Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո ասել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար, ինչպես նաև վճռորոշ պահ ԵՄ-Վրաստան հարաբերությունների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Հարգելի նախագահ, ես մեծապես հարգում եմ ձեր նվիրվածությունը Վրաստանի եվրոպական ճանապարհին: Մենք գտնվում ենք կարևոր պահում՝ գալիք ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար և վճռական պահ ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար»,- գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։
Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես գրել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպման մասին: Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցի ընթացքում նա ևս մեկ անգամ հաստատել է վրաց ժողովրդի հավատարմությունը եվրոպական ճանապարհի արագացմանը։
«Ես ընդգծել եմ եվրոպական բարոյական աջակցության կարևորությունը, որպեսզի վրաց ժողովուրդը իրեն մեկուսացված չզգա, երբ հոկտեմբերի 26-ին կատարի իր եվրոպական ընտրությունը»,- գրել է նախագահը։
Բրյուսելում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով X-ում գրել է, որ Վրաստանի ապագան կարող է որոշվել միայն Վրաստանում՝ վրաց ժողովուրդի կողմից։ Նրա խոսքով՝ բարեփոխումները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական սկզբունքները եվրոպական ուղու հիմքն են։
Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Վարշավայի անվտանգության ֆորումին»։ Վարշավայում նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, իսկ Բեռլինում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ նախագահը գտնվում է արտերկրում առանց կառավարության համաձայնության և դրանով հերթական անգամ խախտում է երկրի սահմանադրությունը։ Ավելին, ըստ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, քաղաքական առաջնորդները, ովքեր Եվրոպայում հանդիպում են Զուրաբիշվիլիին, «կոպիտ անհարգալից վերաբերմունք» են ցուցաբերում Վրաստանի սահմանադրական կարգի նկատմամբ։
