Մոլդովայում հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ոչ մի թեկնածու չի ստացել ընտրողների ձայների 50%-ից ավելին։ Երկրորդ փուլ են անցնում գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն և նրա գլխավոր մրցակից, նախկին գլխավոր դատախազ՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Մինչ այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է ձայների 98,51 տոկոսը։ Մայա Սանդուն ստացել է ընտրողների 42,07%-ի (640 881 ընտրող) աջակցությունը, իսկ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է 26,27%-ը (400 208 ընտրող): Ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 11 թեկնածու։
Նախագահական ընտրությունների օրը անցկացվել է նաև Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հանրաքվե։ Նախնական տվյալներով՝ եվրաինտեգրման օգտին քվեարկել է ընտրողների 50,16%-ը (735 834 ընտրող), իսկ 49 84%-ը (731,123 ընտրող) «ոչ» է պատասխանել հարցին՝ «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը Մոլդովայի Հանրապետության Եվրամիությանը միանալու նպատակով»:
«Մոլդովան կանգնած է մեր երկրի ազատության ու ժողովրդավարության դեմ աննախադեպ հարձակման առջև»,- ասել է Մայա Սանդուն Քիշնևում՝ մեկնաբանելով հանրաքվեի նախնական արդյունքները։ Նա միջամտության մեջ մեղադրել է «հանցավոր խմբերին, որոնք աշխատում են ազգային շահերի դեմ թշնամական օտար ուժերի հետ»։
«Մենք ունենք հստակ ապացույցներ, որ այդ հանցավոր խմբերը նպատակ են ունեցել կաշառել 300 հազար մարդու, որն աննախադեպ մասշտաբի կեղծիք է։ Նրանց խնդիրն էր խարխլել ժողովրդավարական գործընթացը։ Նրանք մտադիր են վախ ու խուճապ տարածել հասարակության մեջ։ Մենք չենք նահանջելու ի պաշտպանություն ժողովրդավարության և ազատության։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և կպատասխանենք հաստատակամ որոշմամբ»,- ասել է Սանդուն։
Ընտրություններին և հանրաքվեին մասնակցությունն ընդհանուր առմամբ գերազանցել է 51%-ը, ինչը նշանակում է, որ մասնակցել է հանրապետության մեկուկես միլիոնից ավելի քաղաքացի։ Ընտրողները քվեարկել են 2219 ընտրատեղամասերում։ Դրանցից 1988-ը բացվել է Մոլդովայի Հանրապետության տարածքում, իսկ 231-ը՝ երկրից դուրս՝ 37 երկրներում։
