազգային շարժմանը»՝ ժամանակին քաղխորհուրդ գումարելու և ընտրական հուսալի գործընթաց ապահովելու համար»,- գրում է Գիորգի Մումլաձեն։

«Ազգային շարժման» որոշ անդամներ պահանջում են կուսակցության նոր նախագահի ընտրություն։ Այս խնդրանքով Իրակլի Նադիրաձեն և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչները նոյեմբերի 9-ին ճեպազրույց են անցկացրել։ Նիկա Մելիան կուսակցության նախագահ է ընտրվել 2020 թվականին և պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է 2 տարի։ Նա ասաց, որ պատրաստ է մասնակցել ցանկացած տիպի ընտրության, հատկապես ներկուսակցական ընտրություններին, այն ժամանակ, երբ ասելիք շատ ունի։ Մինչ այդ՝ սեպտեմբերին, Մելիան «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում խոսել էր կուսակցությունում ոչ ֆորմալ կառավարման վտանգների մասին՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի կողմից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):