Ավելի քան 300 լրագրողներ, խմբագիրներ և լրատվամիջոցների ղեկավարներ համատեղ հայտարարություն են տարածում Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության և Վրաստանում տիրող վտանգավոր մեդիա միջավայրի վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«Batumelebi և Netgazeti առցանց հրատարակությունների հիմնադիր և մենեջեր Մզիա Ամաղլոբելին Վրաստանում խղճի բանտարկյալ առաջին կին լրագրողն է։
Մզիա Ամաղլոբելին պատժվում է իր անաչառ լրագրողական աշխատանքի և օրինակելի քաղաքացիական ակտիվության համար, որոնք անընդունելի են Ռուսաստանում հարստացած օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի համար։
Նա չի կատարել Իվանիշվիլիի ռեժիմի կողմից իր դեմ առաջադրված քրեական հանցագործությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ստորագրողները նշում են, որ հունվարի 12-ից, երբ օլիգարխը գերի վերցրեց Մզիա Ամաղլոբելիին, յուրաքանչյուր լրագրող կանգնած է իր մասնագիտական գործունեության համար ձերբակալության սպառնալիքի առաջ։
Հայտարարության մեջ խոսվում է նաև երկրում «Վրացական երազանքի» կառավարման վերջին տարիներին կտրուկ վատթարացած մեդիա միջավայրի մասին։
«Բացի այն, որ 2024 թվականի ամռանը ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին ռուսական օրենքը» փակման վտանգի տակ է դնում Վրաստանում գործող անկախ լրատվամիջոցները, կառավարության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ բանավոր բռնության և ֆիզիկական բռնության դեպքերը դարձել են չափազանց հաճախակի:
Բացի այդ, սկսվեցին ռուսական ոճի ռեպրեսիաները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եվրոպամետ հանրահավաքների լուսաբանման ընթացքում Իվանիշվիլիի ռեժիմի հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ բռնության ավելի քան 90 դեպք է գրանցվել։ «Վրացական երազանքի» քննչական մարմինները չեն հետաքննել այս դեպքերից և ոչ մեկը և չեն պատժել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողներին։
2024-25 թվականներին օլիգարխի ռեժիմը «վարչական իրավախախտման մեղադրանքով» ձերբակալել է մի շարք լրագրողների և ազատ արձակել տուգանքներից կամ մի քանի օր վարչական կալանքից հետո։
Այն փաստը, որ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է քրեական «մեղադրանքով», ցույց է տալիս, որ օլիգարխի ռեժիմը թևակոխել է իրեն քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդման նոր փուլ, որը ներառում է լրագրողներին շինծու մեղադրանքներով բանտարկելը, ինչպես դա տեղի է ունեցել վերջին տարիներին Ռուսաստանում, Բելառուսում և հարևան Ադրբեջանում։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել խղճի բանտարկյալ Մզիա Ամաղլոբելիին։
Լրագրողների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին կոչ ենք անում իրենց ձայնը բարձրացնել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի կողմից Վրաստանում լրագրողների զանգվածային հալածանքների դեմ և պաշտպանել Վրաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ասված է հայտարարության մեջ։
Մզիա Ամաղլոբելին 16-րդ օրն է՝ ի նշան բողոքի հացադուլ է անում։ «Եթե դադարեցնեմ հացադուլս, ինձ մեղսակից կհամարեմ այս անարդարությանը»,- գրել է նա չորս օր առաջ բանտից ուղարկված նամակում։ Գործընկերների ու իրավապաշտպանների խոսքերով՝ Ամաղլոբելին խրոնիկական հիվանդություններ ունի, և նրա կյանքին վտանգ է սպառնում։