«Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորիում համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այն բանից հետո, երբ «Միացյալ ազգային շարժումը» կդատապարտվի 2008 թվականի Օգոստոսյան պատերազմը «հրահրելու» համար, «մենք անպայման ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրեք» այն բանի համար, որ այս կուսակցությունը 2008 թվականին «հրի ու բոցի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իվանիշվիլիի խոսքով՝ «սեփական սխալների» ճանաչումը կլինի վրացիների և օսերի դարավոր եղբայրության և բարեկամության հիշեցում։

«Այսօր մենք քաջ գիտակցում ենք, որ 2008 թվականի Օգոստոսյան պատերազմը ոչ վրացի, ոչ օս ժողովրդի ցանկությունը չէր։ Ուստի, երբ մենք կբացահայտենք եղբայրների միջև արյունալի հակամարտության պատվիրատուին, իսկ մեղավորներին պատասխանատվության կենթարկենք այս ծանր ոճրագործության համար, միանշանակ կլինի օրակարգում հարաբերությունների վերականգնման հարցը։ Խոստանում եմ ձեզ, որ շատ շուտով կանցկացվի վրացական Նյուրնբերգյան գործընթաց, որն անպայման նախապայման կդառնա մեր հաշտեցման համար։

Վրացիների արժանիքներից մեկը միշտ եղել է իրականությունը ճանաչելու կարողությունը, որքան էլ դա դառը լինի: Վրաստանում 12-ամյա շարունակական խաղաղության ֆոնին, ես էլ ավելի խորապես հավատում եմ, որ հենց սեփական սխալների ճանաչումը, վրացիների և օսերի դարավոր եղբայրությունն ու բարեկամությունը հիշելը կլինի այն ճանապարհի սկիզբը, որը բաժանարար գծի երկու կողմերում ապրող մարդկանց մոտ ցանկություն կառաջացնի վերականգնել վստահությունը։

Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատվեն պատերազմ հրահրողները, երբ անխտիր բոլոր հանցագործները ստանան ամենախիստ իրավական պատասխանը վրաց-օսական եղբայրության ու համակեցության ոչնչացման համար, մենք անպայման ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք այն բանի համար, որ պատվերին համապատասխան, դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին հրի ու բոցի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին։

Եվ քանի որ մեր՝ վրացիների և օսերի քրիստոնեական հավատքի ամենակարևոր հիմնաքարերից մեկը հենց ներողամտությունն է, վստահ եմ, որ եղբայրասպան առճակատումը, որ սանձազերծել են Վրաստանի թշնամիները մեր ժողովրդի համար, կավարտվի պատմական փոխադարձ ներողամտությամբ և անկեղծ հաշտեցմամբ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարի այս հայտարարությանը արձագանքել է Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը։ Նա սոցիալական ցանցերում կիսվել է Իվանիշվիլիի մեջբերումով և գրել. «Վրաստանն իրեն անհավանական ադեկվատ է պահում։ Կարծես նա դուրս է եկել երկարամյա հարբեցողությունից կամ փսիխոզից։ Մի խոսքով, ջերմորեն ողջունում ենք»:

Իշխանությունում գտնվելու 12-րդ տարում «Վրացական երազանքն» իր համակիրներին խոստանում է, որ ընտրություններից հետո Օգոստոսյան պատերազմի հետ կապված հրապարակային-իրավական գործընթաց է նախաձեռնելու, որտեղ հայցվորն ինքը կլինի, իսկ «Ազգային շարժումը» կոլեկտիվ պատասխանատվություն կկրի «դավաճանական հանցագործությունների համար»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։