Ուկրաինան արագացված կարգով անդամակցության համար դիմել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը [ՆԱՏՕ]։ Այս մասին այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան արդեն ապացուցել է իր համատեղելիությունը դաշինքի չափանիշներին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ փոխադարձ համագործակցության բոլոր ասպեկտներում։
«Մենք դե ֆակտո դաշնակիցներ ենք։ Այսօր Ուկրաինան դե յուրե, արագացված կարգով հայտ կներկայացնի։ Մենք գիտենք, որ դա հնարավոր է: Մենք տեսանք, թե ինչպես Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին միանալ դաշինքին՝ առանց անդամակցության գործողությունների ծրագրի։ Դա արդարացի է: Դա արդարացի է նաև Ուկրաինայի համար»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը դիմումը ստորագրել է վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների՝ բոլոր երեսուն պետությունների կոնսենսուսը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան հասկանում է, որ նման կոնսենսուսի հասնելն անհրաժեշտ է, և այն ձեռք կբերվի։ Ուկրաինայի առաջարկն է՝ կյանքի կոչել անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունը, որը մշակել է արևմտյան գործընկերների հետ։
«Միայն մեր տարածքից օկուպանտների վտարումը կվերականգնի խաղաղությունը։ Մենք կգնանք այս ճանապարհով», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց «արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ, պարզ է, որ այդ [բանակցությունը] անհնար է Ռուսաստանի այս նախագահի հետ։ Նա չգիտի, թե ինչ է պատիվն ու ազնվությունը»։
2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում որոշվեց, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, սակայն երկրները չստացան անդամակցության գործողությունների ծրագիրը։
2010 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինան այլևս չխնդրեց անդամակցել ՆԱՏՕ-ին։
2014 թվականին, երբ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և գրավեց Ղրիմի թերակղզին և Սևաստոպոլ քաղաքը, իսկ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն անջատվեցին Ուկրաինայից և հայտարարեցին այսպես կոչված ժողովրդական հանրապետությունների ստեղծման մասին: Ուկրաինայի նոր կառավարությունը առաջնահերթություն դարձրեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը։
2019 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը սահմանվեց որպես Ուկրաինայի ռազմավարական ուղղություն։
2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը կրկին ներխուժեց Ուկրաինա և գրավեց Խերսոնի և մասամբ Զապորոժիեի շրջանները։ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկը նշեց ՆԱՏՕ-ին անդամակցելու վերջինիս ցանկությունը։ Օգոստոսի վերջին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելն այլևս բավարար պայման չէ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
