ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամփոփել է օկուպացված Աբխազիայում անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները և հայտարարել, որ Մոսկվան կշարունակի բազմակողմ օգնություն ցուցաբերել Սոխումիին։
«Աբխազիայի նոր ղեկավարության առջև լայնածավալ խնդիրներ են դրված՝ արդյունավետորեն ապահովելու հանրապետության համակողմանի զարգացումը։ Այս գործընթացում կարևոր դեր պետք է ունենա ռուս-աբխազական մի շարք համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը։
Մոսկվան կշարունակի Սոխումիին բազմակողմ օգնություն տրամադրել ազգային անվտանգության, սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, միջազգային կապերի ընդլայնման ոլորտում», - ասել է Զախարովան։
Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում, այսպես կոչված, արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է մարտի 1-ին, և հաղթող է ճանաչվել Կրեմլի կողմից աջակցվող թեկնածու Բադրա Գյունբան։
Դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Գյունբան, ով եղել է, այսպես կոչված, նախագահի պաշտոնակատարը, ստացել է ձայների 54,73%-ը, իսկ նրա մրցակիցը, այսպես կոչված ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան՝ 41,54%-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Բադրա Գյունբային՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցային և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն։
Աբխազիայում վաղաժամկետ նախագահական «ընտրություններ» նշանակվեցին այն բանից հետո, երբ դե ֆակտո հանրապետության նախկին առաջնորդ Ասլան Բժանիան բողոքի ակցիաների պատճառով հրաժարական տվեց անցյալ տարվա նոյեմբերին: Փետրվարի 15-ին կայացել է «ընտրությունների» առաջին փուլը, որին Գյունբայից ու Արձինբայից բացի մասնակցել են ևս երեք «թեկնածուներ»։
																
                  